«Պետք է ընտրություն կատարվի քաղաքական միավորից դուրս, որովհետեւ սա Հայաստանն է, սա բոլորիս պետությունն է: Քաղաքական միավորը կարող է քաղաքական գիծը տանել, իսկ աշխատանքները կարող է տանել Հայաստանի ցանկացած քաղաքացի, որն աշխատանքի իրավունք ունի»,- անդրադառնալով արդարադատության նախարարի ընտրության հարցին՝ այսպիսի կարծիք է հայտնել Խաչատուր Սուքիասյանը: Նա սա ասել է այն բանից հետո, երբ ՔՊ-ում վերջնականապես համոզվել են, որ իրենց շարքերում չկա գեթ մեկը, որը կարող է զբաղեցնել այդ պաշտոնը:
Հատուկ Սուքիասյանի համար ասենք, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, եւ այն զբաղեցնող անձն իրականացնում է այն քաղաքական գիծը, որը որդեգրել է այդ իշխանությունը, Հայաստանի ցանկացած քաղաքացի չի կարող տանել ՔՊ քաղաքական գիծը, քանի որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը Այդ գծի հետ ունի անհամաձայնություն, նրանք վստահ են, որ այդ քաղաքական գիծը Հայաստանը տանում է կործանման, ոչնչացման: Միանալ ՔՊ քաղաքական թիմին եւ դառնալ այդ քաղաքական գծի իրականացնող՝ նշանակում է պատասխանատվություն կրել այդ կործանման եւ ոչնչացման համար: Համաձայնեք, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի չէ, որ կհամաձայնի մտնել նման պատասխանատվության տակ, նույնիսկ հանուն նախարարի պաշտոնի եւ դրանից բխող արտոնությունների:
Նշանակում է, որ այդ պաշտոնը կարող է զբաղեցնել մեկը, որն արդեն մտել է նման, մեղմ ասած, մեղքի բեռի տակ, արդեն ՔՊ քաղաքական թիմի անդամ է, եւ անկախ այն բանից՝ ինքը վարչապետ է, փոխվարչապետ, նախարար, պատգամավոր, թե մարզպետ, պատասխանատու է երկիրը կործանման տանող քաղաքականության համար: Դրա համար ավելի հավանական է, որ ՔՊ-ն նախարարի թեկնածու կգտնի թիմի ներսից` խորհրդարանից, քան դրանից դուրս, քանի որ ՔՊ պատգամավորներն արդեն իսկ իրենց վրա են վերցրել երկիրն աղետի հասցնելու պատասխանատվությունը: Երբ որեւէ մարդ ինչ-որ հանցագործություն է կատարում, օրինակ, գողություն կամ սպանություն, նրա համար այլեւս որեւէ նշանակություն չունի՝ նա 5 մարդու է թալանել, թե 15, 5 մարդ է սպանել, թե 15, միեւնույն է` ինքը պատասխանատվություն է կրելու օրենքի ամբողջ խստությամբ:
Սա հարցի քաղաքական կողմն է, բայց կա նաեւ հարցի, այսպես ասած, կենցաղային կողմը: Հոկտեմբերի սկզբին աշխատանքից ազատվեց արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գեւորգյանը: Նա համաձայնել էր աշխատել երկիրը քանդող բրիգադի կազմում, իր վրա էր վերցրել նման պատասխանատվություն, բայց ՔՊ-ականները պահանջեցին նրա պաշտոնանկությունը՝ համարելով, որ իրենց շարքերում տեղ չունի մեկը, որը գրկել է Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գիրքը, եւ դա էլ քիչ չէ` նկարվել է Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ: Սիրվարդ Գեւորգյանի բոլոր արդարացումները, բոլոր մեղայականները որեւէ արդյունք չտվեցին` Նիկոլ Փաշինյանը նրան ազատեց աշխատանքից: Գեւորգյանն արդարադատության նախարարի տեղակալ աշխատեց մեկ ամսից էլ պակաս ժամանակ եւ աշխատանքից ազատվեց ստորացված ու հեղինակազրկված:
Նրա հետ միաժամանակ աշխատանքից ազատվեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Նրա մեղքն էլ այն էր, որ նա Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն էր եւ, հաշվի չառնելով եղբոր եւ նրա աներոջ քաղաքական հայացքները, դարձել էր փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչ եւ իր վրա վերցրել այդ վարչախմբի կողմից իրականացվող քաղաքականության պատասխանատվությունը: Մինասյանին եւս իշխանությունն օգտագործեց ու ոչնչացրեց եւ ցույց տվեց դռան կողմը:
Նրանք երկուսն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին, ունեին աշխատանքի իրավունք եւ, ըստ Խաչատուր Սուքիասյանի տրամաբանության, կարող էին զբաղվել այդ աշխատանքով: Բայց ՔՊ-ականներն ու նրանց վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց զրկեցին այդ իրավունքից՝ համարելով, որ նրանք այնքան էլ հուսալի չեն, կապված են նախկին իշխանության կամ դրա ներկայացուցիչների հետ: Ինչո՞ւ այն ժամանակ, երբ Փաշինյանը նրանց ազատում էր աշխատանքից, Խաչատուր Սուքիասյանը ձայն չբարձրացրեց հանուն նրանց աշխատանքի իրավունքի եւ չհայտարարեց, որ նրանք էլ, լինելով ՀՀ քաղաքացիներ, կարող են զբաղեցնել այդ պաշտոնը, եթե անգամ ինչ-որ ազգակցական կամ ընկերական կապ ունեն նախկին իշխանությունների հետ: Իրականում` դա փաշինյանական նացիզմ էր, միայն մի տարբերությամբ, որ նացիզմն ուղղված է այլ էթնիկ ծագում ունեցող խմբի ներկայացուցիչների դեմ, իսկ փաշինյանական նացիզմն ուղղված է այլ քաղաքական հայացքներ դավանողների եւ նույնիսկ նրանց հետ ինչ-որ ձեւով առնչություն ունեցողների դեմ:
Հիմա, այս պայմաններում ո՞ր մի քիչ թե շատ իրեն հարգող մարդը կհամաձայնի Փաշինյանի կառավարությունում աշխատել, եթե գիտի, որ վաղը կարող է իրեն էլ նույն հաջողությամբ օգտագործեն ու ստորացնելով հեռացնեն աշխատանքից, քանի որ կպարզվի, որ նա, ասենք, մանկապարտեզ է գնացել Սերժ Սարգսյանի աղջկա հետ կամ եղել է նույն դասարանում Ռոբերտ Քոչարյանի որդու հետ, եւ նրանք, համադասարանցիներ լինելով, համատեղ նկար ունեն: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք նույնիսկ մեկ կամ մի քանի ամիս նախարարի պաշտոնը վայելելու համար կհամաձայնեն ցանկացած ստորացման: Բայց համաձայնեք, որ այդպիսի բարոյական արժեքներ կրող մարդը ոչ թե արդարադատության նախարարություն չի կարող ղեկավարել, այլեւ նույնիսկ Փաշինյանի աշխատակազմում խորհրդական աշխատել, որտեղ բարոյական եւ մարդկային արժեքների գոյությունը ոչ թե պարտադիր չէ, այլ հակացուցված է: Այնպես որ, շարունակեք արդարադատության նախարարի թեկնածու փնտրել ձեր եւ ձեր նմանների շրջապատում եւ ոչ թե նորմալ, պարկեշտ մարդկանց շրջանում: