Hraparak.am-ի զրուցակիցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն է:
- Պարոն Մելքոնյան, իշխանությունը պարծենում է, ասում են՝ «Սրբազան շարժումը» մարեց, ընդդիմադիրների պայքարն էլ ավարտվեց, այդպե՞ս է:
- Դե, իրենց մոտ այդպես է, հենց փողոցային պայքար չեն տեսնում, ասում են՝ էլ պայքար չկա, այսինքն՝ փողոց դուրս գալն է իրենց համար պայքարը:
- Իսկ ի՞նչ պլաններ կան առաջիկայի համար, Բագրատ Սրբազանի հետ շփումը պահվո՞ւմ է, հանդիպե՞լ եք նրան:
- Խնդիր չունենք ոչ մեկի հետ, Բագրատ Սրբազանի հետ՝ առավել ևս: Կոնկրետ ես ամեն ինչի մասնակցել եմ, մասնակցում եմ, Սրբազանի հետ վերջին շրջանում դեռ չեմ հանդիպել, քանի որ ես Շիրակի մարզից ընտրված պատգամավոր եմ, առավել կենտրոնացել եմ այստեղ:
-Սրբազանն ասում էր՝ «Ճտերն աշնանն են հաշվում», քաղաքական ուժերի վերադասավորում, պայքարի նոր փո՞ւլ է սպասվում, ի՞նչ կասեք:
- Կասեմ, որ աշունը թեժ է լինելու, այս տարի վերջն է լինելու այս իշխանության, քանի որ այսպես շարունակվել այլևս չի կարող: Սրանք հակառակորդին ամեն տեսակ զիջումի պատրաստ են, ասել եմ՝ եթե սրանք մնացին, թողնելու են միայն Երևանն ու օդանավակայան տանող ճանապարհը: Լրիվ կարգին էր, հիմա էլ ԱԺ-ից պատվիրակություն են ուղարկում Եվրոպա, ակադեմիական քաղաք կառուցելու ծրագիր մշակում: Մի հատ մարզերում կրթության վիճակը թող տեսնեն: Որքան մանկավարժների պակաս կա: Մինչև 2026թ-ը միայն Շիրակի մարզում մոտ 40 դպրոց է փակվելու: Թիրախում սահմանամերձ բնակավայրերի դպրոցներն են: Չեն հասկանում, որ կրթությունը ստրատեգիական նշանակություն ունի երկրի համար: Արդյունքում գյուղերն են դատարկվում, բոլորին ուղարկում են քաղաք, տղամարդիկ տաքսի քշեն, կանայք՝ խանութներում կանգնեն: Մարդիկ իրենց տուն ու տեղ, այգի, հողամաս թողնում, գնում են վարձով ապրելու: Պետական լուրջ աջակցության բացակայությունը, կաթի մթերման ցածր գները, անասնաբուժական խնդիրները, անասնակերի պակասը և արոտավայրերի անհասանելիությունը հանգեցրել են նրան, որ Շիրակի մարզի ֆերմերները ստիպված են ծայրահեղ քայլերի դիմել՝ զանգվածաբար վաճառում կամ հարկադիր մորթի են ենթարկում անասուններին։ Մինչդեռ պետական թիրախային աջակցությունը և կաթի մթերման գների բարձրացումը մինչև առնվազն 210-230 դրամ կարող է փրկել ֆերմերային տնտեսությունները: Սա այն նվազագույնն է, որը թույլ կտա ֆերմերներին պահպանել իրենց անասունների գլխաքանակը և չփակել ֆերմաները:
Սա է այս իշխանության արածը՝ դատարկել գյուղերն ու երկիրը դարձնել անկենսունակ: Չէ որ երկիրը հզոր է գյուղատնտեսությամբ: