Ուսուցիչների հերթական վերապատրաստման եւ ատեստավորման գործընթացն այս տարի որոշակի փոփոխություններ է կրել եւ իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Այս տարի վերապատրաստման եւ ատեստավորման ենթակա են 5 տարվա շրջափուլով հերթական ատեստավորման ենթակա, մինչեւ 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող, առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող ուսուցիչները:
Եթե նախկինում ուսուցիչները մասնակցում էին վերապատրաստման նույն դասընթացներին՝ հավաքելով սահմանված չափով կրեդիտներ, որի արդյունքում համարվում էին ատեստավորված, եւ կրեդիտների համապատասխանությունը սահմանված վերջնարդյունքներին ստուգվում էր վերապատրաստող կազմակերպության կողմից, ներկայում սահմանվել են վերապատրաստման յուրաքանչյուր բաղադրիչի բարդության 4 մակարդակ եւ արտաքին գնահատում։
Մասնագիտական կարիքի գնահատումն իրականացվում է ուսուցչի եւ տնօրենի կողմից Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (ԴԿՏՀ)՝ հարցաթերթիկի լրացման միջոցով: Տնօրենի եւ ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի կարիքի գնահատումը: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը ձեւավորվում է ըստ մոդուլների՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը:
Զուգահեռներ անցկացնելով կամավոր եւ հերթական՝ պարտադիր ատեստավորումների միջեւ, պետք է նշել, որ դրանք սկզբունքորեն տարբերվում են իրարից։ Հերթական կամ պարտադիր ատեստավորումն իրականացվում է որոշակի փաստաթղթեր ներկայացնելու միջոցով` ավտոմատ կերպով. հերթական ատեստավորման համար ուսուցիչը ներկայացնում է փաստաթղթեր, որ անցել է վերապատրաստում, հանդիսանում է որեւէ դպրոցում աշխատող ուսուցիչ, ունի համապատասխան մասնագիտական որակավորում եւ այլն: Այսինքն` հերթական պարտադիր ատեստավորումը մասնագիտական գիտելիքների ստուգման որեւէ ձեւաչափ չի ենթադրում: Պարտադիր ատեստավորման արդյունքում որոշվում է ուսուցչի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին, իսկ աշխատավարձի բարձրացում, հավելավճարների տրամադրում չեն նախատեսվում:
Հերթական ատեստավորումը, ի տարբերություն կամավորի, պարտադիր է հանրակրթական դպրոցներում աշխատող բոլոր ուսուցիչների համար: Կամավոր ատեստավորման ժամանակ ուսուցիչները սեփական նախաձեռնությամբ անցնում են թեստավորում` մասնագիտական առարկայական գիտելիքներ ստուգելու նպատակով, եւ ըստ իրենց գրանցած արդյունքի` ստանում 30-50 տոկոս հավելավճար:
Քանի որ պարտադիր ատեստավորման ձեւաչափը փոխվել է, դա նշանակում է, որ նույնիսկ նրանք, ովքեր անցած տարի են վերապատրաստումն անցել, որը նախկինում իրավունք էր տալիս 5 տարի աշխատել, մինչեւ հաջորդ վերապատրաստումը, այս տարվանից այլեւս ուսուցիչները պետք է ամեն տարի վերապատրաստվեն շատ երկար ժամաքանակով։ Ինչպես տեղեկանում ենք ԿԶՆԱԿ-ի էջից՝ վերապատրաստումը տարրական եւ ձեռնահասության մակարդակներում կազմում է 138 ժամ, տիրապետման մակարդակում՝ 72, փորձագետի մակարդակում՝ 36 ժամ։
Պարզվում է՝ պարտադիր ատեստավորման նորամուծությունները սարսափի մեջ են գցել անգամ կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչներից շատերին։ Մեզ հետ զրույցում մանկավարժներից մեկը, ով խնդրեց գաղտնի պահել անունն ու դպրոցը, անդրադառնալով պարտադիր ատեստավորման վերջին փոփոխություններին, մատնանշեց այն բոլոր խնդիրները, որոնց այս պահին բախվում են թե՛ դպրոցի տնօրենները, թե՛ իրենք՝ մանկավարժները։
«Պարզաբանումները նորմալ տրված չեն, հարցաշարեր են ուղարկել դպրոցներ՝ այս տարվա վերապատրաստվողների համար, որոնք մի հատ ուսուցիչն է իր էջից լրացնում ու այդ հարցերին պատասխանում, հետո այդ նույն հարցերին տնօրենն է պատասխանում։ Կոչվում է ուսուցչի կարիքի գնահատում, բայց այնպիսի լղոզված հարցեր են, որոնք ընդհանրապես ցույց չեն տալիս, թե այդ ուսուցիչն իրականում ինչի կարիք ունի։
Նաեւ ԿԶՆԱԿ-ը տեսանյութեր է տեղադրել իր էջում, թե որ հարցի տակ ինչ նկատի ունեն, բայց գուշակ էլ լինես՝ դժվար կռահես։ Օրինակ, հարցերից մեկին, թե երեխաների մեջ զարգացնո՞ւմ եք ժողովրդավարություն, ուսուցիչը, բնականաբար, գրում է՝ այո, բայց երբ լսում ես իրենց պատրաստած տեսաձայնագրությունը, պարզվում է, որ ժողովրդավարություն զարգացնելը մի հատ երկա՜ր պատմություն է, որը լսելով՝ ի վերջո չես կարողանում հասկանալ՝ դու զարգացնո՞ւմ ես, թե՞ ոչ, ու այդպես՝ բոլոր հարցերը։ Այդ տեսանյութերը իբրեւ թե կոչված են օգնելու, բայց իրականում հակառակ էֆեկտն են ունենում, ավելի ապակողմնորոշում, շփոթեցնում են։ Ուսուցիչները հաճախ հարցերը նույնիսկ չեն հասկանում, ուր մնաց թե պատասխանների հարցում կողմնորոշվեն։ Կարիքի գնահատման հարցերը ոչ միայն նորմալ հարցեր չեն, այլեւ կարծես վատ թարգմանություն հիշեցնեն։
Հետո, կախված քո հարցի պատասխանից՝ դու հայտնվելու ես 4 խմբերից մեկում, քանի որ վերապատրաստման 4 մակարդակ կա, ի տարբերություն 1-2-րդի, 3-4-րդ մակարդակներն ավելի բարդ են։ Ու եթե քո պատասխանների արդյունքում ընկար 3-4-րդ մակարդակ, դու հայտորոշիչ թեստ պիտի գրես, որը եթե չանցար, դպրոցից նամակ է գնում, որ քո ուսուցիչը սխալ է գնահատել իր կարիքները, եւ այդ ուսուցիչը հաջորդ տարի իր միջոցներով պետք է գնա վերապատրաստվի։ Նաեւ այն ուսուցիչներն իրենց միջոցներով պետք է վերապատրաստվեն, ովքեր այս տարի կանցնեն, բայց չեն կարողանա թեստ հանձնել վերջում։ 1-2-րդ մակարդակներում թեստ չի հանձնվելու, ավելին՝ այս մակարդակի թեստի հարցերը պարզագույն բաներ են, բայց ուսուցիչներն այնքան են վախենում 3-4-րդ մակարդակից, որ ստիպված նշում են 1-2-րդ մակարդակի հարցերը։ Շատ է նաեւ վերապատրաստմանը հատկացված ժամաքանակը, ու եթե առաջ մեր արձակուրդի հաշվին գնում անցնում էինք, կամ մարդ կար՝ ընտրում էր դասերից հետո տարբերակը, հիմա չգիտես՝ այսքան ժամն ինչի՞ հաշվին են վերապատրաստվելու»,- եզրափակեց զրուցակիցս։