Վերլուծություն

Մեր աչքն է խոթում չեղած խաղաղությունը՝ պատերազմի համար հիմքեր ստեղծելով

Մեր աչքն է խոթում չեղած խաղաղությունը՝ պատերազմի համար հիմքեր ստեղծելով

Նախընտրական ցանկացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ինչպես մեր նախնիները կասեին՝ «փրփուր ի բերան», փորձում է հասարակության աչքը խոթել իր (չ)բերած խաղաղությունը, միաժամանակ՝ տարբեր արտահայտություններով նոր պատերազմի հիմնավոր հիմքեր ստեղծել Ալիեւի համար։ Եվ ընդդիմադիր գործիչները պարտավոր են հանրությանը պարզ ու հստակ բացատրել այն բազմաթիվ հակասությունները, որոնք առկա են վարչապետի վարած քաղաքականության ու խոսքի մեջ։ Ուզում եմ անդրադառնալ երկու կարեւոր հարցի, որոնք լուրջ վտանգ են պարունակում։

Փաշինյանի քարոզարշավի գլխավոր մեխն այն է, որ նա մեզ համոզում է, թե բերել է խաղաղություն, իսկ ընդդիմությունը «պատերազմի կուսակցություն» է։ Նրա փաստարկն է՝ մեկուկես տարի սահմանին զոհեր, կրակոցներ չկան, խաղաղություն է։ Սակայն խաղաղությունը միայն կրակոցի բացակայությունը չէ։ Խաղաղությունը նաեւ անվտանգությունն է, իրավական հստակությունը, պետական արժանապատվությունը, հակամարտության իրական կարգավորումը։ Ոչ միայն այս ամենը չկա, անգամ խաղաղության մասին որեւէ ձեւական փաստաթուղթ չի ստորագրվել՝ նախաստորագրված վաշինգտոնյան թուղթը չստորագրվածի հաշիվ է։ Մեր ինքնիշխան տարածքներում ադրբեջանական ուժեր կան, Բաքվում շարունակում են պահվել հայ գերիներ։ Ադրբեջանը շարունակում է բարձրացնել «Արեւմտյան Ադրբեջանի» թեման, նոր պահանջներ ներկայացնում։ Այս պայմաններում խաղաղության մասին խոսելը ոչ թե անիմաստ է, այլ՝ «բռի» քարոզչություն։ Վտանգավորն այն է, որ նա փորձում է հավասարության նշան դնել արցախահայության վերադարձի իրավունքի եւ Ադրբեջանի առաջ քաշած «Արեւմտյան Ադրբեջանի» հորինված թեզի միջեւ, որը որեւէ հիմք չունի եւ նախկինում երբեք գոյություն չի ունեցել։ Իսկ Փաշինյանի խոսույթը լեգիտիմացնում է այդ վտանգավոր գաղափարը։ Ալիեւը պարզապես օգտվում է իրեն տրված հնարավորությունից եւ նոր պահանջներ, կեղծ գաղափարներ առաջ տանում՝ Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ։ Շեշտենք, որ դա շրջանառության մեջ մտավ հենց Նիկոլի իշխանության տարիներին, երբ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում եւ սկսեց հայկական պատմության դեմ մերժելի տեքստեր բարձրաձայնել, Արարատից ու ցեղասպանության ճանաչումից հրաժարվել։

Արցախցիների վերադարձի իրավունքը ճանաչված է միջազգային իրավունքով։ Դա քաղաքական սակարկության թեմա չէ։ Մեր ժողովուրդն իրավունք ունի հարցնել Փաշինյանին․ ո՞վ է քեզ իրավունք տվել՝ ոտնահարելու այդ սրբազան իրավունքը, դու հարցրե՞լ ես արցախցիներին, հարցրե՞լ ես հայ ժողովրդին։ Ինչո՞ւ ես փորձում արցախահայության իրավունքը նույն հարթության վրա դնել ադրբեջանցիների կեղծ «իրավունքների» հետ։ Դրանով ոչ թե հավասարեցնում ես կորուստները, այլ ցեխի հետ ես խառնում արցախցիների ողբերգությունն ու ցավը։ Պատմության մեջ չի եղել «Արեւմտյան Ադրբեջան» վարչաքաղաքական միավոր, մարզ, ինքնավարություն։ Մինչդեռ Ադրբեջանում գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետություն՝ որպես առանձին քաղաքական սուբյեկտ։ Արցախի հարցն ու «Արեւմտյան Ադրբեջանի» արհեստածին թեզը նույնացնելը ոչ միայն պատմական կեղծիք է, այլեւ՝ վտանգավոր քաղաքական մանիպուլյացիա, դավաճանություն սեփական ազգի շահերին։ Եվ սա տեղի ունեցավ քո անհեռատես, գուցե՝ գիտակցված քաղաքականության արդյունքում։ Եվ քո այժմյան խոսույթը ոչ թե խաղաղարար է, այլ՝ ադրբեջանահաճո, ավելի ճիշտ՝ ստրկահաճո։ Որովհետեւ ստրկությունը սկսվում է այն պահին, երբ մարդը վախից սկսում է կեղծել իրականությունը, եւ այդ թեզերը կա՛մ տգիտության արդյունք են, կա՛մ՝ քաղաքական շահագրգռության։ Ալիեւը որքան ջանք պիտի գործադրեր, որքան գումար ծախսեր, որպեսզի որեւէ մեկն իրենց համար նման քարոզչական նվեր ստեղծեր։

Հայաստանում դեռ մի մեծ խումբ մարդիկ կան, որոնք ապրել են 90-ական թվերին եւ տեսել են, թե ինչպես են ադրբեջանցիները հեռացել Հայաստանից՝ առանց բռնությունների, շատերը փոխանակելով կամ վաճառելով իրենց տները, նրանց նույնիսկ ուղեկցել են ոստիկանության ուժերը, ապահովել խաղաղ մեկնում։ Մինչդեռ Ադրբեջանից հայերը փախել են Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերից հետո՝ թողնելով ահռելի ունեցվածք եւ կարողություններ։ Այս երկու իրողությունների միջեւ հավասարության նշան դնելը բարոյական եւ պատմական խեղաթյուրում է։ Եթե երբեւէ քննարկվի փախստականների վերադարձի հարցը, ապա պետք է խոսվի Ադրբեջանից բռնի տեղահանված 500 հազար հայերի վերադարձի մասին։ Դու միակողմանիորեն հրաժարվում ես հայկական իրավունքներից, մինչդեռ Ալիեւը չունեցած իրավունքներն է ճոճում եւ ամեն օր ավելացնում նորերը՝ «անկլավներ», «Արեւմտյան Ադրբեջան», «վերադարձ», նոր տարածքային պահանջների ակնարկներ, Սահմանադրության փոփոխություն։ Եվ վտանգավորն այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ վաղը նույն ճնշման տակ Փաշինյանը, եթե վերընտրվի, այդ բոլոր զիջումներին չի գնալու։ Եթե հրաժարվեց Արցախից, վաղը նույն մեխանիզմով կարող է հրաժարվել Սյունիքից ու Հայաստանի այլ հատվածներից։ Ո՞վ կարող է վստահ ասել, որ վաղը չի խոսելու Էրիվանի, Գյոլչայի կամ Ուչմիածնի ոչ հայկական լինելու մասին։ Այս անձի իշխանավարման տարիներին հայերը դարձան պատմության մեջ առաջին ժողովուրդը, որի իշխանությունն անտարբեր հետեւեց, թե ինչպես են իրենց հայրենակիցներին բռնի տեղահանում հայրենիքից։ Առաջին ժողովուրդը, որտեղ պետական քարոզչությամբ ատելություն էին սերմանում փախստական հայրենակիցների նկատմամբ։ Սա մեր պատմության ամենացածր բարոյական անկումներից էր։ Արցախը հայաթափվեց ոչ միայն պատերազմի, այլ նաեւ քաղաքական կապիտուլյացիայի հետեւանքով, եւ դրա հեղինակը մեկ մարդ է: Եվ այդ մեկ մարդը դու ես, Նիկոլ:
Մի քանի բառ էլ ասեմ իրական օլիգարխների մասին. ՔՊ-ն Սամվել Կարապետյանին անվանում է օլիգարխ։ Մինչդեռ օլիգարխը պարզապես հարուստ մարդը չէ, այլ այն անձն է, որն ունի ե՛ւ ֆինանսական ռեսուրսներ, ե՛ւ քաղաքական որոշումների վրա ազդեցություն։ Այսինքն՝ փողը վերածվում է իշխանության, իսկ իշխանությունը ապահովում է մեծ փողեր։ Օլիգարխիան այն է, երբ պետությունը սկսում է ծառայել ոչ թե հանրությանը, այլ՝ սահմանափակ խմբի շահերին։ Լսենք Արիստոտելին․ «Օլիգարխիան համակարգ է, որտեղ իշխում են ոչ թե լավագույնները, այլ՝ հարուստները»։ Եթե Սամվել Կարապետյանը պետական պաշտոն չի զբաղեցնում եւ պետական կառավարման վրա անմիջական լծակներ չունի, ապա ովքե՞ր են իրականում օլիգարխները։ Թող ՔՊ-ականներն իրենց շուրջը նայեն։

Իսկ իրական վտանգը ոչ թե պարզապես հարուստ մարդիկ են, այլ իշխանությունն ու տնտեսական ազդեցությունը մեկտեղած համակարգը։ Երբ իշխանությունը սկսում է ապրել կեղծիքով, վախ է տարածում, փուչ քարոզչություն է անում, եւ պետությունն աստիճանաբար կորցնում է իր դիմադրողականությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image