Քաղաքականություն

Թռչնակը

Թռչնակը

Այո, եթե Հովիկ Աղազարյանի հետագա ճակատագիրը պարզ է (նրան կդատեն), ապա նույնը չի կարելի ասել մեծ թվով ՔՊ-շնիկների եւ ՔՊ-ի հետ ասոցացվող հայտնի դեմքերի մասին: Չի բացառվում, որ այս կոնտինգենտ, վաղը նույնիսկ երանի տա Հովիկ Աղազարյանին, որ այդքան հեշտ պրծավ: Տեսաք, չէ՞, ընդդիմությունն ինչպես էր պաշտպանում Հովիկ Աղազարյանին, ամեն ինչ անում, որ դատախազ Աննա Վարդապետյանը (ինչ էլ մի զուգված-զարդարված էր եկել ԱԺ) քարը փեշից թափի, բաց թողնի Հովիկ Աղազարյանի օձիքը: Արդյո՞ք ընդդիմությունը նույնը կանի իրենց համար, օրինակ՝ Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, «ականջ կտրողի», «շիշ բռնողի», «տռուսիկ կախողի», «ղուշ թռցնողի» եւ այլոց համար: Դուք՝ չգիտեմ, բայց ես ձեռնպահ կմնայի այս հարցին դրական պատասխան տալուց: Լավագույն դեպքում կհայտարարեն՝ բա որ Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու ժամանակ ձեզ ասում էինք՝ այս ուղտը ձեր դռանն էլ է չոքելո՞ւ… Կարճ ասած՝ ՔՊ-ի մեր գործընկերները թող այսօրվանից պատրաստվեն՝ իրենց գլխի ճարը տեսնելու:

Թերթերն արդեն փորձում են գուշակել Անդրանիկ Քոչարյանի ապագան, եւ, ինչպես երեւում է առաջին հոդվածներից, այն բավականին մշուշոտ է: Բանն այն է, որ Անդրանիկ Քոչարյանը հասարակ մահկանացու չէ, ինչպես Հովիկ Աղազարյանը, որ պատգամավորական գործունեությանը զուգահեռ «զբաղվում» էր ոչխարաբուծությամբ եւ կենդանի ոչխարի արտահանմամբ: Անդրանիկ Քոչարյանը բոլորովին այլ «ֆռուկտ» է, ռուսների ասած՝ птица высокого полета: Նրան մանդատից զրկելու համար միայն գլխավոր դատախազի միջնորդությունը բավական չէ: ԱԺ պետք է բերվի դատախազության ողջ արխիվը, ԱԱԾ-ի «ոսկի ֆոնդը», ՆԳՆ-ի բոլոր հուշամատյանները, ՊՆ-ի սրբության սրբոց գաղտնի հրամանագրերը եւ այլն, եւ այլն: Չէ, Շիրակի տարածաշրջանում Անդրանիկ Քոչարյանի «քաջագործությունների» մասին չեմ մոռացել: Պարզապես, իմ կարծիքով, գլխավոր դատախազն այդ գործը կառանձնացնի եւ կուղարկի առանձին քննության: ՊԵԿ, Քննչական, հակակոռուպցիոն մարմին… բոլորը պետք ներգրավվեն եւ դրվեն Անդրանիկ Քոչարյանի գործը վերահսկող դատախազի տրամադրության տակ: Ուրիշ ձեւ ուղղակի չկա: Այլապես Անդրանիկ Քոչարյանը կարող է այնպես պլստալ, որ պլստալու վարպետ Նիկոլի աչքերը ճակատին թռնեն:
Հիշում եմ, երբ Քյարամյանի եւ Աղազարյանի «մենամարտից» հետո ընդդիմադիրները Փաշինյանին հարցրին՝ ինչու է այդքանից հետո Հովիկ Աղազարյանը դահլիճում, Փաշինյանը զարմացավ՝ իսկ Հովիկ Աղազարյանն ի՞նչ է արել, որ դահլիճում չլինի: Անկե՞ղծ էր, արդյոք, Փաշինյանի զարմանքը: Մենք տեսանք, որ ազնիվ չէր, որ Փաշինյանը լավ էլ գիտեր, թե էլի «ինչեր» է արել հայտնի sms-ի պահանջը չկատարած Հովիկ Աղազարյանը:

Եվ, ուրեմն, ինչպես գրում են թերթերը, առաջիկայում կորոշվի նաեւ Անդրանիկ Քոչարյանի ճակատագիրը: Գործընթացն սկսել են լրագրողները՝ Անդրանիկ Քոչարյանի վարքի մասին համապատասխան նամակ փոխանցելով վարչապետ Փաշինյանին: Բայց Փաշինյանը, արդյոք, մանդատազրկման գործընթաց կսկսի՞ Անդրանիկ Քոչարյանի դեմ՝ ձեռքի տակ ունենալով միայն 6 տասնյակ լրագրողների ստորագրությամբ նամակը: Այնպես էլ չստացվի, որ հաջորդ չորեքշաբթի գա ԱԺ ու հիմա էլ Անդոյի պահով զարմանա՝ իսկ նա ինչ է արե՞լ որ… Այ, սրա համար եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանին պետք է օգնել այդ հարցում: Փաշինյանը պետք է իմանա (եթե չգիտի)՝ ով է եղել Անդրանիկ Քոչարյանն իր կյանքով:
Անդրանիկ Քոչարյանի ապրած կյանքի մեջ ես չեմ խորանա: Խնդրեմ, ինտերնետ կա, ամեն ինչ գրված է, ամեն ինչ հիշվում է, ոչինչ չի մոռացվել: Կարող եք ինքներդ էլ կարդալ եւ լավ ճանաչել Անդրանիկ Քոչարյանին: Ես կասեմ միայն, որ, ի տարբերություն Հովիկ Աղազարյանի, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ձեռքի տակ կա մի կարեւոր փաստաթուղթ, որ կոչվում է «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույց»: Այս «զեկույցի» մասին գիտի նաեւ Փաշինյանը, բայց թե ինչ է գրված մեջը, Փաշինյանը գիտի ճիշտ այնքան, որքան մենք: Կարո՞ղ է որեւէ մեկը երաշխավորել, որ Անդրանիկ Քոչարյանը վաղը չի խոսի եւ ջրի երես չի հանի 44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանի «կերած բոլոր բողկերը»: Անուններ տվեք, եթե գիտեք, ո՞վ է այդ համարձակը, որ կկարողանա փակել Անդրանիկ Քոչարյանի բերանը, երբ վերջինս, զգալով Փաշինյանի մոտալուտ վախճանը, ինքնապաշտպանության բնազդով սկսի խոսել: Հետեւաբար, թերթերը ճիշտ են նկատել, որ «սեւ ցուցակով» հերթը հասել է Անդրանիկ Քոչարյանին, որից Փաշինյանը պետք է ազատվի, եթե չի որոշել թուլանալ ու հաճույք ստանալ իր ձեռքով ստեղծված «իմպերիայի» փլուզումից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image