Քաղաքականություն

Մեկ տարի եւս պատերազմական մղձավանջը կթեւածի Եվրոպայում

Մեկ տարի եւս պատերազմական մղձավանջը կթեւածի Եվրոպայում

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը «Իզվեստիայի» հետ զրույցում հայտարարել է, թե չի ակնկալում, որ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ 2024 թվականին զինադադար կկնքվի։ Վերջինս նշել է, որ ուկրաինական հակամարտությունն ավելի հնարավոր է, որ ավարտվի ոչ թե խաղաղության համաձայնագրի կնքմամբ, այլ ռուսական կողմի առաջադրած բոլոր նպատակների իրագործմամբ։ Նա նաեւ ասել է, որ չկան նախադրյալներ մտածելու, որ Միացյալ Նահանգները կարող է հարկադրել Ուկրաինային գնալ ռուսական իշխանությունների հետ զինադադարի կնքման։ Այս հայտարարությունն առնվազն նշանակում է, որ եւս մեկ տարի Եվրոպայի գրեթե կենտրոնում կշարունակվի մեր ժամանակների թերեւս ամենից դաժան ռազմական հակամարտություններից մեկը։ Թեեւ երբեք չի կարելի բացառել, որ կարող են լինել կտրուկ շրջադարձներ, եւ Մոսկվան ու Կիեւը կարող են սկսել բանակցել խաղաղության շուրջ։ Միաժամանակ նաեւ ասվածը նշանակում է, որ ռուսական կողմը մտադրություն չունի որեւէ զիջման գնալ, եւ այն նպատակները, որոնք սահմանվել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դեռ ռուս-ուկրաինական պատերազմը սկսելու օրը, փորձելու են իրականացնել ամբողջապես։

Ռուսաստանի եւ ռուսական իշխող վերնախավի համար այն գաղափարական հենքը, որով ներկայացվում է ռուս-ուկրաինական ներկայիս ռազմական հակամարտությունը, թույլ չի տալիս, որ Ռուսաստանը նույնիսկ մեկ սանտիմետր իր դիրքերը զիջի։ Ռուսների համար «ուկրաինացի նացիստների դեմ պայքարը», ըստ էության, դարձել է նոր «Հայրենական պատերազմի» նման մի բան, որը նաեւ ռուսական կողմին թույլ կտա «մեջքն ուղղել» սառը պատերազմում ԽՍՀՄ փլուզմամբ կրած պարտությունից եւ, ըստ ռուսական պատկերացման, վերականգնել աշխարհակարգային բալանսը։

Այս ամենը գլոբալ առումով կարող է նշանակել մի բան՝ համաշխարհային այն նոր «մեծ պառակտումը», որը հատկապես սկսեց ցցուն կերպով երեւալ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկով, կշարունակի խորանալ։ Կսրվեն նաեւ աշխարհաքաղաքական մրցակցությունն ու առճակատումը։ Հնարավոր է, որ նոր «երկաթյա վարագույր» էլ հառնի երկու ճամբարների միջեւ, որոնք պայմանականորեն կարող ենք անվանել «միաբեւեռ աշխարհի կողմնակիցների ճամբար» եւ «բազմաբեւեռ աշխարհի կողմնակիցների ճամբար»։ Հայաստանի համար այս ամենը, իհարկե, լավ հեռանկարներ չի բացում։ Եթե հաշվի առնենք, որ, անկախ ամեն ինչից, Ռուսաստանը երբեք պարտված չի դուրս գա Ուկրաինայի հետ ռազմական առճակատումից, քանի որ ունի միջուկային զինանոց, հանգամանք, որի մասին երբեք պետք չէ մոռանալ, ապա Հայաստանը հաջորդ տարի երեւի ստիպված կլինի ավելի տեսանելի դարձնել իր մոտեցումները, թե որ ճամբարում է նախընտրում ինքը լինել՝ «միաբեւե՞ռ աշխարհի կողմնակիցների», թե՞ «բազմաբեւեռ աշխարհի կողմնակիցների»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image