Քաղաքականություն

Ֆեյսբուքյան լայքից ծնված առաջարկ

Ֆեյսբուքյան լայքից ծնված առաջարկ

Այս հոդվածն այն հազվադեպ պատահող տարբերակն է, երբ սկզբում ծնվում է վերնագիրը, իսկ հետո դրան համապատասխան բովանդակությունը: Ֆեյսբուքայն օգտատեր «Gev Naivo»-ի (արցախցի իմ ֆեյսբուքյան բարեկամի) գրառման մեջ առկա էր վաղուց ԱՄՆ-ում բնակվող, 78-ամյա Արա Հարությունյանի հարցն ու պատասխանը: Արային ճանաչում եմ կրկին ֆեյսբուքյան գրառումներից, բարձր եմ գնահատում նրա թե՛ մտածողությունն ու իմացությունը և թե՛ նրա հայրենասիրական տեսակը: Հերթական գրառման մեջ` մեր իրականություն փոխելու նպատակով, նա առաջարկվում էր գիշերով, թաքուն, մի միլիցու մեքենայի անվադող ծակել։ Սկզբում լայք եմ դրել ու հետո սկսել եմ մտածել. այդպես էլ է, չէ՞, պատահում: Արան, որքան հիշում եմ, շատ վաղուց է բնակվում ԱՄՆ-ում: 

Գնացել է այն ժամանակ, երբ մեր մեջ, Փաշինյանի ասելով, դեռևս հզոր էր խորհրդային դաստիարակությունը: Որում, նրա «հեղինակավոր» կարծիքով, մեծ բաժին էր կազմում «Գլավլիտով» կամ ԿաԳեԲե-ով սերմանված հայրենասիրությունը: Ու հենց այդ հայրենասիրության շնորհիվ էլ Արցախից Երևան տեղափոխվեց Ղարաբաղյան շարժումը, որն էլ ավարտվեց Արցախյան հաղթական պատերազմով: Հայրենասիրության բարձր բաժինն էր նաև այն հիմքը, որով 2016-ի ապրիլյան մարտերն ավարտվեցին թշնամու նահանջով: Դրա հիման վրա էլ հուլիսին ծագեց ՊՊԾ-ի գնդի գրավումը «Սասնա ծռերի» զինված մարտիկների կողմից: Ասեմ, որ այն քիչ ընդդիմադիրներից էի, ով չողջունեց այդ գործողությունը: Ինչն ավարտվեց ոչ միայն անարդյունք, այլև ավելի ուշ բացահայտեց խմբի անդամների միջև եղած բացասական փոխհարաբերությունները: 

Ինչևէ, եթե շատ ավելի թույլ ղեկավար՝ ՀՀ երրորդ նախագահի դեպքում արդյունք չտվեց սպառազինությամբ լեցուն զորամասի գրավումը, ապա ի՞նչ կարող է տալ ոչ թե մեկ, այլ մի քանի տասնյակ անվադող ծակելը: Կարծում եմ՝ կրկին զրոյական արդյունք՝ հաշվի առնելով, որ մեր երկրի ղեկավարի պաշտոնին, Նաիրա Զոհրաբյանի ասելով, հանուն իշխանության մահապարտ անձնավորություն է: Ասվածին կարելի է ավելացնել «գերագույնի» հրամանատարությամբ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո ծագած երեք շարժումների անհաջողությունը: Ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է գտնել այն միակ տարբերակը, որի դեպքում չի կարող տեղի չունենալ իշխանափոխություն: Հաշվի առնելով «մեծարգո» վարչապետի արտաքին աջակցությունը, ինչպես նաև ցածր հեղինակությունը երկրի ներսում:  

Կարծում եմ, այդ միակ տարբերակը վարչապետի պաշտոնից կառչած անձին «ստիպելն» է, որպեսզի նա այլ ելք չունենա, քան ընտրակեղծարարությանը դիմելը: Ինչը նաև միակ գործոնը կարող է լինել, որպեսզի ինքը զրկվի թե՛ ներքին և թե՛ հատկապես արտաքին աջակցությունից: Ներքին ասելով նկատի ունեմ ոչ միայն շարքային քաղաքացիների, այլև իրավապահների: Որովհետև մի բան է, երբ ինքը որպես գործող վարչապետ օրենք է խախտում, և լրիվ այլ բան է, երբ կատարում է այնպիսի ընտրակեղծարարություն, ինչը հնարավոր չէ ծածկադմփոց անել: Ու այդ պարագայում շատ ավելի մեծ կլինի հավանականությունը, որ հետընտրական զարգացումների դեպքում ոստիկանությունը մի կողմ կքաշվի: Հենց մի կողմ և ոչ թե անցնի ժողովրդի կողմը, քանի որ դա բավական կլինի, որպեսզի իրավապահ համակարգի աջակցությունից զրկվածը չունենա այլ ելք, քան Հայաստանից փախչելը: Իսկ որպեսզի ինքը դիմի ընտրակեղծարարությանը, անհրաժեշտ է մի կողմ դնել ամբիցիաները և մեկ մարդու նման աշխատել ընտրողների հետ: Եվ հասնել նրան, որ նրա հիմնադրած կուսակցությունը հավաքի այնքան ձայն, որքան ունի օբյեկտիվորեն՝ 15 (±) տոկոս: Ու պահպանել ընդդիմության օգտին տրված քվեները:

ՀԳ. Ինչ մնում է ֆեյսբուքյան լայքին, ապա այն թող մնա, մնա որպես մոտ ապագային ուղղված կանխատեսում: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image