Փաշինյանը ամենօրյա ռեժիմով խաղաղության գովազդային արշավ է անում, ամեն աշխատող խոսափոխից շնորհավորանք ու աչքալուսանք է տալիս, ապագա ընտրությունների կարգախոսները և ստրատեգիան է անոնսում: Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը։ Ընդդիմությունը շատ կարևոր գործով է զբաղված, ես կասեի՝ հույժ կարևոր գործ, որը կանխորոշի ապագա ընտրությունների արդյունքը, կապահովվի իշխող վարչակազմի ջաղջախիչ պարտությունը, կբացի Հայաստանի բոլոր քաղաքացիների աչքերը ու անգամ ամենավերջին գյուղում մի հովիվ անգամ չի մնա, որ Փաշինյանին ձայն կտա:
Վերջապես ընդդիմությունն ավարտել է Ռոբերտ Քոչարյանի նոր պաշտոնական կայքը, ամբողջությամբ թարմացված՝ նոր դիզայնով, հստակ բաժանումներով և օգտատիրոջ համար հարմարեցված կառուցվածքով։ Թարմացված պաշտոնական կայքը նպատակ ունի լինել վստահելի տեղեկատվական աղբյուր. ասվում է հաղորդագրության մեջ, որը ուղարկվել է լրատվամիջոցներին:
Եթե դուք անհանգստություններ ունեիք, թե ընդդիմադիրները ոչ մի բան չեն անում 26-ի ընտրություններում հաջողելու համար, կարծում եմ՝ այս կայքը www.robertkocharyan.am, այցելելուց հետո դրանք իսպառ կփարատվեն և ձեր մտքով անգամ չի անցնի ընդդիմության մեղադրել, որ պատշաճ չեն պայքարում Փաշինյանի ազգակործան իշխանության դեմ: