Հասարակություն

«Հրապարակ». Դաշնակցությունը ռեպրեսիաներ շատ է տեսել, ծանոթ ձեռագիր է

«Հրապարակ». Դաշնակցությունը ռեպրեսիաներ շատ է տեսել, ծանոթ ձեռագիր է

1994 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության գործունեության ժամանակավոր կասեցման մասին: Հրապարակվեց պաշտոնական պատճառը` անվտանգության մարմինները ՀՅԴ-ում հայտնաբերել են ահաբեկչական կառույց եւ ծրագիր` «Դրո» անունով, որը պետք է իրականացներ իշխանության ներկայացուցիչների սպանություններ: Այդ կառույցին էին վերագրվում մի քանի սպանություն եւ թմրանյութերի վաճառքի մեղադրանք: Հետագայում, իհարկե, պարզվեց` շատ բան այլ էր, մեղադրանքների մի մասը հերքվեց, կոնկրետ հանցանքներ կատարած անձինք տարանջատվեցին ՀՅԴ-ից եւ այլն։ Բայց հարուցված մեղադրանքը հնարավորություն տվեց գործող իշխանությանը՝ կասեցնել ընդդիմադիր ՀՅԴ-ի գործունեությունը, փակել նրան պատկանող լրատվամիջոցները եւ հետապնդումներ իրականացնել։ 

2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցներից մեկում անդրադարձել էր կուսակցության գործունեության կասեցմանը․ «Հարցը շատ պարզ էր. ըստ մեր օրենքի՝ կուսակցությունների ղեկավարությունը չի կարող կազմված լինել օտարերկրացիներից։ Դաշնակցության ղեկավար մարմինների՝ բյուրոյի եւ համագումարի մեծ մասը սփյուռքահայեր էին. սա էր խնդիրը։ Դատարանն այդ կուսակցությանը ո՛չ նարկոբիզնեսի, ո՛չ ահաբեկչության մեղադրանք չի ներկայացրել։ Չգիտես ինչու, մարդիկ ակամա պատմությունը խառնում, շփոթում են, տպավորություն, մթնոլորտ ստեղծում եւ հետո վերագրումներ անում։ Դաշնակցությանը ներկայացվել է մեկ մեղադրանք՝ պահանջելով շտկել կանոնադրական անկարգությունը։ Նրա գործունեությունը, նախ, ժամանակավորապես դադարեցվել է նախագահի հրամանագրով, ապա՝ դատարանի որոշմամբ։ Իմ հրամանագրի գործողությունը, այդպիսով, տեւել է 10-15 օր։ Ես այդ իրավունքն ունեի. այդ ժամանակ թեեւ դեռեւս սահմանադրություն չկար, բայց կար Հայաստանի նախագահի մասին սահմանադրական օրենք»։ 

1998-ին գալով իշխանության՝ Ռոբերտ Քոչարյանը չեղյալ հայտարարեց ՀՅԴ-ի գործունեությունը կասեցնելու մասին Տեր-Պետրոսյանի 1994թ. հրամանագիրը, որի մասին Տեր-Պետրոսյանն ասել է. «Դրա կարիքն ընդհանրապես չկար, որովհետեւ իմ հրամանագիրն ուժը կորցրել էր 15 օր հետո` դատարանի կայացրած որոշումից հետո»: 

Մինչ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հուլիսի 10-ին հանդիպում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, քաղաքական իշխանության հրահանգով գրոհ ձեռնարկվեց դաշնակցականների վրա։ Վաղ առավոտից իրավապահները մտել էին դաշնակցականների բնակարանները՝ խուզարկություններ իրականացրել նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Ժամեր անց Քննչական կոմիտեն հրապարակեց մի քանի լուսանկար, որին հետեւեց կուսակցության հայտարարությունը․ «Դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որեւէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։ Առգրավված բոլոր զենքերն օրինական են։ Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում՝ նռնականման առարկան, նախատեսված է սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ»։ Ավելի ուշ ՔԿ-ն հերքեց, թե մարտական նռնակ եւ դետոնատորներ են հայտնաբերվել: Բայց ՔՊ-ականներն արդեն լծվել էին «Դաշնակցությունը փակելու» կարգախոսը շրջանառության մեջ դնելու գործին․ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել` մակագրելով․ «Ժամանակն է կրկին փակել Դաշնակցությունը»։ 

ՀՅԴ բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով քրեական վարույթներին եւ խուզարկություններին, նշեց․ «Իրավապահների, այսպես կոչված, գործողությունները պետք է դիտել Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում տրված՝ «սաղիդ կլցնեմ ԱԱԾ-ի պադվալները» հրահանգի շրջանակներում: Սա Փաշինյանի ձեռքում կենտրոնացած բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող պետական ահաբեկչություն է՝ 37 թ. հանգույն: Երկրում միացված վախի եւ լռեցման ռեժիմը որեւէ առնչություն չունի օրենքի եւ իրավունքի հետ: Քննչականում այսօր չորս ժամ շարունակ բռնաբարելով օրենքը՝ թույլ չտվեցին փաստաբաններին հանդիպել բերման ենթարկվածների հետ: Այո, այսպես կոչված, հետախուզությամբ բացահայտված առարկաներն օրինական են, կամ տնտեսական, կենցաղային… Կարեւորը շոու ստանալն է` ամենաստոր մեթոդներով»: 

Ըստ դաշնակցականի՝ նպատակն ընդդիմության հնարավոր օջախները լռեցնելն ու բռնաճնշելն է․ «Հայ առաքելական եկեղեցին եւ Դաշնակցությունը սրանց համար թշնամի են հայտարարված, արշավում են ամենաանբարո եւ քստմնելի մեթոդներով: Քաղաքական օպոնենտներին լռեցնելու կլասիկ ձեռագիր է: Եվ նիկոլական զազրելի ողջ քարոզչական մեքենան լծվել է «ահաբեկչություն» կեղծ պիտակը Դաշնակցությանը կպցնելու գործին: Այս կեղծ եւ անբարո մեղսագրման տակ իշխանությունները կփորձեն ներսում եւ դրսում արդարացնել իրենց հակաիրավական գործողությունները: Սա նաեւ քող է, հանրային ուշադրությունը շեղող քող՝ հերթական հակազգային եւ հակապետական քայլը քողարկելու համար: Դե, դժվար չէ ենթադրել, թե այսօրվա Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ինչ հետեւանքներով է հղի, մասնավորապես՝ Սյունիքի համար»։ Մենք հետաքրքրվեցինք` Ձեր կարծիքով, իշխանությունը գնում է այն սցենարով, որով 90-ականներին Լ․ Տեր-Պետրոսյա՞նը գնաց, այսինքն՝ կուսակցության գործունեության կասեցման։ «Դաշնակցությունը ռեպրեսիաներ շատ է տեսել, ծանոթ ձեռագիր է: 90-ական թվականներին էլ էին փորձում այսպես լռեցնել Դաշնակցությանը: Բայց Դաշնակցությունն ավելին է, քան շարքային կուսակցություն լինելը: Այն ազգային գաղափարախոսություն է եւ արժեքային հենք հարյուր հազարների համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image