Այլ

Բազազ Արտեմի տանը Համբոյի ու Գիքորի բերանը բաց էր մնացել․․․

Բազազ Արտեմի տանը Համբոյի ու Գիքորի բերանը բաց էր մնացել․․․

Վաշինգտոնում Ալիևն ու Թրամփը  հարսանքավոր էին, նիկոլենք  գյուղից հրավիրված բարեկամներ։ Մի քիչ շփոթված կանգնել էին միջանցքի մի ծերում ու սպասում էին, որ հարսանքավոր թրամփենք գան ու իրենց ներս տանեն։ Գյուղի բարեկամների տեսքն ուղղակի ցնցող էր, Գիքորից բեթար վիճակում էին, այս ու այն կողմ էին խլշկոտում՝ արա, ո՞նց ենք ընկել Սպիտակ տուն, էս հերը՝ Համբոն, ու՞ր կորավ աչքից։  

Նրանց հայացքներում մի անգիտակ երանություն էր, նման վիճակ լինում է, երբ մատաղացու գառան վզին կարմիր լենտ են կապում ու մի ծառի տակ կապում։ Տեղին է Գիքորից մի փոքրիկ հատված մեջբերել․

«Հեր ու որդի նստած էին բազազ Արտեմի խոհանոցում։ 
- Դե, հիմի դու գիտես, Գիքոր ջան, տեսնեմ՝ ինչ տեսակ տղա ես դուրս գալի․․․ Հենց պետք է անես, որ․․․ ես ի՞նչ գիտեմ․․․ ո՜վ տեր աստոծ․․․- մռնչաց Համբոն ու չիբուխը լցրեց։ 
Այնինչ Գիքորը չորս կողմն էր դիտում։ 
- Ապի, սրանք բուխարի չունե՞ն։ 
- Չէ՛, սրանցը փեչն ա, ա՛յ էն ա փեչը․․․ 
- Կալ էլ չունե՞ն․․․»

Համբոն Նիկոլն էր, Գիքորն էլ իր թիմը։ Եկել են Թրամփի տուն ու մի գառ են նվեր բերել՝ Զանգեզուրի միջանցքը։ Թոթոլ գառ է։ Նման տեսարանների բոլորդ էլ ականատես եղած կլինեք, երբ կայացած, հարուստ մարդիկ գյուղի բարեկամներին կանչում են իրենց ուրախությանը, որպեսզի կողքից ասեն՝ տեսե՜ք ինչ մեծ  սիրտ ունե՜ն, գյուղի բարեկամներին էլ են կանչել։ Գյուղի բարեկամն էլ ընտանիքին  կերակրող վերջին կովն է նվեր բերում՝ չասեն՝ անշնորհք են, մեզ պատիվ են արել՝ կանչել․․․ Սա էր իմ տպավորությունը։ Փաշինյանենք կարող էին չգնալ, մեկ է, հարսանիքը լինելու էր։ Կողմերը երկուսն էին՝ Ալիևն ու Թրամփը։ Ինչ պետք էր իրենց համար լուծեցին, գյուղի բարեկամներին էլ թողեցին բերանները բաց ու հմայված- զմայլված։ Ներկա ու բացակա հյուրերը սկսեցին սքանչանալ՝ ի՜նչ մեծ բարեկամական սիրտ ունի Թրամփը, էդ ո՜նց է բարիշացնում Հայաստանին ու Ադրբեջանին, էդ ո՜նց են իրար ձեռք սեղմում։ Թրամփը գիտեր, թե ինչ է անում, Ալիևը նույնպես գիտեր, թե ինչ է անում, մենակ գյուղի բարեկամները չգիտեին, թե իրենց ինչու՞ են հրավիրել այդ մեծ հարսանիքին։  Հարսանիքն ավարտվել, բայց դեռ նրանց բերանը չի փակվում՝ էդպես հմայք, զմայլանք կյանքում չեն տեսել։ Խոսու՜մ, խոսու՜մ չեն հանգստանում։ Մի քանի օր հետո հասկանում են, որ իրենց կերակրող կովը չկա․․․ Սկսվում է գյուզի սև հարսանիքը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image