Վերլուծություն

Պրիմիտիվ, պրիմիտիվ մտածողություն

Պրիմիտիվ, պրիմիտիվ մտածողություն

Փոխվարչապետ աշխատող Մհեր Գրիգորյանը եւ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում քննարկում են Հայաստանից ապրանքների արտահանման, Ռուսաստանի կողմից հայ արտադրողների նկատմամբ սահմանված արգելքները, շուկաների դիվերսիֆիկացումը եւ նոր շուկաներին հայկական ապրանքների որակական չափանիշների համապատասխանության հարցը: Երկրի տնտեսությամբ զբաղվող այս երկու առանցքային պաշտոնյաների քննարկումը ցույց է տալիս, թե ինչպիսի մարդիկ են զբաղվում Հայաստանի տնտեսական կյանքի կազմակերպմամբ, եւ, ըստ այդմ, հասկանալի է դառնում, թե ինչու է Հայաստանի տնտեսության վիճակն այսքան ողբերգական: Այս մարդիկ տարրական պատկերացում անգամ չունեն միջազգային տնտեսական հարաբերություններից եւ առաջնորդվում են գրքային կամ չգիտեմ էլ որտեղից լսած ճշմարտություններով:

Որպեսզի պարզ լինի, փորձենք կարճ ներկայացնել նրանց երկխոսության բովանդակությունը. Մհեր Գրիգորյանն ասում է, որ շուկաների դիվերսիֆիկացիան կլուծի նաեւ ապրանքների որակի շուրջ եղած խոսակցությունները, որովհետեւ, եթե Հայաստանի ապրանքներն առաքվում են միայն մի երկիր` Ռուսաստան, այդ երկիրը կարող է ցանկացած պահի ասել, որ ձեր ապրանքներն անորակ են կամ չեն համապատասխանում մեր շուկայի պահանջներին, իսկ եթե արտահանվում է 15-20 երկիր, ապա այդ հարցը փակվում է, որովհետեւ չի կարող 14 երկրի համար լինել որակով, համապատասխանել այդ երկրների չափանիշներին, իսկ, օրինակ, Ռուսաստանի համար լինել անորակ: Բայց Ռուսաստանը չի էլ թաքցնում, որ Հայաստանի դեմ սահմանված արգելքները քաղաքական են, ուղղակի դրանց տրվում է այլ ձեւակերպում, մի՞թե Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչները չեն պնդում, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ, իսկ այդ հարցը տնտեսական չէ, այլ՝ քաղաքական: Մհեր Գրիգորյանը երեւի չգիտի, որ աշխարհում չկան ազատ շուկայական հարաբերություններ, որ դրանք միայն գրքերում են գրված` Ադամ Սմիթի կամ Դեյվիդ Ռիկարդոյի աշխատություններում: Իրական կյանքում յուրաքանչյուր երկիր պաշտպանում է իր շուկան՝ այնտեղ թույլ տալով մուտք գործել միայն բարեկամ եւ դաշնակից երկրներին, թող տեսնեն, թե ինչպես են ԱՄՆ-ն, Չինաստանը կամ այլ երկրներ պաշտպանում իրենց շուկաները, եւ կհասկանան, որ ոչ մի երկիր թույլ չի տալիս, որ ինչ-որ մեկը մտնի այնտեղ եւ ազատ ման գա: «Ազատ շուկայական հարաբերություն» հասկացությունը ստեղծել են հզորները՝ թույլերի շուկաները գրավելու եւ այդ շուկաներն իրենց ապրանքներով հեղեղելու, դրանք իրենց համար սպառման շուկա դարձնելու համար:

