Քաղաքականություն

Չափազանցված արձագանքնե՞ր, թե՞ լուրջ հաջողություն` մեծ հաղթանակից առաջ

Չափազանցված արձագանքնե՞ր, թե՞ լուրջ հաջողություն` մեծ հաղթանակից առաջ

Այն, որ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի վերջին հարցազրույցը Հ1-ի եթերում` Պետրոս Ղազարյանին դարձել է համացանցում քննարկվող թոփ-թեմաներից մեկը, այն էլ՝ կրտսեր Կարապետյանի դրական ընկալման համատեքստում, կարելի է իրապես փոքր նվաճում համարել Հայաստանում թափ հավաքող քաղաքական այդ ուժի և նրա ոչ երիտասարդ լիդերի համար։ 

Նախ, շատերի համոզմամբ, այդ հարցազրույցը բանավեճային չես համարի, քանի որ հայտնի հեռուստահաղորդավարի տողատակային կսմիթներն ու թունոտ միջամտություններն այս պարագայում հանդիպում էին անփորձ գործչի հիմնավորումներին, որոնք իր տարիքի համար բավականին լայնախոհ ու հավասարակշիռ էին։ Ինչ-որ առումով, Պետրոս Ղազարյանն էլ իր «ամպլուայի» մեջ չէր... Այնուամենայնիվ, մեծ հաշվով, Կարապետյանը չերկնչեց տեխնոկրատի դիրքերից հանդես գալուց։ Հարցազրույցը նաև ուսուցողական կարելի է համարել՝ կոնկրետ փաստերի, թվերի և Հայաստանի տնտեսական ու համընդհանուր զարգացման տեսլականի առումով։ Նարեկն ասելիք ուներ և ասաց: Նրա նպատակը, ըստ էության, հակադրվելն ու բանավիճելը չէր։ Նրա քարոզչությունը եկավ լրացնելու իր նախկին ելույթների ու հայտարարությունների շրջանակում հրապարակ նետված թեզերն ու հայեցակարգը։ 
Սակայն երիտասարդ գործչի առաջին հրապարակային հարցազրույցին հաջորդեց նաեւ առողջ ու ողջամիտ քննադատություն։ Օրինակ, հայտնի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը իր գրառմամբ կարևոր խորհուրդ է տվել Նարեկ Կարապետյանին՝ հորդորելով, որ նա չմասնակցի խաղարկային հոլովակներում: Արվեստագետը նշել է. «Հարգելի Նարեկ Կարապետյան: Ես չգիտեմ Ձեզ խորհուրդ տվողները ովքեր են: Տնտեսությանը վերաբերող ձեր բովանդակային հոլովակներին գալիս են շարունակելու սկսնակ «դերասանի» անհաջող սքեչային հոլովակները: Մի մասնակցեք խաղարկային հոլովակներում: Դուք լավ բիզնեսմեն եք, հավատում եմ` լավ մարդ, գուցե լավ քաղաքական գործիչ, բայց... վատ դերասան: Ձեր նոր հոլովակը վատն է: Ձեր նոր հոլովակը «մանկապարտեզ» է: Ձեր հոլովակի վրա ծիծաղում են: Կանգ առեք և նայեք իրականությանը սթափ՝ քանի դեռ ուշ չի: Մարդիկ արդարության պահանջ ունեն: Մարդիկ տուն, Արցախ և արժանապատվություն են կորցրել: Մարդիկ արդարություն են պահանջում մի քանի հազար տղաների կյանք կործանելու համար: Ո՞րն ա ձեր հոլովակի քարոզը: Որ նիկոլենք էլ անգործ չեն մնա՞... Իմ ոչ մեկի քիմքին հաճո չլինելը ինձ թույլ է տալիս ասել այն ամենը ինչում ես անկեղծ եմ: Հիմա շատերը կսկսեն ձեզ պաշտպանել իմ քննադատությունից: Իրենք շատ պուպուշ են և կասեն ձեզ շատ պուպուշ խոսքեր: Շատերին են ասել` Կրելու եք․..Իսկ ես, իրոք, ձեր շարժման մեջ լուրջ պոտենցիալ եմ տեսնում, դրա համար էլ ափսոսում եմ: Մի մսխեք ձեզ ու ձեր վստահությունը»: 

Մհերի հետ դժվար է չհամաձայնելը, նրա սրտացավ խոսքերը «Մեր ձևով» շարժմանն աջակցելու միտում ունեն։ Իսկ որ շարժումը լավ ներուժ ունի, դրա մասին են վկայում շարժման վերջին հաջողությունները։ Վերջին տվյալներով՝ «Մեր ձևով»-ի կամավորների թիվը հասել է 20 հազարի։ Իսկ սա լուրջ հայտ է ոչ միայն ներքաղաքական դաշտում, այլև առաջիկա ընտրություններից առաջ, որտեղ բովանդակությունը կարող է հաղթել ձևին՝ թեկուզ՝ «Մեր ձևով»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image