Հասարակություն

Դպրոցները կզրկվեն լրացուցիչ ֆինանսավորումից` ատեստավորված ուսուցիչ չունենալու պատճառով

Դպրոցները կզրկվեն  լրացուցիչ  ֆինանսավորումից` ատեստավորված ուսուցիչ չունենալու պատճառով

2026-ի հունվարից դպրոցները կստանան ֆինանսական աջակցություն՝ հիմնված կատարողականի արդյունքների վրա։ Բարձր արդյունք ունեցողների համար նախատեսված է խրախուսում, իսկ խնդիրներ ունեցող դպրոցներին կտրվի լրացուցիչ աջակցություն կառավարման, ուսուցիչների համալրման և կրթության որակի բարձրացման նպատակով։

Մասնակցության համար սահմանվել են նվազագույն չափանիշներ. մասնավորապես, դպրոցում առնվազն 50% ուսուցիչները պետք է ատեստավորված լինեն, ինչպես նաև դպրոցը պետք է մասնակցի օլիմպիադաների ու մրցույթների։ Նպատակը՝ խրախուսել հաջող դպրոցներին և աջակցել թույլերին, որպեսզի կրթական համակարգն ընդհանուր բարելավվի։

Նախարարության հսկողության բաղադրիչներից մեկն այն է, որ դպրոցի տնօրենը պարտադիր պետք է ներկայացնի զարգացման ծրագիր, և այն պետք է իրականացված լինի։ Սա դառնալու է գնահատման կարևոր չափանիշ։ Գումարը նախատեսված է բացառապես ուսումնական և զարգացման նպատակներով, այլ նպատակների համար չի օգտագործվելու։

«Հրապարակի»-ի հետ զրույցում  կրթության փորձագետ Վանո Կարապետյանը նշեց.

«Ես ընդհանուր առմամբ համամիտ եմ, որ դպրոցները բարձր մակարդակի վրա լինեն և մասնակցեն օլիմպիադաների, այլ մրցույթներին. դա ուսուցչի ու դպրոցի աշխատանքի գնահատման կարևոր մաս է։ Բայց այս չափորոշիչներով դպրոցներ  կամ շատ քիչ կլինեն, կամ ընդհանրապես չեն լինի։ Ուսուցիչների 50% համատարած ատեստավորումն ու տարակարգի ստացումը լուրջ խնդիրներ կարող է առաջ բերել դպրոցներում։

Սա ոչ միայն բարդ է կազմակերպչական առումով, այլև կարող է ստիպել տնօրեններին պահանջել ուսուցիչներից ատեստավորում անցնել։ Արտաքին գնահատման բաղադրիչներից է տնօրենների հնգամյա ծրագրի իրագործումը։ Արդյո՞ք կատարել են, թե՞ ոչ։ Կառավարությունը սա փաթեթավորված ներկայացնելու է մի շատ լավ  «հեղափոխական ծրագիր», բայց իրականում խնդրահարույց է։

Շատ փոքր դպրոցների վրա աջակցությունը չի տարածվի, քանի որ փակելու ծրագիր կա։ Արդյունքում կարող է վերջում տպավորություն ստեղծվի, որ դպրոցները լավ չեն աշխատել,  դրա համար էլ չեն արժանացել ֆինանսավորման, մինչդեռ իրականում խնդիրները համակարգային են և պայմանավորված ուսուցիչների քիչ թվով ու կազմակերպչական դժվարություններով։ Գումարը, իմ տեղեկություններով, մոտ 5-10 միլիոն դրամ է, և շենքային պայմանների բարելավման վրա չի ծախսվելու։ Դեռ հստակ չի ասվում՝ ինչի համար է օգտագործվելու, բայց հասկանալի է, որ միայն ուսումնական ծրագրերի և դպրոցի զարգացման նպատակներով է տրամադրվելու»,-ասաց փորձագետը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image