Մշակույթ

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարողները հենց այդ քրեական ենթամշակույթի կրողներն են

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարողները հենց այդ քրեական ենթամշակույթի կրողներն են

Արդեն մի քանի օր է՝ քննարկվում է բլոգեր Արթուր Չախոյանի եւ Նոր Նորքի վարչական ղեկավարի միջեւ տեղի ունեցած խայտառակ միջադեպը, երբ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն ու նրա աշխատակիցները տեսախցիկների առաջ դաժան ծեծի ենթարկեցին բլոգերին, իսկ թաղապետի թիմակից՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հպարտացավ նրանով, թե Տեր-Մարգարյանն իրեն իսկական տղամարդու պես է պահել: Ավելին՝ թաղապետը հետո անձամբ հայտարարեց, որ չի զղջում արածի համար եւ նույնիսկ՝ լավ է արել։  

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ ղեկավար Նինա Կարապետյանցն ասում է՝ այս ողջ պատմության մեջ իր համար ամենացավալին ոչ թե բուն իրադարձությունն է, որն ինքնին շատ դատապարտելի էր, այլ շատ ավելի դատապարտելի են այս բռնության արդարացման 2-րդական ալիքի արձագանքները․ «Ինձ համար դա հասկանալի եւ ընկալելի չէ, ավելին՝ շատ ավելի խիստ դատապարտելի է, երբ բռնությունն ու քրեական ենթամշակույթը պաշտպանված են ամենաբարձր մակարդակով, եւ այն պաշտպանում են այնպիսի ուժեր, որոնք երկար ժամանակ հայտարարել են, որ իրենք ժողովրդավարության կողմնակիցներ են, նաեւ՝ ինստիտուցիոնալ փոփոխությունների կողմնակիցներ են, բայց ինստիտուցիոնալ փոփոխությունների կողմնակիցներն այսպիսի վարքագիծ չեն կարող դրսեւորել։ Ցանկացած մարդու հետ կարող էր լինել ինչ-որ միջադեպ, ենթադրենք՝ դա վերագրում են նրան, որ ինչ-որ պահի մարդու նյարդերը չեն հերիքել, ու բռունցքների է անցել, բայց երբ ամբողջ կառույցով եւ կառույցին կից տարբեր հասարակական, քաղաքական գործիչներով հետեւողականորեն պաշտպանում են այդ տեսակը եւ արդարացումներ են փնտրում այդ գործողությունների մեջ, միաժամանակ դա փորձում են ներկայացնել որպես ժողովրդավարության եւ ինքնիշխանության պաշտպանություն, ես ուղղակի ապշում եմ ու բան չունեմ ասելու»։

Նինա Կարապետյանցն այս համատեքստում նկատում է, որ ամեն կարեւոր բան՝ միտք, գաղափար, երեւույթ, մեր երկրում ուղղակի ոչնչացվում է։ «Հերոսի կերպարն է ոչնչացվում, քանի որ հերոսն այլեւս հարկատուն է, Արարատը, որ մեր սիմվոլն էր, փորձում են ոչնչացնել, խառնում են պետություն-հայրենիք սահմանները, հիմա էլ եկել հասել ենք դեմոկրատիային եւ ինքնիշխանությանը։ Ու հիմա այլեւս այս տիպի գործողությունները դրվում են իբր դեմոկրատիայի եւ ինքնիշխանության պաշտպանության համարժեք գործողություններ, օրինակ՝ հայ տղամարդուն կամ պետական պաշտոնյանին բնորոշ վարքագիծ։ Չկա այլեւս ոչ մի կարմիր գիծ, սրանից ցածր ուղղակի դժվար է պատկերացնել։ Թեպետ մենք ամեն անգամ ասում ենք, որ սրանից ներքեւ այլեւս հնարավոր չէ իջնել, բայց պարզվում է՝ հնարավոր է»,- արձանագրում է զրուցակիցս։

Այս դեպքի առնչությամբ, ըստ էության, ոչ միայն չկա դատապարտում, այլեւ ճիշտ հակառակն է։ Հատկապես, եթե հաշվի առնենք ՄԻՊ կրավորական ու ոչինչ չասող գնահատականը։ «ՄԻՊ-ի արած հայտարարությունները դասագրքային ճշմարտություններ են, որոնք կարելի է նաեւ չասել, որովհետեւ նման է նրան, որ ասես՝ թող արեւն առավոտյան ծագի ու երեկոյան մայր մտնի։ Այսպիսի տրամաբանության մեջ են նրա հայտարարությունները, ու այդպիսի հայտարարություններով իրավիճակը շտկել հնարավոր չէ։ Ես ավելորդ լարմանն էլ եմ դեմ, որ ավելորդ լարում ստեղծվի, փոխադարձ հրաձգություններ սկսվեն, դա էլ նորմալ չէ, բայց այս աստիճանի կրավորական վերաբերմունքը, անշուշտ, մի տեսակ երաշխիք է ստեղծում որոշ մարդկանց համար՝ շարունակել այդպիսի վարքագիծը»,- նշում է նա։

Ինչ վերաբերում է իրավապահ համակարգին, ապա Նինա Կարապետյանցն իրավապահ մարմիններից ոչ մի լուրջ բան չի սպասում, որովհետեւ․ «Այդ ո՞ր գործողությունն է դատապարտվել։ Հրաման տալ, մարդու ձեռքերը բռնել, վրան թքե՞լն է դատապարտվել, Ազգային ժողովում երկար ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած ու իրար քաշքշած դեպքե՞րն են դատապարտվել, բազմաթիվ դեպքեր կան, որտեղ պիտի տեսնեինք, թե ինչպես են պատասխանատվության ենթարկում, որովհետեւ, երբ պատասխանատվության չես ենթարկում յուրայիններին, դու թեպետ իրավական պարտականություն ունես, բայց բարոյական իրավունք չունես ուրիշներից պահանջելու նորմալ ու ճշգրիտ վարքագիծ։ Քո վարքագիծն ընդօրինակում է ամբողջ հասարակությունը, եւ եթե քո չինովնիկի համար բռնության արդարացում ես ման գալիս, դու դրա պատասխանը շատ կարճ ժամանակ հետո հետ ես ստանում։ Եվ մենք դա ցավալիորեն տեսանք, թե ինչպիսի հակադարձում եղավ ՔՊ պատգամավորներից մեկի մոր հետ կապված։ Սա շատ ցավալի է եւ կարող է անվերջ լինել, որի մեջ շատ մեծ թվով մարդիկ ներգրավված լինեն»։

Կարապետյանցը մի առաջարկ է անում ՔՊ-ականներին։ «Ես առաջարկում եմ ՔՊ-ի մոլի երկրպագուներին, պրոպագանդիստներին, բլոգերներին ու մնացած բոլորին՝ համապատասխան ջանքեր գործադրեն, որպեսզի բռնություն գործադրածները պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ հակառակ դեպքում կենթադրվի, որ եթե դու համաձայն չես ինչ-որ բլոգերի տեսակետի հետ, ու այդ բլոգերներն էլ ինչ-որ տեղից վարձատրվում են, ուրեմն դու իրավունք ունես իրեն բռնության ենթարկել։ Ամենակարեւոր հարցը, որ այսօր պետք է դրված լինի ՔՊ-ական պրոպագանդիստների ու բլոգերների առաջ, սա է՝ հետամուտ լինել, որ ամենախիստ պատասխանատվության ենթարկվի տվյալ անձը»։
Ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետը խոսում է քրեական ենթամշակույթի դեմ, բայց մի քանի օր հետո հենց նման քրեական մշակույթի բարքերի ենք ականատես դառնում։ «Բոլոր իրավիճակներում պետք է նայել ոչ թե նրան, թե ինչ են խոսում մարդիկ, այլ՝ թե ինչ են անում, որովհետեւ խոսել կարելի է ամեն ինչ, բայց փաստացի իրավիճակն այնպիսին է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարողները հենց այդ քրեական ենթամշակույթի կրողներն են, որովհետեւ արդարացնել 15 հոգով մի հոգուն ծեծելը, ես չգիտեմ այդպիսի մի համակարգ, անգամ քրեական ենթամշակույթում ընդունված չէ նման վարքագիծը, երբ որեւէ արդարացում գտնեն՝ մարդու ձեռքերը բռնելն ու այդ մարդու վրա թքելը՝ օգտվելով նրա անօգնականությունից։ Շատ կարեւոր է հասկանալ, որ քրեական ենթամշակույթը շատ ավելի վտանգավոր է, երբ այն կրում են պետական պաշտոնյաները՝ ներառյալ արդարադատության համակարգի աշխատակիցները, քան փոքր միջավայրում իրենց մտքերն ու գաղափարներն ունեցող մարդիկ։ Առաջինները շատ ավելի վտանգավոր են, քանի որ նրանք են այդ քրեական ենթամշակույթի թե՛ ջատագովները, թե՛ պաշտպանողները։ Ամենայն հավանականությամբ, խնդիրն այն է, որ փորձում են քրեական ենթամշակույթի ավելի բարձր կարգավիճակ ստանալ իրենք՝  իշխանությունները։ Ցավոք, մեր հասարակությունը շատ խաբվեց, այսքան խաբված դեռ չէինք եղել, որովհետեւ որեւէ մեկից այսքան սպասում չէինք ունեցել»,- եզրափակում է իրավապաշտպանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image