Քաղաքականություն

Երեք աթոռի վրա նստել փորձողն ընկնելու է չորրորդի վրա

Երեք աթոռի վրա նստել փորձողն ընկնելու է չորրորդի վրա

ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն այժմ էլ փորձում է նստել արտաքին երեք աթոռի վրա: Մի ժամանակ գոնե երկու աթոռ էր՝ Արևմուտք և Ռուսաստան: Դա, իհարկե, բարդ էր, բայց տեսականորեն հնարավոր. հիշենք, այսպես կոչված, փոխլրացման, իսկ այնուհետև «և…և»-ի քաղաքականությունը, որ վարում էին նախկինները: Եվ գործողն էլ մտածեց, թե ինչով է ինքը պակաս, որ չկարողանա տեղավորվել երկու աթոռի վրա: Բայց քանի որ լիարժեք բարձրագույնի կրթություն չուներ՝ չգիտակցեց, որ նախկիններից արդեն Սերժ Սարգսյանի օրոք Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները փչացել էին (Ռուսաստանին Ղրիմի միացման պատճառով), և պետք է ունենար Սարգսյանի ճկունությունը, որպեսզի կարողանար պահպանել հավասարակշռություն երկու բևեռների միջև: 
Իսկ 2018-ի մայիսից սկսած՝ երբ իր վարչապետ կարգվելով, «Ռուսաստանն,- իր ասելով,- պետք է հարմարվեր երկրում կատարված փոփոխություններին», ընտրեց արևմտյան վեկտորը: Գլուխը քարը՝ եթե կարողանար այնքան ներառվել արևմտյան ճամբարում, որպեսզի 2020-ի 44-օրյա պատերազմում պարտության չտաներ երկիրը: Բայց դա էլ չկարողացավ, ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կրկին վերադարձավ դեպի Ռուսաստանը: Եվ այնուհետև մինչև այսօր տարուբերվում է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև: Եվ դա այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական այդ երկու բևեռների միջև հարաբերությունները այնքան են փչացել, որ դարձել են պատերազմական: 

Եվ ինչպես չհիշենք պատերազմից 10 օր առաջ կատարված՝ վերջինիս ֆեյսբուքյան գրառումը. «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»: Ինքն, իհարկե, վաղուց մոռացել է դրա մասին, բայց իր բնույթին չդավաճանելով՝ երկիրն անընդհատ տանում է այդ ճանապարհով: Բայց այն ոչ թե «ճշմարիտ» է, այլ պարտվողական ու արհավիրքային: Սակայն դա գիտակցելով, թե ոչ, ինքն իրեն արդարացնելու համար երկնում է անհեթեթություններ՝ իբրև թե հպարտանում է պարտությամբ և կամ չի վիրավորվում՝ երբ իրեն թուրք են անվանում: Առանց գիտակցելու, որ պարտությամբ կարող են հպարտանալ ուղեղի ու մտածողության հետ լուրջ և ծանր խնդիրներ ունեցողները: Իսկ թուրք անվանվելու համար վիրավորվի թե ոչ՝ այն վիրավորական է ընկալվում իր «սիրելի» Եվրոպայում: Չնայած կա մի բան, ինչից ինքը դուրս է գալիս ափերից՝ դա դավաճան պիտակն է, որից երբևէ չի մաքրվելու ոչ ինքը և ոչ էլ իր ժառանգները: Որքան էլ փորձի իրեն այդպես անվանողների վրա քսի տալ ողջ իրավապահ համակարգը: 

Իսկ ուր մնաց երրորդ աթոռը՝ կհարցնի ընթերցողը: Այն հայտնվեց տարեսկզբին՝ երբ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակը զբաղեցրեց ԱՄՆ 47-րդ նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը: Նրանից շատ բան էին սպասում, բայց որ վերջինս անմիջապես կճեղքեր Արևմուտքի միասնականությունը, դա բացարձակ անսպասելի էր: Իսկ եթե դա այդպիսին էր եվրոպացիների համար, ապա ինչպիսին պետք է լիներ վարչապետի աթոռից կառչած անձի համար: Դրա մասին երևի կիմանանք վերջինիս մեմուարներից՝ երբ ինքը բավական ժամանակ կունենա ոչ այնքան կոմֆորտային որևէ վայրում թղթին հանձնելու այս օրերի զգացողություններն ու հուշերը: Ինչևէ, եվրոպական երկրների ղեկավարության՝ իրենց անվտանգության մասին ինքնուրույն հոգ տանելու հանգամանքը, որ ծագեց Թրամփի շնորհիվ, Փաշինյան Նիկոլին ստիպեց ֆռռալ արդեն ոչ թե երկու, այլ երեք կողմերի միջև: Եթե նույնիսկ վերջինս օժտված լիներ ոչ ենոքավանյան, այլ իտալացի արկածախնդիր Ալեսսանդրո Կալիոստրոյի (18-րդ դար)՝ եվրոպական մակարդակի շուստրիությամբ, միևնույն է, դժվար թե կարողանար տեղավորվել ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Ռուսաստանի միջև:  

ՀԳ. Վախենամ, որ չկարողանալով նստել երեք աթոռի վրա՝ ինքն ընկնելու է ներքև: Իսկ ներքևում նրան անհամբեր սպասում է չորրորդ աթոռը (կասեի նույնիսկ բազկաթոռը)՝ պատրաստ նրան առնելու իր գիրկը: Եվ դա, բնականաբար, լինելու է թուրք-ադրբեջանական գիրկը: Այն, ինչից մի կերպ կարողացանք խուսափել շուրջ 105 տարի առաջ. խոսքը 1920 թվականի կապիտուլյացիոն հայ-թուրքական Ալեքսանդրոպոլյան պայմանագրի մասին է: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image