Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի ճանապարհները քանդված են՝ վերանորոգման ենթակա․ «Հրապարակի» հետ զրույցում ասաց բնակավայրի վարչական ղեկավար Վահան Զաքարյանը։ Սակայն բնակավայրից հեռացող չկա․ նույնիսկ այն բանից հետո, երբ ադրբեջանցիները Տեղ գյուղի մի հսկայական հատված օկուպացրել են, մարդիկ չեն հեռացել գյուղից։
«Ոչ մի ընտանիք չի տեղափոխվել, գյուղից ամենակարճ հեռավորությունը` ադրբեջանցի զինվորներից 400-500 մետր է»,-ասաց Խոզնավարի ղեկավարը։ Ձմռանը դժվար է լինելու` գյուղի 75 տներից միայն 11-12-ն է գազիֆիկացված, մյուսները չեն կարողանում գազիֆիկացնել տները, որովհետեւ հեռու են հիմնական գծից, ու հասարակ գյուղացիների վրա չափազանց թանկ է նստում գազ քաշելը։ Արդյունքում ձմռանը ոմանք ստիպված են աթարով տաքացնել տները, իսկ մյուսները՝ այգու ծառերը հատել։ «Այգուց ծառ-մառ են կտրել, բա ի՞նչ անեն, վառելիք չկա՝ ստիպված կտրում են։ Պատերազմից առաջ՝ հիմա արդեն օկուպացված մեր տարածքների անտառներից էին բերում, դե հիմա որ չկա, արդեն ուրիշ բան էլ չկա, որ տունը տաքացնեն»,- ասաց Զաքարյանը։
Անասունների թիվն էլ է խիստ պակասել՝ 40-50 տոկոսով կենդանիների թիվը կրճատվել է, բնականաբար՝ եկամուտն էլ։ «Գյուղացիք ապրում էին անասունով, հիմա որ չկա, արդեն դժվար է»,- շեշտում է զրուցակիցս։ Խոզնավարի դպրոցը նոր է կառուցվել, այդ հարցում խնդիր չունեն, բայց գյուղում մարդկանց կյանքը տանելի դարձնելու համար աշխատատեղեր է պետք ստեղծել։ «Աշխատատեղ որ բացվեր՝ գոնե մարդիկ աշխատեին, մի բանով զբաղվեին, անասնապահությունն էլ վախ է` սահմանը մոտիկ է։ Հիմնականում աշխատատեղ է պետք։ Հարցը ճանապարհների հարցն է, այն էլ, ոչինչ, սկսել են, արդեն ուզում են սարքել՝ երեւի 2025 թվականին կավարտեն։ Նոր են սկսել՝ Վերիշենից վերեւ սկսել են վերանորոգման աշխատանքները»,- ասաց Վահան Զաքարյանը։
Սյունիքի մարզի Վերիշենի վարչական ղեկավար Արտակ Զադայանն էլ ասաց, որ գյուղից վերեւ՝ դեպի Խոզնավար տանող ճանապարհի վերակառուցման աշխատանքներն են սկսվել։ «Գորիսից դեպի Խոզնավար 18.3 կմ-անոց ճանապարհն ամբողջությամբ վերանորոգվելու է` հողային աշխատանքներն են արդեն սկսվել»,- ասաց Զադայանը։
Բնակիչների հիմնական մասը զինվորականներ են, մյուս մասը գյուղատնտեսությամբ է զբաղվում, երրորդներն էլ Գորիսում են աշխատում։ «Արցախից տեղահանվածներ ունենք՝ 2020, 2023 թվականների։ Հիմա մի 34 ընտանիք կա, մի 6-7 ընտանիք էլ սերտիֆիկատով բնակարան է ձեռք բերել, ուզում ենք, որ ժողովուրդը մնա այստեղ, իրենք էլ են ձգտում մնալ։ Ընդհանուր հանրագումարը՝ 120 հոգի են։ Ճիշտն ասած, Առուշանյանն է շատ օգնել՝ քաղաքապետը, ե՛ւ օգնության, ե՛ւ մյուս բոլոր հարցերով։ Հիմա էլ Գորիսում Առուշանյանի նախաձեռնությամբ բազմաբնակարան շենք են կառուցում, որ արցախցիներին տրամադրեն։ Կարծեմ, այս քանի օրը պիտի ավարտեն շինարարությունն ու հանձնեն արցախցիներին»,- ասաց Վերիշենի վարչական ղեկավարը։ Նշեց, որ ներգյուղական ճանապարհների վրա հողային աշխատանքներ են կատարվում, ու երբ քաղաքապետարանին դիմում են, տեխնիկա է ուղարկում, փոսալցում են իրականացնում, սակայն Զադայանը կարեւորում է հենց 18.3 կմ-անոց կենտրոնական հատվածի վերանորոգումը։ «Դա ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է՝ մինչեւ Խոզնավար գնացող 18.3 կմ-անոց ճանապարհը»։ Վերիշենի վարչական ղեկավարը շեշտում է, որ մոտ 2 հազար 375 բնակիչ ունեն, 350 տեղանոց դպրոց, ուր ներկա դրությամբ հաճախում է 343 աշակերտ, մանկապարտեզ էլ 100 երեխա է հաճախում։ «Ամբուլատորիա ունենք, մանկապարտեզն էլ մի երեք տարի առաջ վերանորոգվել է, էլի Առուշանյանի շնորհիվ։ 2025 թվականին էլ՝ ձմռանը կամ գարնանը, նոր դպրոց են կառուցելու։ Վերիշենի դպրոցը՝ 12-ամյա ուսուցմամբ, ավարտող երեխաների 90 տոկոսը բարձրագույն է ընդունվում։ Գյուղը կոչվում է վարպետաց գյուղ»,-ասաց Վերիշենի ղեկավարը։ Արտակ Զադայանը հպարտանում է իր համագյուղացիներով, ասում է, որ իրենց գյուղի երիտասարդները տարբեր ոլորտներում դառնում են լավ մասնագետներ, դրա համար էլ Վերիշենն անվանում են վարպետաց գյուղ։ «Ցանկացած մասնագիտության տեր, մտավորական, ամեն բնագավառից հատուկ մարդիկ ունենք»,- ասաց Զադայանը։