Հարցազրույց

Լսեցի այդ բառը` քաչալիս վրա մնացած 3 մազը բիզ-բիզ կանգնեց, զանգեցի, ասացի, որ մոնտաժեն

Լսեցի այդ բառը` քաչալիս վրա մնացած 3 մազը բիզ-բիզ կանգնեց, զանգեցի, ասացի, որ մոնտաժեն

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Ֆեյսբուքի իր էջում նախօրեին գրել էր, որ դեկտեմբերի 21-ին` կիրակի օրը Հանրային ռադիոյին հարցազրույց է տվել, որը տեղադրվել է ռադիոյի յութուբյան էջում, սակայն որոշ ժամանակ անց հեռացվել է բոլոր հարթակներից: Հարցազրուցավարը լրագրող Սարգիս Հարությունյանն է, որից փորձեցինք մեկնաբանություն խնդրել, թե ինչպես է ստացվել, որ իր հեղինակած հաղորդաշարի հերթական թողարկումն անհետացել է համացանցից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Զրուցել ենք Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի հետ:

- Պարոն Քոլոյան, ինչո՞ւ է Լևոն Զուրաբյանի հարցազրույցը հեռացվել Հանրային ռադիոյի կայքէջից, նաև ֆեյսբուքյան էջից: Ի՞նչ է դա նշանակում:

- Մոտ մեկ ժամ սպասեք, այդ հարցազրույցը անպայման կլինի, կամ գուցե արդեն կա, չգիտեմ: Կլինի նաև պարզաբանում:

- Այսինքն` հարցազրույցը եթեր գնալո՞ւ է նորից: Ինչո՞ւ էր հեռացվել այդ դեպքում:

- Հարցազրույցը եղել է կիրակի օրը, այն հենց այդպես էլ կոչվում է` «Կիրակի», եթեր է գնում հենց այդ օրը: Հարցազրույցում հայտնաբերվել է մի անթույլատրելի հանգամանք, այն շտկելու համար հանվել է նյութը, հիմա արդեն մոնտաժը ավարտվել է և կգնա նորից համացանց:

- Ի՞նչ անթույլատրելի հանգամանք: Ի՞նչ է ասել Լևոն Զուրաբյանը, որ անթույլատրելի եք համարել: Նիկոլ Փաշինյանի՞ն է սուր քննադատության արժանացրել:

- Ես հիմա այդ մասին չեմ խոսի, բայց խոստանում եմ, որ Դուք կտեսնեք, որ մենք կպարզաբանեք:

- Իսկ Զուրաբյանին տեղեկացրե՞լ եք, որ իր խոսքերը մոնտաժելու եք, գուցե նա դեմ լինի, չհամաձայնի, որ իր միտքն աղճատվի:

- Չէ, մենք ինչո՞ւ պետք է նրա հետ համաձայնեցնենք, դա արդեն իր պրոբլեմն է: Երբ գնում ես հարցազրույցի, հարցազրույց նկարողը միշտ էլ ունի իր հայեցողությամբ խմբագրումներ անելու իրավունք: Խմբագրվել է ընդամենը մեկ բառ, ոչ ավելի:

- Ի՞նչ բառ:

- Չէ, չեմ ասի:

- Ձեր արածը գրաքննություն չէ՞:

- Դա Ձեր մեկնաբանությունն է:

- Մեկնաբանություն չէ, հարց է: Օրինակ` «Հրապարակ»-ում երբևիցե չի եղել նման դեպք, որ հարցազրույց վերցնենք և այն չհրապարակվի, կամ զրուցակցի խոսքը գրաքննվի:

- Բայց եթե անհաջող բան է ասվում, չկա՞  իրավունք այն խմբագրելու: Եթե խմբագիրը տեսնի, որ անհաջող խոսք է ասվում, չի՞ կարող այն խմբագրել:

- Բոլորն էլ անհաջող մտքեր հայտնում են, հարցն այն է, որ զրուցակցի խոսքը կրճատելը, կամ հեռացնելը գրաքննություն է:

- Իսկ եթե զրուցակիցը ոչ ճիշտ խոսք է ասում:

- Ի՞նչ խոսք: Նայած, ում համար ինչն է ոչ ճիշտ: Հայհոյանքն այլ հարց է, քննադատությունը` լրիվ այլ հարց:

- Չէ, քննադատությունը քավ լիցի: Երբ լսեք այդ հարցազրույցը, այնքան քննադատություններ կտեսնեք, որ կասեք` իյա, էս Հանրայինը թո՞ւյլ է տվել, որ այն գնա եթեր: Այո, Հանրայինը թույլ է տալիս: Ամեն դեպքում, ես տալու եմ նաև պարզաբանում:

- Հարցազրույցի հրապարակումից հետո ո՞վ է որոշել հեռացնել, ապա մոնտաժել այն:

- Ես եմ տեսել: Քանի որ ես նյութեր չեմ խմբագրում, չեմ էլ նայում: Լիքը նյութեր են գնում, ես հո չեմ կարող բոլորի փոխարեն խմբագրել: Վստահելով լրագրողի փորձին, անգամ չեմ էլ լսել, սրանից հետո էլ չեմ լսելու նախապես, ուղղակի հետո լսեցի ու այդպես: Ի դեպ` աուդիո կտորում չի եղել այն, ինչ իմ զայրույթն է հարուցել, այն եղել է վիդեո տարբերակում:

- Այդ դեպքում ինչո՞ւ եք հրավիրում ռադիո մարդկանց, որոնց խոսքը, տեսակետները ձեզ դուր չեն գալիս և այն մոնտաժում եք, գրաքննում: Միայն Վահագն Ալեքսանյանին, Հարություն Մկրտչյանին, Լիլիթ Դալլաքյանին հրավիրեք ամեն օր եթեր, որ նման խնդիրներ չառաջանան:

- Ես նման բան չեմ կարող անել: Դա կլինի էթիկայի խախտում: Եթե Դուք էլ լսեիք այդ խոսքը, Դուք էլ գուցե այն խմբագրեիք: Իմ կրեդոն այն է, որ բոլորը կարող են գալ Ռադիո, բացի Դոգից: Ես միայն Դոգին եթեր չեմ տա, որովհետև նա պարզապես հայհոյում է, ուրիշ ոչինչ, իսկ մնացածները թող գան: Այ մարդ, եկեք, քլնգեք, փաստարկված խոսեք, բայց վիրավորական արտահայտություններ մի արեք: Լևոնը Զուրաբյան կուլտուրական տղա է, այնպես էլ չէ, որ նա մեր է քրֆել, բայց այն բառամթերքը, որ նա օգտագործել է, չափազանց վիրավորական է: Ես հանել եմ այդ մի բառը: Լսեցի այն` քաչալիս վրա մնացած երեք մազը բիզ-բիզ կանգնեց: Անմիջապես զանգեցի հեղինակին և ասացի, որ կարգադրի այն հանեն, որպեսզի մոնտաժվի:

- Իսկ իշխանականների հայհոյանքի հանդեպ և՞ս այդքան ուշադիր եք:

- Այո, այն չի գնա եթեր, եթե իհարկե ուղիղ եթեր չէ: Բացահայտորեն վիրավորանքը անթույլատրելի է: Կլինի այն Լևոն Զուրաբյանի մասին, թե Լևոն Տեր-Պետրոսյանի, կամ մեկ այլ ուրիշի մասին, ես այն կկտրեմ: Իմ հավատամքը դա է: Առանց այդ էլ մեր ազգը շատ նյարդային վիճակում է, պետք չէ շրիշակի մակարդակից ցածր իջնել: Հանրային ռադիոյի դռները բոլորի առաջ բաց են, եկեք, բացի Դոգից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image