ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ միայն փակում է Մեքսիկայի հետ սահմանը՝ անանցանելի պարիսպ կառուցելով այդ երկրի հետ սահմանին, այլեւ արտաքսում է նրանց, ովքեր արդեն բախտ են ունեցել հայտնվելու Միացյալ Նահանգների տարածքում: Արդեն հազարավոր արտաքսվածներ կան, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ: Նման մասսայական արտաքսման դեպքեր նախկինում չեն եղել, արտաքսել են հիմնականում հանցագործներին, այն էլ՝ խիստ վտանգավոր: ԱՄՆ-ում ապրող ծանոթներս ասում էին, որ ԱՄՆ-ում մի չգրված, բայց գործող օրենք կա, որ եթե մարդը ոտք է դրել ԱՄՆ տարածք, ուրեմն նա ամերիկացի է, ի վերջո, բոլոր ամերիկացիներն էլ մի օր այդպես են հայտնվել այդ երկրում, բացառությամբ տեղաբնակների, որոնց ընդունված է հնդկացի անվանել: Բայց նույնիսկ տասնամյակներ կամ հարյուրամյակներ գործող կարգերը մի օր կարող են փոխվել:
Շատերին թվում է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջնորդվում է ինչ-որ քմահաճույքներով, նրան դուր չեն գալիս փախստականները, եւ նա որոշել է պայքարել նրանց դեմ, փակել նրանց մուտքը երկիր կամ ազատվել նրանցից: Կամ՝ դրանով նա ուզում է դուր գալ այն ամերիկացիներին, որոնք դժգոհում են, որ այլ երկրներից եկող մարդիկ խլում են իրենց աշխատանքը, իրենց դուրս մղում աշխատաշուկայից` անարդար մրցակցության արդյունքում: Այդպես մտածողներին թվում է, որ եթե ԱՄՆ-ում իշխանափոխություն տեղի ունենա, նոր իշխանությունները կփոխեն ներգաղթի պայմանները, եւ այն մարդիկ, ովքեր երազանք ունեին պահած` հայտնվելու ԱՄՆ-ում, կկարողանան իրականացնել այդ երազանքը: Նման բացատրությունները խիստ պրիմիտիվ են. մարդիկ պետք է հասկանան, որ ամերիկյան դրախտի դռները փակվել են մեկընդմիշտ, հատկապես՝ որակավորում եւ մասնագիտացում չունեցող աշխատուժի առաջ:
Որպեսզի հասկանանք, թե ինչու Դոնալդ Թրամփը փակեց ներգաղթյալների ճանապարհը դեպի Միացյալ Նահանգներ, մի քիչ հետ գնանք՝ 17-րդ դար, երբ անգլիացի գաղութարարներն իրենց զավթած հսկայական հողատարածքները մշակելու համար սկսեցին Աֆրիկայից սեւամորթ ստրուկներ բերել Ամերիկա եւ շահագործել նրանց աշխատանքը: Ամերիկայում ստրկությունը վերացավ 1865 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Ավրաամ Լինկոլնը ստրկության վերացման մասին հրամանագիր ստորագրեց: 250 տարի Ամերիկայի տարածքում ստրկությունն օրինականացված էր, եւ նույնիսկ պաշտոնական վերացումից հետո, հատկապես՝ հարավային նահանգներում, այն որոշ ժամանակ պահպանվում էր:
Մի՞թե ԱՄՆ նախագահ Լինկոլնը դա արեց հումանիզմից ելնելով, որովհետեւ շատ էր մտածում սեւամորթների իրավունքների եւ ազատությունների մասին: Հնարավոր է, որ հումանիզմը եւս իր դերը կատարել է, բայց ստրկությունը վերացվեց, որովհետեւ գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ հայտնվեցին այնպիսի սարքավորումներ, մեքենաներ, որոնք էականորեն բարձրացրին վարձու աշխատողների արտադրողականությունը: Մինչդեռ ստրուկների արտադրողականությունն էականորեն ցածր էր, ստրուկներին կերակրելու, պահելու, հսկելու համար կատարվող ծախսերն այնքան բարձր էին, որ նրանց շահագործումից ստացվող եկամուտը չէր փակում այդ ծախսը: Ստրուկներին հնարավոր չէր վստահել այն ժամանակների համար բարդ մեքենաների եւ սարքավորումների շահագործումը: Ամերիկայում հասկացան, որ վարձու աշխատողն անհամեմատ ավելի մեծ եկամուտ կարող է ապահովել արդյունաբերողներին եւ ֆերմերներին, քան ստրուկները: ԱՄՆ նախագահ Ավրաամ Լինկոլնը իր հրամանագրով հանրագումարի բերեց այդ գիտակցումը, չնայած ամերիկյան պլանտատորների մի մասը դեռ կառչած էր նախկին բարքերից եւ չէր ուզում զրկվել իր սեփականությունից` ստրուկներից: Ժամանակակից լեզվով ասած՝ տեղի ունեցավ օպտիմալիզացիա, եւ ստրուկներին փոխարինեցին վարձու աշխատողները:
Հիմա նույնը տեղի է ունենում ներգաղթյալների դեպքում: Ներգաղթյալները, ըստ էության, փոխարինեցին ստրուկներին` որպես էժան աշխատուժ: Ամերիկացի ձեռարկատերերը նրանց օգտագործում էին այնպես, ինչպես մինչեւ 1865 թվականն օգտագործում էին ստրուկներին. նրանք կատարում են այն աշխատանքը, որը չեն կատարի ամերիկացիները, այդ աշխատանքի դիմաց վճարվում են կրկնակի, հաճախ` եռակի եւ քառակի պակաս: Լսած կլինեք, որ Լոս Անջելեսի գործարար հայերը սեւով աշխատանքի են ընդունում Հայաստանից նոր գնացած հայրենակիցներին՝ նրանց վճարելով ավելի ցածր, քան նույնիսկ նվազագույն աշխատավարձն է: Սա ժամանակակից ստրկությունն է:
Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում տեղի է ունենում գիտատեխնիկական նոր հեղափոխություն, որի արդյունքում ներգաղթյալների էժան աշխատուժի կարիքն այլեւս չի լինելու: Ստեղծվում են արհեստական բանականությամբ օժտված ռոբոտներ, որոնք կատարում են նույն աշխատանքը, ինչ մարդիկ` ռեստորաններում մատուցողներ, վարորդներ, առաքիչներ եւ նույնիսկ՝ խոհարարներ. բազմաթիվ մասնագիտություններ վերանում են կամ վերացման եզրին են: Թրամփի ասածը հետեւյալն է. շնորհակալություն, սիրելի ներգաղթյալներ, բայց ձեր էժան եւ ոչ մասնագիտական աշխատուժը մեզ` գործարարներիս, այլեւս պետք չէ, մենք ձեզ կփոխարինենք արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտներով, որը մեզ վրա ե՛ւ ավելի էժան կնստի, ե՛ւ հետագայում հավելյալ ծախսեր չի պահանջի մեր երկրից` առողջապահության, թոշակների եւ այլ ծախսերի տեսքով:
Դրա փոխարեն Թրամփը երկրի դռներն է բացում գործարար եւ նախաձեռնող մարդկանց առաջ, այն մարդկանց, ովքեր պատրաստ են ԱՄՆ-ում 5 միլիոն դոլար եւ ավելի գումար ներդնել: Նա համարում է, որ եթե մարդն այդքան գումար է աշխատել դրսում, ուրեմն օժտված է ստեղծագործ մտքով եւ գործարար հմտություններով: Նման հատկություններով օժտված ռոբոտներ դեռ չեն հայտնաբերվել: