Քաջ նազարը երբեք իր գործը ուրիշին չէր հանձնարարում: Պետք էր շահի քարավան կտրել՝ կկտրեր անձամբ, հսկաներին ջարդել՝ կջարդեր մենակ, մի ահարկու փռշտոցով աշխարհ քանդել՝ ինքը կփռշտար…Ո՞ր մեկն ասեմ: Այնքան մարդ կար հավաքված կռվի դաշտում, բայց էլի Նազարը թռավ վագրի մեջքին ու քշեց: Բա ճանճերի պատմությունը… Անհաղթ հերոս քաջն Նազար, որ մին զարկի՝ ջարդի հազար…
Էս մեր վարչապետը հեչ Նազարին չի քաշել: Լսել է, որ դեղատներում և ԲԿ-ներում խնդիրներ կան, բայց տեղից չի շարժվում, որ այդ խնդիրներն անձամբ լուծի: Ասում է՝ կամավորական խմբեր ձևավորեք, թող հասկանան՝ դեղատներում, ԲԿ-ներում ինչ խնդիրներ կան, լուծեն: Այ ցավդ տանեմ, Հայաստանում բոլոր խնդիրներն այսօր կոռուպցիոն խնդիրներ են, ո՞վ կարող է քեզնից ավելի լավ լուծել դրանք: Բա մի Նազարի չափ չկա՞ս, որ մին փռշտաս, ու կոռուպցիան վերանա: 44-օրյա պատերազմի օրերին էլ էր նույն անում: Իբր ինքը ահավոր զբաղված է, ժողովրդին էր դիմում, թե խմբեր կազմեցեք, ձեր միջից հրամանատար ընտրեք, դիմեք այդ հրամանատարի գրանցման վայրի զինկոմիսարիատ, գնացեք առաջին գիծ և հաղթեք: Բա Նազարն այսպիսի էշություն կանե՞ր: Նազարի ո՞ր կռվի ժամանակ 5 հազար տղա զոհվեց… Ինքը կասեր՝ գյադեք, մի էս կողմն անցեք, տեսնեմ ես դրանց հարցերը ոնց եմ լուծում: Կասեր ու կլուծեր: Նազարն անդրդվելի և անպարտելի էր նման հարցերում:
Թալանչի՞ էր, արդյոք, Նազարը: Մեծ հաշվով՝ ոչ: Նա մեկ անգամ, ընդամենը վերցրեց, այն էլ ամբողջ թագավորության տեսքով: Հետագա տեսարաններում բացակայում են Նազարի կողմից կաշառք-մաշառք ստանալու, բյուջեն թալանելու, սթաֆին միլիոնանոց պարգևավճարներ բաժանելու կոռուպցիոն դրվագները: Չի կարելի ասել, թե թագավոր Նազարը քեֆ չէր քաշում: Այնտեղ կիսամերկ աղջիկներ, բան-ման… Ուստիանն էլ տեսել էր ու փրփրել: Բայց Նազարը մեղավոր չէր, որովհետև վայելքների ցանկը ճշտում էր թագավորը, և այդ մասին կար պետական որոշում:
Հայաստանում, սակայն, շուխուր է ընկել, որ վարչապետ դառնալուց հետո առաջնորդը սկսել է փող տանել բյուջեից: Սկզբում դա անում էր տակից իսկ հետո, երբ տեսավ, որ ձեռքը բռնող չկա, սկսեց բյուջեն թալանել բացահայտ: Թալանում էր ու հայտարարում՝ մի այնպիսի համակարգ ենք ներդրել, որ թույլ է տալիս պետական ապարատին միլիոններով փող բաժանել, պարգևավճարներ «ցփնել» աջուձախ: Այդ համակարգն ասում է, այնպես է աշխատում, որ իմ աշխատավարձն էլ 1,5 միլիոնով է բարձրացել: Սա որ այսպիսի բաներ է անում, նույնիսկ ես էլ եմ Նազարին նախանձում: Բա Նազարն իմանար որ մի այսպիսի թալանչի է լույս աշխարհ եկել, հանգիստ կնստե՞ր տեղը: Կմտներ կառավարություն ու անեմ ինչ կխառներ իրար, որ այս հարցը պարզի: Բա չէ, ինձ նման… Կնստեր համակարգչի առաջ ու անկապ կթռչեր սրա-նրա դեմքին: Խնդրեմ, հերթական հոդվածն եմ գրում, թե կամավորական խմբեր կազմեք, գնացեք կառավարություն, պարզեք, թե էս ինչ հաշիվ ա, էս ինչ փողեր են, որ վարչապետը «ցփնում» է մեր դառը դատող, դատարկ նստող ժողովրդի աչքի առաջ, քթի տակ… Թե բա համակարգ ենք ստեղծել, համակարգն է որոշում… Բա մի այդպիսի համակարգ էլ ժողովրդի համար ստեղծեք, դուք միայն ձեր մասի՞ն եք մտածում: Պարտք եք վերցնում՝ լափում եք, բյուջեն՝ լափում եք, ասֆալտը լափում եք, զենքը լափում եք, եկեղեցու ունեցվածքը լափում եք… Թե բա իմ աշխատավարձի բարձրացումը պետական որոշումով է եղել… Այդ ի՞նչ պետական որոշում է, որ ոչ մի կերպ չի անդրադառնում այլոց աշխատավարձերի, թոշակների ու նպաստների վրա:
Թե բա կամավորական խմբեր կազմեք, գնացեք կառավարություն, որ պարզեք: Այդ խմբերին ո՞վ կթողնի կառավարություն… Այնքան ոստիկան ու զինված գործակալ կա այդ շենքում, որ այդ խմբին հենց առաջին աստիճանի վրայից հետ կդարձնեն: Բա իրենք էլ են պարգևատրվել, թույլ կտա՞ն, որ իրենց էլ խայտառակեք: