Քաղաքականություն

Ուզում են տիրանալ նաև արտասահմանում գտնվող սեփականությանը

Ուզում են տիրանալ նաև արտասահմանում գտնվող սեփականությանը

Հայաստանի իշխանություններն անկախ աշխարհաքաղաքական ռիսկերից և երկրին սպառնացող արտաքին վտանգներից, ակտիվորեն զբաղված են սեփականության վերաբաշխմամբ: Իշխանության և նրա առանձին ներկայացուցիչների համար խիստ կարևոր այս խնդիրն իրականացվում է, այսպես կոչված, ապօրինի գույքի բռնագանձման անվան տակ, երբ մարդկանց գույքը հայտարարվում է ապօրինի ծագում ունեցող, որից հետո այն խլում են դրա սեփականատերերից: Կասկած չկա, որ Հայաստանի խոշոր սեփականատերերը, այդ գույքը ձեռք են բերել ոչ այնքան օրինական ճանապարհով,  օրինական ճանապարհով հնարավոր չէ մի քանի տարում աղքատ երկրում միլիարդավոր, հարյուր միլիարդավոր դրամների սեփականություն կուտակել, մի քանի տասնյակ անշարժ գույք, նույնքան մեքենաներ, կամ բանկային հաշիվներում հսկայական գումարներ ունենալ: Հարցն այն է, թե ում է հետագայում բաժին հասնում այդ ապօրինի գույքը երբ իշխանությունն այն խլում է դրա սեփականատերերից, ովքե՞ր են դառնում դրանց նոր սեփականատերերը, արդյո՞ք նոր սեփականատերերը այդ գույքի ձեռք բերման գումարը վաստակել են օրինական ճանապարհով: 

Հիմնավորումը՝ թե ապօրինի ծագում ունեցող գույքի վաճառքից գոյացած գումարը փոխանցվում է պետբյուջե, չի նշանակում, որ մենք գործ չունենք սեփականության նոր վերաբաշխման հետ՝ ուղղակի մեխանիզմն է մի փոքր խուճուճ։ Իշխանության ներկայացուցիչները՝ գույքը խլելով սեփականատերերից, ոչ թե այն միանգամից գրանցում են իրենց կամ իրենց հետ փոխկապակցված անձանց անունով, այլ այդ գույքը իբրև թե վաճառում են, գումարը փոխանցում պետբյուջե, և քանի որ պետբյուջե կոչվածը ամբողջովին տնօրինվում է իրենց կողմից, այդ պետբյուջե կոչվածի միջոցներով էլ ձեռք են բերում ապօրինի գույքը: Երբ այն դառնում է իշխանության նոր տերերի սեփականությունը դադարում է դառնալ ապօրինի, միանգամից օրինականանում է: Մինչև հաջորդ իշխանափոխություն և նոր սեփականության վերաբաժանում:

Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին չի բավարարում Հայաստանում գտնվող սեփականության վերաբաշխումը, նրանք ուզում են տիրանալ նաև արտասահմանում գտնվող գույքին, որն ավելի մեծ արժեք և հետաքրքրություն ունի: Երկու օր առաջ ԱԺ-ում պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը իբրև թե հպանցիկ՝ այսպես ձեռքի հետ, հարցրեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, թե արդյոք ինքը վերջերս ՌԴ գլխավոր դատախազի հետ հուշագիր ստորագրելիս, չի՞ անդրադարձել Միհրան Պողոսյանի՝ հայրենիք վերադառնալու խնդրին: Աննա Վարդապետյանը շատ լավ ճանաչելով Անդրանիկ Քոչարյանին և տեղյակ լինելով նրա ախորժակի մասին, հասկացավ որ Քոչարյանին հետաքրքրում է ոչ թե Միհրան Պողոսյանի հայրենադարձությունը, այլ Ռուսաստանում գտնվող նրա սեփականությունը, ինչին Քոչարյանը և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեմ չէին լինի տիրանալ: Վարդապետյանի պատասխանն ավելի գլոբալ էր . «Ես Ռուսաստանի գլխավոր դատախազին մի բան էլ առաջարկեցի` բացի էդ հուշագրի ստորագրումից, որ քանի որ մենք ունենք ամերիկյան գործընկերների հետ հաջողված պատմություն, սառեցված գույքի հետ կապված, գիտեք` մենք դրա մասին խոսել ենք և ամերիկյան կողմն է խոսել, ես առաջարկել եմ Ռուսաստանին որպեսզի կոնկրետ գործերով, որ մենք ունենք, քննարկենք արդեն սառեցման և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերը»: Վարդապետյանի ասածն այն էր, որ Հայաստանի իշխանությունները աչք ունեն ոչ միայն Միհրան Պողոսյանի, այլ շատ ավելի մեծ թվով մարդկանց ռուսաստանյան սեփականության վրա, և ինքն առաջարկել է Ռուսաստանի գլխավոր դատախազին օգնել իրենց տիրանալու այդ սեփականությանը: Մի քիչ բերված օրինակն է անհաջող եղել. ամերիկյան կողմի հետ համագործակցության մասով, որովհետև եթե Վարդապետյանը նկատի ունի ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տունը նրանից խլելու փորձը, ապա դրանից փաշինյանական իշխանությունը երևի ոչինչ չստանա, գույքի վաճառքից առաջացած գումարի մեծ մասը կփոխանցվի ԱՄՆ բյուջե, մի մասը տան սեփականատերերին, միայն մի փոքր մասը կգա Հայաստան:

Ինչո՞ւ պետք է Ռուսաստանի իշխանություններն օգնեն Նիկոլ Փաշինյանին, Աննա Վարդապետյանին կամ Անդրանիկ Քոչարյանին` տիրանալու փաշինյանական իշխանությունից Ռուսաստան փախած և այնտեղ ապաստան գտած հայ նախկին պաշտոնյաների սեփականությանը, ի՞նչ օգուտ ունի Ռուսաստանը` եթե Միհրան Պողոսյանի սեփականությունը, որքան էլ որ ապօրինի կամ նույնիսկ հանցավոր ծագում ունենա, դառնա Նիկոլ Փաշինյանինը կամ Անդրանիկ Քոչարյանինը: Ոչ մի օգուտ, իսկ վնաս կլինի հաստատ. նախկին խորհրդային տարածքի երկրների շատ պաշտոնյաներ, այդ թվում նախկին նախագահներ և վարչապետներ, իրենց սեփականությունը և ունեցվածքը պահում են Ռուսաստանում, որպես հուսալի և ապահով երկիր, որտեղ ամերիկյան կամ եվրոպական արդարադատությունը չի կարողանա այն խլել իրենցից: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը ոչնչացնի հուսալի երկրի համբավը, թույլ տալով, որ Աննա Վարդապետյանը կամ ինչ որ մեկը ռևիզիայի ենթարկի դրա օրինականության հարցը: Ռուսաստանը ինքը այս հարցում տուժող կողմ է. Արևմուտքը սառեցրել է Ռուսաստանին պատկանող մոտ 300 միլիարդ դոլար գումար, չհաշված ռուս պաշտոնյաներին ու գործարարներին պատկանող սեփականությունը: 

Աննա Վարդապետյանը եթե պետք է պատասխանի հարցի, դա այն է, թե արդյոք քրեական գործ հարուցվե՞լ է Միհրան Պողոսյանի մի հայտարարության վերաբերյալ և արդյոք այդ գործով հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը: 2020 թվականին Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ Փաշինյանն իրենից 20 միլիոն դոլար գումար է պահանջել, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար, իսկ ինքը հրաժարվել է գործարքի գնալ: Մենք հասկանում ենք, որ Աննա Վադապետյանը երբեք նման թեմայով քրեական գործ չի հարուցի, բայց հույս ունենք, որ ինչ որ ժամանակ հետո այդ հայտարարությունը քննարկման առարկա կդառնա, և այն մարդիկ, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել և հետագա բանակցությունների արդյունքում քրեական հետապնդումը դադարեցվել է, նույնպես ասելու բան կունենան: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image