Փաշինյանի քարոզարշավի ժամանակ նրան «դավաճան» անվանելու համար բլոգեր Արտակ Ավետիսյանը կալանավորվել է 1 ամսով: Այսինքն՝ նա կալանավայրից դուրս կգա, երբ պաշտոնապես հայտնի կդառնան ԱԺ ընտրության արդյունքները: Որքան հիշում եմ, սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին «մեծարգոյի» փոխարեն մեկ այլ անվանում տալու դեպքում մարդը հայտնվում է քննչական կառույցի ուշադրության կենտրոնում: Իսկ գործընթացն էլ ավարտվում է «անկախ» դատական համակարգի որոշմամբ կալանավայրում հայտնվելով: Բլոգեր Արտակի դեպքում՝ ընդամենը մեկ ամսով, այլոց դեպքում՝ բազում ամիսներով:
Դա նիկոլական «ժողբաստիոնի» բնական հատկանիշն է թե՛ ընդհանրապես եւ թե՛ հատկապես նախընտրական ժամանակահատվածում: Քանի որ ողջ իրավապահ համակարգը ծառայում է ոչ թե օրինականությանն ու արդարադատությանը, այլ ընդամենը մեկ մարդուն: Եվ այդ մեկ մարդը ո՛չ ես եմ, ո՛չ՝ դու, հարգելի ընթերցող, եւ ո՛չ էլ 3 միլիոն «վարչապետներից» ցանկացած մեկը, այլ՝ միայն ու միայն երբեմնի «դուխով» Նիկոլը, որն այնուհետ, իր «սիրելի» ժողովրդի ասելով, վերածվեց «խեղճ հարիֆի»: Ինչպես նաեւ՝ ընդամենը մարդանման արարածի, երբ հաշվի ենք առնում թշնամու կողմից իրեն ուղղված ստորացումներն անմռունչ տանելը եւ մարդկային ու ազգային արժանապատվությունը կորցնելը: Ու մարդանման այդ մեկ արարածը ցանկանում է մինչեւ կյանքի վերջը կառչած մնալ վարչապետի աթոռից:
Այդ մեկ արարածը, սակայն, չի բավարարվում իր իշխանությունը երկարաձգելու նպատակով օրենսդրություն խստացնելով, որ վերաբերում է միայն հակառակորդներին: Չի բավարարվում ուժայիններով իրեն շրջապատելով ու իր «խիստ թանկարժեք» անվտանգությունն ապահովելով: Ու արդյունքում՝ իրեն ոչ ձեռնտու անձանց ազատությունից զրկելու հետ մեկտեղ փորձում է լեգիտիմություն հաղորդել իր անձնական իշխանությանը: Խոսում է արժեքներից, մշակում է վարքի էթիկական նորմեր, ճառում է հոգեւոր թեմաներից: Բայց միաժամանակ ոտնահարում է արժեքները, խախտում է բարոյական կանոնները՝ օրինակ ծառայելով իր ենթականերին ու իրեն ծառայողներին: Հոգեւոր աշխարհից կիլոմետրերով հեռու գտնվելով՝ փորձում է, իր ասելով, կարգավորել այդ բնագավառը: Իսկ «բարեկարգումն» էլ փորձում է կատարել Եկեղեցու՝ ամենից ավելի բացասականորեն աչքի ընկած գործիչների միջոցով:
Բայց քանի որ հայոց եկեղեցու «բարեկարգման» հարցում ինքը խայտառակ պարտություն կրեց, հիմա էլ փորձում է անգրագետ զանգվածի ուղեղը մտցնել, թե իր օրոք Հայաստանը վերածվում է հոգեւոր պետության: Պատկերացնո՞ւմ եք, հայոց եկեղեցին պառակտած, առանձին եկեղեցիներ համարյա թե ասպատակած, բանակում գնդերեցների ինստիտուտը վերացրած իշխանության օրոք մեր երկիրը, իր ասելով, դառնում է հոգեւոր պետություն: Եվ ողջ զավեշտն այն է, որ դա փորձում է հիմնավորել՝ սոցիալական այս կամ այն հարցի կիսատ-պռատ լուծումը մեջբերելով: Արդեն չգիտես՝ չի՞ իմանում, որ բժշկական ծառայությունների հասանելի լինելը, օրինակ, վկայում է ոչ թե հոգեւոր, այլ սոցիալական պետության մասին, որ դրա պահանջն ամրագրված է նախկինների կողմից ընդունված Սահմանադրության 1-ին հոդվածում: Ուրիշ հարց, որ այդ հոդվածը եւս կարող է փոփոխության ենթարկվել՝ «սոցիալական պետություն» եզրույթը փոխարինելով «հոգեւոր պետությամբ», որպեսզի հաստատվի իր ասածը:
Ողջ իր գիտակից կյանքում մարդկանց հիմարի տեղ դնելով, ինչը հենց հանուն որոշակի խմբի կամ իր դեպքում՝ միայն անձի, նեղ շահերի մարդկանց օգտագործելու տիպիկ դրսեւորում է, խոսում է այդ երեւույթի անթույլատրելիության մասին: Ինչ վերաբերում է քաղաքացիներին սիրող պետությանը, ապա զոհված զինվորների մայրերին ասֆալտի վրա քարշ տալը վկայում է ճիշտ հակառակի մասին: Ինչեւէ, որպեսզի վերջապես վերացնենք այդ ամենն ու փակենք մեր իրական ու հոգեւոր հայրենիքի ամոթալի էջը, պետք է հունիսի 7-ին, նախ, մեկ մարդու նման այցելենք մեր ընտրատեղամասը: Եվ երկրորդ՝ ձայն տանք իրական ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկին՝ «ոչ» ասելով իր ողջ գիտակից կյանքում մարդկանց մանիպուլացնող՝ այսօր վարչապետի աթոռից կառչած այդ անձին: