8 տարի առաջ Հայաստանի վարչապետ կարգված «դուխով» Նիկոլը գլուխ էր գովում, թե «թավշյա հեղափոխությունը» կյանքի է կոչվել առանց մեկ զոհի: Չնայած մեկ զոհ այնուամենայնիվ եղել էր. դա մեքենայի տակ ընկած երեխա էր: Բայց դա շատ արագ մոռացվեց, քանի որ «հեղափոխական էյֆորիան» գտնվում էր իր բարձրակետին: Ու այդ պատճառով էլ կա՛մ իրավապահները լռեցին դրա առումով և կա՛մ ընդհանրապես չզբաղվեցին այդ հարցով: Սակայն անցած ութ տարիների ընթացքում շատ ավելի զոհեր եղան, քան նախկիններից երկրորդ ու երրորդ նախագահների օրոք:
Իսկ մարտի 1-ի 10 զոհի հանգամանքը դրոշ դարձրած ընդդիմադիր Նիկոլին «փոխարինած» վարչապետ Փաշինյանն անընդհատ կռիվ է տալիս 5000 թվի դեմ: Կարծես թե եթե լինի ոչ թե 5000, այլ դրա թեկուզ կեսի չափով՝ դա կարող է ընդունելի լինել: Քարոզարշավի ընթացքում ՔՊ-ի պաստառը պոկելու համար մեկ մարդ ևս զոհ գնաց գործող իշխանությանը: Բայց ընդդիմադիր այս կամ այն ուժի պաստառ պոկելու համար, բնականաբար, ոչ մեկին բերման չեն ենթարկում, որպեսզի այն ևս ավարտվի ողբերգությամբ: Տա Աստված, որ երիտասարդը լինի վերջին զոհը հունիսի 7-ի իշխանափոխությանն ընդառաջ:
Իսկ կես ամիս անց յուրաքանչյուր հայաստանցու որոշումից է կախված լինելու ապագայում Հայաստանի չլինելու և կամ Նիկոլի իշխանությանը վերջ տալու՝ երկընտրանքի լուծումը: Եթե ընտրողների մեծամասնությունը քվեարկի առաջին տարբերակի օգտին, հետագայում Նիկոլն իր մեմուարներում կգրի, որ ինքը նախապես էր զգուշացրել այդ մասին: Ու կհիշատակի իր՝ «2018-ին նստեցի մի մեքենայի ղեկին, որն արագընթաց անդունդ էր գնում», արտահայտությունը: Ու կփորձի արդարանալ, որ չնայած իր գործադրած ջանքերին, իրեն չի հաջողվել կասեցնել անդունդ գնալը: Իրականում, ամեն ինչ ճիշտ հակառակն էր: ՀՀ երրորդ նախագահի օրոք, թեև հենց ինքն էր մերժվողը, քվեաթերթիկ լցոնելն արդեն անցել էր պատմության գիրկը: Էլ չասած քվեաթեթիկներով լցված արկղերն ընտրատեղամասերից գողանալու մասին: Իսկ պետության տնտեսությունն էլ զարգանում էր թե երկրորդ և թե երրորդ նախագահների օրոք:
Ինչ մնում է այս օրերին ընթացող նախընտրական քարոզչությանը, ապա այն սպառնալիքներով ու ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալություններով անցկացնելն, աչքիս, նիկոլական «ժողբաստիոնի» նոու-հաուն է: Ավելի ճիշտ, նոու-հաուների շարքից մեկը: Ինչը, ենթադրաբար, ներառվելու է սկզբում հայաստանյան՝ նախքան Հայաստանի, որպես պետության վերանալը, իսկ այնուհետև արևմտյան ժողովրդավարությունների դասագրքերում: Եթե, իհարկե, արևմտյան երկրների ղեկավարությունը շարունակի աչք փակելը՝ կույր ու խուլ ձևանալով, ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների վրա:
Ինչևէ, նիկոլական «ժողբաստիոնի» նոու-հաուի գագաթնակետ կարելի է համարել նախկինում իր համակիր անձին՝ «գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը» ասված արտահայտությունը: Եվ վերջում էլ, երբ նրան տանում էին, հետևից «անասուն» գոռալը: Ընդ որում, այն անձի հասցեին, որ մինչև վերջ Արցախում սպասարկում էր ՀՀ վարչապետի աթոռից կառչած Նիկոլի անձնական շահերը: Ում հանդեպ անմիջապես քրեական վարույթ է հարուցվել խուլիգանության հատկանիշով: Պատկերացնո՞ւմ եք՝ հրապարակայնորեն խուլիգանի վարքագիծ դրսևորի երկրի վարչապետը, խուլիգանության համար ազատազրկեն նրա զոհին:
Շարունակենք նիկոլական «ժողբաստիոնի» նոու-հաուների շարքը: Թեև ստորև ներկայացվելիքը ոչ թե ժողովդավարության, այլ բռնապետության դրսևորում է: Որովհետև «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարը հանդիսացող Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախընտրական ժամանակաշրջանում պետական դավաճանության և լրտեսության մեղադրանք ներկայացնելը ժողովդավարությունում չտեսնված երևույթ է: Հատկապես եթե հաշվի առնենք, որ մեղսագրումը կատարվել է 2024-ի ժամանակահատվածի առումով: Երբ իշխանության կողմից առաջին անգամ խոսվեց դրա մասին՝ չէին ճշտել, որ 2024-ին ինքն արդեն ԱԺ պատգամավոր չէր:
Ծանոթություն. Անդրանիկ Թևանյանն ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր է եղել 2021-2023 թթ.-ին: Ու 2024-ին չէր կարող ներկա լինել որևէ գաղտնի ինֆորմացիայի՝ նեղ շրջանակում հրապարակմանը: Հետո համապատասխան կառույցում գլխի ընկան, որ սխալը պետք է ուղղել: Եվ հայտարարեցին, որ այդ ինֆորմացիան նրան հայտնի է դարձել ինչ-որ մեկի կողմից: Ինչը նշանակում է, որ եթե հունիսի 7-ին իշխանությունից չզրկվի Նիկոլը, այնպես էլ չի բացահայտվի այդ ինչ-որ մեկի ով լինելը: Քանի որ, վստահաբար, ո՛չ նման անձ է եղել և ո՛չ էլ գաղտնի ինֆորմացիայի արտահոսք: Բայց այդ ամենը ոչ մի նշանակություն չունի՝ եթե իրավապահ ողջ համակարգի, բառիս բուն իմաստով, տերը հրահանգել է փակի տակ պահել նրան մեկ-երկու տասնամյակով և կամ ցմահ: Ու դա անհրաժեշտ է «Բարգավաճ Հայաստան»-ի վարկանիշը գցելու համար: Չնայած, իմ կարծիքով, դա ավելի է բարձրացնելու:
Այս ամենը նշանակում է, որ «ժողբաստիոնային» աննորմալություններից խուսափելու միայն մեկ ճանապարհ է առկա. հունիսի 7-ին մեկ մարդու նման գնալ ընտատեղամասեր և ոչ ասել Նիկոլին և նրա կուսակցությանը: