Իրավաբան, «Եվրասիական ալյանս» նախաձեռնող խմբի անդամ Էմիլ Մարկոսյանը տեղեկացրել է, որ իրենց նախաձեռնող խմբի նախագիծը` ՀՀ Սահմանադրության մեջ լրացում կատարելու մասին հանրաքվեի անցկացման համար համապետական ստորագրահավաք անցկացնելու առթիվ հավանության է արժանացել ԿԸՀ-ի կողմից. «Այժմ ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ լինել ԵԱՏՄ-ում թե ԵՄ-ում»:
Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Մարկոսյանի հետ։
- Դիմել եք ԿԸՀ, այն պահանջով, որպեսզի նախ ստորագրահավաք սկսեք, և եթե բավարար քանակով ստորագրություններ ստանաք, անցկացնեք հանրաքվե հետևյալ հարցով՝ մնա՞լ ԵԱՏՄ կազմում, թե՞ գնալ ԵՄ շուկա, ի դեպ ամիսներ առաջ ՌԴ նախագահ Պուտինն էր հայտարարել, որ հայ հանրությունը պետք է այս հարցում կողմնորոշվի՝ հանրաքվեի միջոցով։ Փաստորեն Դուք եք որոշել պրոցեսի մեկնարկը տալ, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, և ի՞նչ սպասելիքներ ունեք։
- Այո, ճիշտ եք նկատել, սակայն մեր նախագիծը ոչ թե արտաքին քաղաքական վեկտորին է վերաբերում՝ ՌԴ, թե՞ Արևմուտք, այլ հենց տնտեսական ոլորտին է ուղղված։ Մեր խնդիրն այն է, որ Սահմանադրության օրենքի մեջ կատարենք օրենքի լրացում, և ֆիքսենք այն միտքը, որ ՀՀ-ն նախկինում կնքած իր պայմանագրերի հիման վրա չունի իրավունք կնքելու նոր այնպիսի պայմանագրեր, որոնք կհակասեն նախկինում կնքված պայմանագրերին, ինչպես նաև հայ արտահանողների շահերին։ Այժմ Հայաստանն ունի ԵԱՏՄ-ի հետ պայմանագիր, սակայն ինչպես տեսնում ենք՝ առանց այդ պայմանագիրը խզելու, կամ առանց հստակեցումներ մտցնելու մեզ ասում են, որ գնում ենք ԵՄ շուկա։ Դա նախ վիրավորանք է ռուսների համար։ Մենք լսել ենք ամենաբարձր ազդակները այնտեղից, անգամ ՌԴ նախագահից։ Ռուսները ասում են, որ չի կարելի խաղալ երկու ֆրոնտի վրա, կամ պետք է մնալ ԵԱՏՄ կազմում, կամ պետք է գնալ ԵՄ շուկա, բարի ճանապարհ, սակայն նկատի ունեցեք, որ զրկվելու եք բազմաթիվ աջակցություններից, արտոնություններից, որոնք ընձեռվել են ձեզ այս տարիների ընթացքում։ Այն վերաբերում է նաև գազի գնին և այսպես շարունակ։ Հայաստանի իշխանության վարած սխալ քաղաքականության պատճառով մեր ժողովուրդը հայտնվել է բարդագույն ճգնաժամի մեջ, սանկցիաների տակ է Հայաստանն այժմ, բայց հետագայում դրանք ավելի են խստացվելու։ Մարդիկ պարզ ասում են՝ գազի գինը թանկացնելու ենք․․․․ Հայաստանը պետք է իր կնքած պայմանագրերի պարտավորությունները չխախտի, մեր նպատակը դա է։ Պետք է լինել բարոյական ու ազնիվ, որպեսզի ավելորդ թշնամիներ ձեռք չբերենք, հակառակ պարագայում դրանից տուժելու է մեր ժողովուրդը, ինչպես որ տուժում է հիմա։
- Իշխանություններն ասում են՝ ռուսները վատն են, պետք է Ռուսաստանից հրաժարվել, իրենք իբրև թե արևմտամետ են և պատժում են հայ ժողովրդին...
- Ռուսները լավն են, թե վատն են, դա հարցի մի կողմն է։ Իսկ մենք որքանո՞վ ենք լավը ռուսների հանդեպ։ Լավ, թե վատ, Ռուսաստանն է մեր միակ տնտեսական դաշնակիցը։ Մենք երես ենք թեքում մեր կարևորագույն ռազմավարական դաշնակցից, ու իր հակառակորդների հետ ենք փորձում համագործակցել, հիմա մեզանից վատը ո՞վ է։
- Իսկ ԿԸՀ դիմելուց հետո ե՞րբ եք պատրաստվում հանրաքվե իրականացնել։
- ԿԸՀ դիմել ենք օրենքով սահմանված կարգով, նախաձեռնող խմբի 53 անդամներով ենք դիմել, գաղափարի հեղինակը «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն է, հենց նա է մշակել այս ամենը, սակայն քանի որ վերջինս վտարանդու կարգավիճակում է, Հայաստանում չէ, մենք ենք պրոցեսը իրագործում։ Օգոստոսի 3-ից ստորագրահավաք ենք սկսում, մեզ հարկավոր է 60-օրյա ժամկետում հավաքել 200 հազար ստորագրություն։ 200 հազար ստորագրություն հավաքելուց հետո տեղի է ունենալու հանրաքվե։ ՀՀ քաղաքացին է որոշելու մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ ԵՄ շուկա։ Նորից եմ կրկնում խոսքը բացառապես շուկայի մասին է, այլ ոչ թե քաղաքական վեկտորի փոփոխության։
- Իսկ եթե մարդիկ գնան ու ընտրեն ԵՄ-ն, ի՞նչ է տեղի ունենալու։ ԵՄ շուկան գրկաբաց հայերի՞ն է սպասում։
- ԵՄ շուկան կատեգորիկ հրաժարվում է աշխատել հայ արտադրողների հետ։ Ծիրանի արտահանման առաջին փորձը ձախողվել է։ Որակի հետ կապված բազում խնդիրներ են հայտնաբերել, որոնք չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին։ ՀՀ ապրանքաշրջանառության 60 տոկոսը կախված է Ռուսաստանի Դաշնությունից, սա պաշտոնական թիվ է, իսկ Ռուսաստանը Հայաստանից կախված է 0,3 տոկոսով։ Հիմա եկեք հասկանանք, թե մեզանից ով է ավելի շատ կորուստ ունենալու։ Եվրոպական շուկա անգամ երկու տոկոսով ապրանք չենք տանում։ Ընդամենը մի քանի օր առաջ հայտարարվեց, որ հայկական ապրանքը Իրանի միջոցով փորձել են մտցնել ռուսական շուկա, սակայն Ռուսաստանը նորից մերժել է։
- Բայց եթե մարդիկ հանրաքվեի արդյունքում ընտրեն ԵՄ շուկան, ի՞նչ է տեղի ունենալու դրանից հետո։
- Այդ պարագայում ապրանքաշրջանառության կոլապս է առաջանալու, և կորցնելու ենք տնտեսական դաշնակից, որը տնտեսական պատժամիջոցներն ավելի է մեծացնելու, և կյանքը բարդանալու է բոլորիս համար։ Եվրոպական շուկա մթերք արտահանելու համար պետք է համապատասխանել եվրոպական ստանդարտներին։ Եթե առաջ գյուղացին արկղերով ծիրանը ուղարկում էր ՌԴ, ապա ԵՄ շուկան պահանջում է հատուկ պլաստիկ ամաններ՝ ստերիլիզացված, ինչը ևս լրացուցիչ ծախս է։
- Ի դեպ՝ ԵՄ շուկան ասում են, որ անգամ հողի որակն է ստուգում, թե ինչ հողի մեջ է աճեցվել պտուղ-բանջարեղենը։
- Ոչ միայն հողն են ստուգում, այլև բերքի գույնը։ Նրանք ունեն հատուկ գունային երանգների ցանկ, որին ապրանքը պետք է համապատասխանի։ Այժմ մեր գերնպատակն այն է, որ Հայաստանի քաղաքացիները զերծ մնան պատժամիջոցներից։ Այդ պատժամիջոցները ոչ միայն տնտեսական ոլորտում կարող են լինել, այլ ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած բազմահազարանոց հայերի վրա կարող են դրանք ազդել։