Մինչեւ առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա… Էշ մի սատկի, գարուն կգա, обещанного три года ждут… Անգլիացիները շատ ավելի պրագմատիկ են այս հարցում: Նրանք այլաբանությունների մեջ չեն ընկնում, ուղղակի շրխկացնում են ճակատիդ՝ A promise is made to be broken. հայերենով՝ խոստումը խախտելու համար է:
Հիմա տեսնենք, թե ով է խոստում տվել եւ կկատարի՞, արդյոք, իր խոստումը: Այսօր կանդրադառնանք ՀՀ թիվ մեկ խոստում տվողին եւ չկատարողին, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին: Նա այնքան խոստում է տվել ու դրժել, մոռացել, ականջի հետեւ գցել, որ հանրության շրջանում արժանացել է «ստախոս» տիտղոսին: Համաձայնեք, որ դա սազում է նրան: Եթե ինչ-որ մեկը դեռ կասկածում է սրան, առաջարկում եմ հիշել Նիկոլ Փաշինյանի վաղ շրջանի խոստումներից մի քանիսը… Վարչապետը դու ես, վարչապետը դու ես… սրանից հետո պաշտոնյաների դռները քացով եք բացելու եւ մտնեք, նախարարն ո՞ւմ շունն ա, որ ՀՀ քաղաքացու ասածը չանի… Սրանք դեռ ամենաանմեղ խոստումներն են, եւ նա նույնիսկ դրանք չի կատարել: Էլ չեմ խոսում անկախության, ինքնիշխանության, տնտեսության եւ այլ բնագավառներին վերաբերող նրա անկատար խոստումների մասին: Արցախի հետ կապված խոստումների մասին ընդհանրապես չեմ խոսում: Խաղաղություն, փոխադարձություն Ադրբեջանի հետ… Մոռացեք, չի լինելու ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Թուրքերը լցվելու են Հայաստան, ոչ մի հայ չի լինելու ո՛չ Ադրբեջանում եւ ո՛չ էլ Արցախում: Հայեր ջան, «Զանգեզուրի միջանցքով» դուք ոչ մի տեղ էլ չեք գնալու: Խաբել է:
Գանք օրվա խոստումին՝ Վեհարանն ազատելու եմ Վեհափառից: Եթե մտածեի, որ լուրջ է ասում, կասեի՝ գլուխդ պատն ես տալու: Բայց քանի որ գիտեմ՝ դա հերթական փչոցն է եւ կլոունադան, ուղղակի ժպտում եմ: Ինքզինքն այդ «գործի» առաջնորդ է կարգել… Սա արդեն լիուլի բավարար է՝ հասկանալու, որ նրա այս «նախաձեռնությունը» տապալված է: Խնդիրն այն չէ՝ կկարողանա՞ հասնել իր «մուրազին», թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ նա կարող է իր այս ձեռնարկը մեր գլխին դարձնել մի իսկական էշի հարսանիք: Տեսեք՝ ինչ պայման է դրել․ ես կարշավեմ Սուրբ Էջմիածին, երբ բավականաչափ մաքրված լինեմ մեղքերից: Այս պայմանը հասկանալու համար պետք է առնվազն իմանալ նրա գործած մեղքերի չափն ու կշիռը, այնպես չէ՞: Հետեւաբար, պարզ հարց է առաջանում՝ իսկ դու ե՞րբ բավականաչափ մաքրված կլինես քո գործած մեղքերից: Որքան ինձ հայտնի է, մարդուն տրված չէ՝ դատել իր մեղքերի մասին, որոշել՝ դրանց որ մասն է քավել, որ մասից է մաքրվել եւ դեռ որ մասի տակ մնացել: Դա որոշվում է այնտեղ՝ երկնքում, ամենատես Աստծու կողմից: Ու դա է պատճառը, որ հոգեհանգստի ժամանակ տեր հայրերը դիմում են Բարձրյալին, որ նա այդ հանգուցյալ ծառայի հոգին խնամակալության հանձնի իր աջակողմյան հրեշտակներին, այսինքն՝ ների հանգուցյալի դեռեւս չներված մեղքերը եւս: Իսկ եթե ավելի առարկայացնենք այս ամենը, ապա կարող ենք ուղղակի հարցնել՝ մենք ինչքա՞ն պիտի սպասենք, որ, այսպես կոչված, մեծարգո վարչապետը բավականաչափ մաքրված լինի մեղքերից: Այստեղ է, որ անգլիացիների պրագմատիզմն ինձ ուղղակի սպանում է: Նիկոլը խոստացել է բավականաչափ մաքրվել մեղքերից, իսկ դա տեղի չի ունենալու, որովհետեւ հատկապես նրա պարագայում խոստումը դրժելու եւ չկատարելու համար է: Ինքը խոստացել է մի բան, որն իրագործել ուղղակի չի կարող… Մեղքից մաքրվելը ո՛չ իր գործն է, ո՛չ էլ կարող է խելքին զոռ տալով մաքրվել: Այն էլ կա, որ Փաշինյանը դեռ պետք է կարողանա նաեւ հանրությանը համոզել, որ ինքն արդեն բավականաչափ մաքրվել է մեղքերից: Թե ինչպես պետք է դա անի, ես չգիտեմ: Սուտ ու փուչ պատարագներո՞վ, շինովի հավատացյալների շրջիկ խմբերո՞վ, իր աղանդավորական թիմո՞վ, անպիտան հոգեւորականների հավաքագրելո՞վ… Մի խոսքով՝ ես չգիտեմ ո՛չ Փաշինյանի մեղքերի ողջ ծավալը եւ ո՛չ էլ պատկերացնում եմ այն պահը, թե նա երբ բավականաչափ մաքրված կլինի դրանցից: Ինձ որ մնա, կասեմ, որ նա ամեն օր եւ հատկապես ամեն կիրակի մի նոր մեղք է գործում:
Մեր մեղավոր աշխարհի դրվածքն այնպիսին է, որ մարդն ամեն օր մի նոր մեղք է գործում: Չէի ասի՝ դիտավորյալ է դա անում: Մենք հաճախ մեղք ենք գործում նաեւ ակամա, երբեմն՝ անսպասելի, հանկարծակի, առանց հասկանալու… Ես, օրինակ, ամեն Աստծու օր արթնանում եմ պարեկային ծառայությանը քֆուր-քյաֆար անելով: Աղբատար մեքենայի վարորդին այնքան չեմ քրֆում, ինչքան պարեկների հրամանատարությանը: Հայհոյելը մե՞ղք է, թե՞ չէ: Բայց, մյուս կողմից էլ, ինչո՞ւ պետք է ես ամեն օր արթնանամ Աճառյան-Ծարավ աղբյուր խաչմերուկի պարեկների սուլոցներից: Մեղքերս իբր քիչ էին, Ծարավ աղբյուրում էլ մի ՔՊ-ական «շիշկա» է բնակություն հաստատել: Պարեկները, հասկանում ես, կանաչ լույսի տակ կանգնեցնում են ողջ հոսքը, որպեսզի էս «շիշկան» Ծարավ աղբյուրից գա եւ իր պադավատով, ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ, մտնի Աճառյան փողոց… Ու սկսվում է… Մե սիգնալ, մե վայնասուն, մարդիկ, կանաչ լույսի տակ կանգնած, ուշանում են, նյարդայնանում, քրֆում: Ամեն օր քանի՞ մարդ է ինձ նման մեղք գործում, կարո՞ղ եք հաշվել: Նիկոլն ասում է՝ կառավարությունը ես եմ: Այդ «շիշկան» էլ, երեւի, կառավարության անդամ է եւ մեղք է գործում, խախտում հասարակական կարգը: Դա չի՞ նշանակում, արդյոք, որ ամեն օր սեփական կորտեժով հասարակական կարգը խախտող Նիկոլի մեղքերին նոր մեղք է ավելացնում: Եվ այս իրավիճակում Նիկոլը պատրաստվում է «բավականաչափ» մաքրվե՞լ իր մեղքերից: Երեւանում քանի՞ խաչմերուկ կա, հը՞… Որ ամեն խաչմերուկում այդքան մեղք գործի ու այդքան մարդու ստիպի հայհոյել, մեղքից մաքրվելու գործընթացն ինչքա՞ն կտեւի, հը՞… Մարդու կյանքն էլ ի՞նչ է, մի թիթեռի կյանք՝ մեղքի մեջ կորած այս աշխարհում: