Մեկ ժամ առաջ հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում։ Պարզվում է՝ զննությունն իրականացվել է ոչ թե տանը, այլ Ծառուկյանին պատկանող հողատարածքում՝ 2020 թվականին նախաձեռնված մի քրեական վարույթի շրջանակում։
Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը «Հրապարակ»-ին ասաց, որ քրեական գործը որևէ առնչություն չունի Ծառուկյանի հետ, այլ հարուցվել է դեռ 2020 թվականին, վերաբերում է Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց։
Փաստաբանը նշեց, որ գործի շրջանակում առաջացել է անհրաժեշտություն փորձագետների միջոցով զննել որոշ հողատարածքներ, որոնց մի հատվածը համընկնում է Ծառուկյանին պատկանող տարածքների հետ։
«Արդեն 30 տարի է՝ պարոն Ծառուկյանը օրինական կերպով տիրապետում է այդ հողատարածքներին, դրանք պատկանում են պարոն Ծառուկյանին։ Այսօր չափումներ են արել եւ լուսանկարներ, ըստ էության, այնտեղ առանձնատուն չկա, շինություն է»,-նշեց Խաչատրյանը։
Ծառուկյանի՝ այսօրվա զննության ենթարկված հողը եւս Առինջի տարածքում է գտնվում։
Մեր հարցին ի պատասխան՝ Էմին Խաչատրյանն ասաց, որ դեռեւս 2020 թվականին Գագիկ Ծառուկյանը վկայի կարգավիճակով մեկ անգամ հարցաքննվել է քրվարույթի շրջանակում։