Հիմա անցնենք Նիկոլ Փաշինյանին. ի պատասխան Մհեր Գրիգորյանի սույն խոր տնտեսագիտական վերլուծության, Փաշինյանն ավելի խորախորհուրդ միտք է արտահայտում. ասում է, որ շուկաների դիվերսիֆիկացիա տեղի է ունենում ոչ միայն Հայաստանում, այլեւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում, եւ երբ նրանք նայում են եւ տեսնում են, թե ինչպես է իրենց հետ վարվում Ռուսաստանը, նրանց մոտ մտահոգություն է առաջանում, որ նույնը կարող է տեղի ունենալ նաեւ իրենց հետ:

Ռուսաստանը երբեք դեմ չի եղել, որ Հայաստանը դիվերսիֆիկացնի իր արտահանման կամ ներմուծման շուկաները, եւ ոչ էլ մյուս երկրների դեպքում է նման արգելք դրել, նույնիսկ տրամաբանական էլ չէր լինի: Ռուսաստանը Հայաստանին այլ բան է ասում, ասում է` ԵՄ-ն իմ աշխարհաքաղաքական թշնամին է, այդ դաշինքն իմ դեմ պատերազմում է, եւ այդ թշնամանքն ավելի է խորանում` այն աստիճան, որ ԵՄ երկրները չեն բացառում, որ 2030 թվականին ՌԴ-ԵՄ պատերազմը կարող է Ուկրաինայից տեղափոխվել ԵՄ տարածք։ Նրանք ասում են` կողմնորոշվեք. դուք մեր դաշնակի՞ցն եք, թե՞ թշնամին, եթե թշնամին եք, մենք ձեզ պետք է վերաբերվենք որպես թշնամու: Սրանից պարզ ուղղակի հնարավոր չէ ասել, այլ հարց է, որ Մհեր Գրիգորյանը կամ Նիկոլ Փաշինյանը չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ: Ի տարբերություն Հայաստանի, ԵԱՏՄ որեւէ այլ անդամ երկիր չի հայտարարում ԵՄ-ին միանալու մտադրության մասին, դրա հետ կապված օրենք չի ընդունել:

Փաշինյանը կառավարության նիստի իր ելույթում այնքան առաջ գնաց, որ հայտարարեց ԵԱՏՄ-ի ինքնալուծարման մասին: «Ես մեր գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են, եւ մենք պետք է հասկանանք` դա ինչ ա նշանակում գործնականում, այսինքն, մենք պետք ա հասկանանք` ԵԱՏՄ անդամ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված սենց որոշումներ կարող ա՞ կայացնի, ըտենց ուղղակի մի օր արթնանա` որոշումներ կայացնի: Իմ գնահատմամբ` եթե էս հարցի պատասխանը այո ա, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում ա ինքնալուծարման մասին, եւ մենք ստեղից պետք ա հետեւություններ անենք»:

Հիշեցնենք, որ խոսքը մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի հայտարարության մասին է, որով ԵԱՏՄ չորս երկրներ իրենց հայտարարությամբ Հայաստանին կոչ էին անում հանրաքվե անցկացնել եւ ի վերջո կողմնորոշվել` Հայաստանը մնո՞ւմ է ԵԱՏՄ կազմում, թե՞ գնում է ԵՄ անդամակցության ուղով: Նախ, այդ հայտարարությունը չի ընդունվել մի օրում, արդեն մի քանի տարի Ռուսաստանը եւ ԵԱՏՄ տարբեր պաշտոնյաներ այդ հարցը բարձրաձայնում են, ե՛ւ Փաշինյանը, ե՛ւ իր կառավարությունը խուսափում են այդ հարցին ուղիղ պատասխանելուց, անընդհատ ցրելով, իրենց ճարպիկ, հնարամիտի տեղ դնելով, մինչեւ որ բանը հասավ հայտարարությամբ դիմելուն: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ ինքնալուծարմանը, ապա Փաշինյանի առաջ խնդիր էր դրվել՝ լուծարել այդ կառույցը՝ առնվազն Հայաստանն այդ կառույցից դուրս բերելով, հիմա նա կարող է համարել, որ առաջադրանքն իր մասով կատարել է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image