Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ցուցադրաբար ձերբակալեցին: Այդ օրը քաղաքապետարանի մոտ` իրենց քաղաքապետին պաշտպանելու եկած մարդկանց նկատմամբ էլ են վարույթներ հարուցել: Զրուցել ենք Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանի հետ:
«Քրեական վարույթ նախաձեռնվեց, որ իրականացվել է զանգվածային անկարգություն, արդարադատությանը միջամտություն` խոչընդոտել են քննչական գործողությունների կատարմանը: Այդ վարույթի մեջ կա ոստիկանի ցուցմունք, որն ասում է՝ ես այս մարդուն տեսա, ինքն ագրեսիվ էր, ոստիկանին հրում էր, գնացի` բերման ենթարկեցի, ձերբակալեցի: Այդ ոստիկանը ստորագրում է, ցուցմունք է տալիս, մենք վերցնում ենք լրատվամիջոցների տեսագրությունը` այդ մարդը բոլորովին այլ տեղ է կանգնած, մոտենում է ոստիկաններին՝ առանց որեւէ բան անելու, ոստիկաններն իներցիայով վերցնում են, դնում մեքենան, բայց տանողները ոչ թե ցուցմունք տվող ոստիկաններն են, այլ Երեւանից բերված կարմիր բերետավորները: Բայց Գյումրու ոստիկանը ցուցմունք տալով, ասում է՝ ես տեսա նրան ամբոխի մեջ, ագրեսիվ էր, բերման ենթարկեցի»,- ասաց փաստաբանը:
Այսինքն, տեսագրությամբ ֆիքսվում է, որ գյումրեցի ոստիկանն ակնհայտ սուտ է խոսում: Հայրապետյանը շեշտում է, որ տեղացի ոստիկանների կողմից ձերբակալված գյումրեցի գրեթե չկա: «Անձանց մեծ մասը բաժին է տարվել հատուկ նշանակության՝ կարմիր բերետավորների կողմից: Տեղական ոստիկաններին երեւի ասել են` արի ցուցմունք տուր, որ տպավորություն ստեղծվի, որ դու կարող էիր անձին ճանաչել: Եվ երկրորդ. մարդկանց տարել լցրել են կաբինետները, եւ որ ոստիկանի կաբինետում այդ մարդը նստած է եղել, այդ ոստիկանն էլ ձերբակալման արձանագրություն է գրել եւ ցուցմունք է տվել: Դա օրենքի խախտում է՝ ՀՀ քրեական դատավարության 109 հոդվածն ասում է․ ձերբակալում իրականացրած անձը կազմում է ձերբակալման արձանագրությունը, այսինքն՝ ձերբակալման արձանագրությունը պետք է կազմի այն անձը, որը ձերբակալել է, այս դեպքում՝ կարմիր բերետավորները: Այնինչ իրենք բերման են ենթարկել, իսկ արդեն մեկ այլ ոստիկան կազմել է արձանագրությունն ու ցուցմունք տվել»:
Տնային կալանք ու կալանք ստացած անձանց թիվը 45-ն է՝ ասում է փաստաբանը եւ շեշտում՝ այդքան ազատությունից զրկված մարդիկ կան: «Շատ մարդիկ այդտեղ պարզապես ներկա են գտնվել, մարդիկ կան, որ հետաքրքրությունից դրդված՝ եկել են տեսնելու, թե ինչ է կատարվում: Ի վերջո, տեսնում են, որ քաղաքապետարանի մոտ ինչ-որ աժիոտաժ կա, ի դեպ, աժիոտաժն էլ ապահովել է ոստիկանների այդքան մեծաքանակ լինելը: Ով եկել, դիմացները կանգնել է կամ ով փորձել է խնդրել, որ ընկերոջը բերման չենթարկեն, իներցիայի ուժով բոլորին տարել են եւ սկսել են ցուցմունքներ նկարել: Այստեղ ինչն է կարեւոր․ ասում են՝ արդարադատությանը միջամտել եք, որ իբրեւ Վարդան Ղուկասյանին չձերբակալենք, բայց պարոն Ղուկասյանն այդ ժամին գրեթե հասնում էր Երեւան, մարդիկ էլ այդ մասին գիտեին: Սրանով ուզում են հասկացնել, որ հանկարծ որեւէ մեկը չփորձի ինչ-որ բանից դժգոհել: Ուզում են ասել` չեղած բանից այսքան մարդու կալանավորեցինք, հանկարծ փորձեք շարունակել՝ կտեսնեք, թե ինչ կանենք ձեզ: Գյումրեցիների մեջ կա վիրավորվածություն, դժգոհություն, որն ինչ-որ ձեւով արտահայտվելու է, բայց ոչ հակաօրինական ձեւով, զուտ դիրքորոշման առումով` ընտրությունների ժամանակ եւ այլն: Ես կարծում եմ, որ չէր կարելի ամեն երեխայի բերման ենթարկել, նույնիսկ ծերունու՝ 70-ն անց, բերման են ենթարկել»,- ասում է փաստաբանը:
Անգամ դեպք է եղել, որ Սայաթ-Նովայի փողոցում ոստիկանները կանգնեցրել են, այնինչ այդ փողոցը քաղաքապետարանից բավականին հեռու է, ասել են՝ ոնց որ թե դու ցույցի ես գնում, ու տարել են կալանքի: «Դեմքից հասկացել են, որ երեւի թե անձը գնում է ցույցի, տանենք: Քանակ են դրել, ինչքան հնարավոր է՝ շատ: Գյումրեցիները մի քիչ հումորով են, ձերբակալման վայրերում տեղերը չէին հերիքում, տանում էին Արտաշատ, Ալավերդի, Վանաձոր, ծնողներն ասում էին՝ ծանոթ կա՞, մարդ մեջ գցենք, մեր երեխեքին հանկարծ Քարվաճառ չտանեն: Մի երկու հոգու էլ մոռացել էին ու թողել Արտաշատի ՁՊՎ-ում: Այնքան շատ են եղել, որ 6 հոգու մեղադրանք են առաջադրել, բայց ճանապարհին հաշվել են, նկատել են, որ մեկին մոռացել են ՁՊՎ-ում»,- շեշտեց Հայրապետյանը: Կալանքի ենթարկվածները հիմնականում ընտանիք պահող մարդիկ են, սակայն փաստաբանը նշում է` ցավոք, դա ոչ ոքի չի հուզում: