Կրակոցներ միշտ էլ լսվում են. ճիշտն ասած, որ չեն էլ կրակում, արդեն սկսում ենք կասկածել, ասում ենք, կարո՞ղ է դրանց մի բան է եղել, որ չեն կրակում: «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թշնամու արդեն ամենօրյա դարձած գիշերային կրակոցներին, ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ վարչական շրջանի ղեկավար Սեյրան Միրզոյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ թշնամու՝ գյուղի ուղղությամբ կրակոցների հետևանքով հենց Միրզոյանի տունն էր վնասվել՝ վերջինիս տունը շատ մոտ է գտնվում ադրբեջանցիների դիրքին: Գնդակը խփել էր պատուհանին եւ դռանը:
«Եղել են կրակոցներ, լսվել է, հեռվից էր ձայնը գալիս: Իրենց նույն ժամերին են եղել կրակոցները, ինչպես միշտ: Տևել է մինչև գիշերվա 04.20-04.30 րոպեն»,-ասաց Միրզոյանը:
Ամենայն հավանականությամբ մեծ տրամաչափի զենքերից չեն կրակում, ասում է Խնածախի վարչական ղեկավարը՝ ավտոմատներ ու գնդացիր է:
Իսկ թե կրակելու նպատակը ո՞րն է, Միրզոյանը հակադարձում է՝ ենթադրություններ կան, սակայն իրական պատճառը եթե չգիտենք, իմաստ չունի դրա մասին խոսել: «Մարդկանց վիճակը նորմալ է, բոլորի մասին չեմ կարող ասել, բայց մտահոգություն կա, ժողովուրդս չի վախենում, բայց մտահոգություն կա: Օրերը երկարում են, հարցի լուծումը չի տրվում, սպասողական վիճակ է»,-ասաց Սեյրան Միրզոյանը:
Խոզնավար վարչական շրջանի բնակիչն էլ է հաստատում՝ գիշերը թշնամին նորից կրակել է, սակայն գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել:
«Նույն ձևի նորից կրակել են՝ իրենց ավանդական ժամին»,-ասաց Խոզնավարի բնակիչը:
Նա նշեց, որ միայն կրակոցների ձայնն են լսել, սակայն կարող է ասել, որ կրակել են ավտոմատից: Ինչ վերաբերում է մարդկանց տրամադրվածությանը, արդյոք մտածո՞ւմ են գյուղից հեռանալու մասին, ասաց. «Դե իրենց առօրյա գործերով են զբաղված, մարդիկ իրենց բնականոն հունով, իրենց գործերով են: Մարդիկ ամեն ինչի էլ սովորում են»:
Տեղ գյուղի բնակիչն էլ է հաստատում՝ կրակոցներ եղել են, սակայն մի քանի կրակոց է եղել ընդամենը. «Երևի օդ են կրակում, լուրջ բան չկա, որ ասենք: Գյուղի վրա չեն կրակել, հաստատ տղերքի վրա չեն կրակել այս գիշեր»:
Տեղի բնակիչը վստահեցնում է՝ կրակել են ավտոմատներից, գիշերային ժամերին: Կարող են մի քանի անգամ կրակել, դադար տալ ու հետո նորից մի քանի փամփուշտ դատարկել: «Երևի ուզում են մարդկանց անընդհատ լարվածության մեջ պահել, սակայն գյուղի բնակիչների տրամադրության վրա դա չի ազդել: Շատ լավ, բարձր տրամադրություն ունեն մարդիկ, արդեն իմունիտետ ենք ձեռք բերել՝ դրան էլ ենք հարմարվել, այդ խուճապին էլ ենք հարմարվել, վախենալու ոչինչ չկա»,-եզրափակեց Տեղի բնակիչը: