Թողնես՝ անխտիր բոլորը խոսեն բնության պահպանման, կենդանիների խնամքի մասին ու սին պաթոսը փաթաթեն ժողովրդի պարանոցին: Բաղրամյան 58 հասցեով օրը քանի՞ անձ է անցնում-դառնում, օրը քանի՞ պաշտոնյա է ելումուտ անում մայթի երկայնքով: Ոչ ոք չի նկատո՞ւմ աղբամանների մեջ կտրած, գցած կանաչ փարթամ ծառերը: Ոչ ոքի չի՞ հուզում այն հարցը, թե ով ու ինչ նպատակով է առողջ ճյուղերը՝ տերեւները վրան, կտրել գցել աղբամանը: Աղբահանություն իրականացնող անձնակազմը իր վերադասին չի հարցնո՞ւմ կամ տեղյակ չի՞ պահում, թե ինչ իրավունքով են ծառը կտրում նետում:
Տոտալ անտարբերություն, ոչ միայն՝ քաղաքապետարանի, համայնքապետարանի, Կանաչապատում եւ շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի, աղբահանության աշխատակիցների, այլ նաեւ հասարակ քաղաքացիների կողմից: Շենքում բնակվողների տարածքով անցուդարձ անողների, խանութ աշխատացնողների կողմից չի՞ նկատվում աղետը...
Հետո թողնեն մեծ-մեծ խոսեն՝բնապահպաններն ու մնացածը, թե բա՝ պահենք բնությունը, բայց դրա համար «նա վսյակի» մեզ գրանտներ ուղարկեք: Երեւան քաղաքի ավագանու անդամնե՛ր, բա նստած քաղաքապետարանի նիստերին, ձեզ կոտորելով, ներկայացնում եք իբր սրտացավ եք Երեւանի համար, ո՞ւր եք, ինչո՞ւ ձայններդ չի լսվում: Հա, չէիք տեսել, լավ կներեք, վայելեք ձեր ծովափնյա հանգիստները: Հետո հենց վերադառնանք, նոր կլացեք...
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