Խորհրդարանական նիստերի ընթացքում ամեն չորեքշաբթի կազմակերպվող Ազգային ժողով-ՀՀ կառավարություն հարցուպատասխանի գործընթացում պատգամավորն ունի պաշտոնյայի պատասխանին անդրադառնալու իրավունք, ինչն ինչ-որ չափով հավասարեցնում էր կողմերի հնարավորությունները: Բայց ընդամենը` մի թեթեւ, քանի որ, ըստ ռուսական առածի, на безрыбье и рак рыба (անգլերենով՝ any port in a storm): Այն է՝ չեղածի առումով դա էլ է դրական բան: Բայց հենց այդ երկխոսության ընթացքում է ամենից ավելի բացահայտվում վարչապետի պաշտոնից կառչած անձի իրական բնույթը: Եվ եթե Հայաստանի քաղաքացիների մտածողությունը լիներ բավական բարձր մակարդակի, նման անձը երկրորդ անգամ չէր զբաղեցնի այդ պաշտոնը: Էլ չասած, որ նա ձգտում է հիմա էլ վարչապետի պաշտոնին տիրանալ երրորդ անգամ: Իսկ մի քանի տարի առաջ միամտորեն ենթադրում էինք, թե ցանկանում է նախագահ դառնալ՝ վերականգնելով նախագահական ինստիտուտի լիազորությունները: Ինչի՜ն էր դա պետք, եթե երկրորդ անգամից հետո այլեւս չէր կարողանալու վերընտրվել:
Ի տարբերություն վերը նշված թեթեւ երկխոսության՝ վարչապետի մամուլի ասուլիսներում նման հնարավորությունը բացակայում է, ավելի ճիշտ` չեն թույլատրում: Ճիշտ է, երբեմն լրագրողներին հաջողվում է դուրս գալ իրենց պարտադրված ձեւաչափից, բայց դա, նախ, հազվադեպ է պատահում: Եվ, ապա, տեղի չի ունենում նույնիսկ ամենաթեթեւ երկխոսություն, ինչը նշանակում է, որ լրագրողի կողմից ինչպիսի սուր հարց էլ տրվի դիմացը բազմած անձին, դա նրան չի խեղճացնելու, չի բացառելու նրա կողմից խոսքային ձեռնածությունը: Որովհետեւ պատասխան խոսքում առկա կեղծիքը բացահայտելու հնարավորություն չի տրվում հարց տվողին: Ու այդ պարագայում ընդհանրապես կորչում է սուր հարց ձեւակերպելու իմաստը: Քանի որ հանդիսատեսի հիշողության մեջ մնում է ոչ այնքան հարցը, որքան պատասխանը: Ինչը նշանակում է, որ սուր հարց տվող լրագրողն էն գլխից չի հասնելու իր նպատակին, այն է՝ վարչապետի աթոռից կառչած անձի էության բացահայտմանը:
Բերեմ ամենատիպիկ օրինակներից մեկը: Երբ լրագրողը նրան առաջարկում է հրաժարական ներկայացնել, նա պատասխանում է, որ արդեն ներկայացրել է երկու անգամ: Ու դրանով կորչում է հարցի սրությունը, այնինչ հասարակության գրագետ հատվածը տեղյակ է, թե ինչ բնույթի էին այդ «հրաժարականները»: Ընդ որում, այդ առումով նա չի ստում. առաջին անգամ նա «հրաժարական» է տվել 2018-ի աշնանը, երկրորդ անգամ՝ 2021-ի գարնանը: Սակայն երկու անգամ էլ դա կատարվել է իր կողմից մերժված Սերժի ընդունած Սահմանադրությամբ, այսպես ասած` կեղծ ճգնաժամ ստեղծելով, որ գնան արտահերթ ընտրությունների եւ վերընտրվեն: Մինչդեռ Սերժին մերժելը ենթադրում էր, որ պետք է մերժվեր նաեւ նրա նախաձեռնած սահմանադրական փոփոխությունը: Այնինչ, դա տեղի չունեցավ, եւ եթե առաջին անգամ ինչ-որ առումով դա թույլատրելի էր՝ մինչեւ 2018 թվականի դեկտեմբերն այն հնարավոր չէր փոխել, ապա մինչեւ 2021-ը բավական ժամանակ կար՝ գործող Սահմանադրությունը փոխելու, բայց դա Փաշինյանը չի արել: Եթե ցանկություն ունենար, այն կփոխեր Ազգային ժողովի միջոցով, ճիշտ այնպես, ինչպես արվեց Սահմանադրական դատարանի՝ իրեն չծառայող անդամներից ազատվելու համար, խախտելով հիմնական օրենքը:
Բայց հրաժարականի առումով դա տեղի չունեցավ, քանի որ Սերժ Սարգսյանի համար «կարված հագուստն» իրեն էլ էր դուր եկել: Նա ձեւական հրաժարական էր տալիս, մնում էր վարչապետի պաշտոնին՝ դրանից բխող առավելություններով, եւ վերընտրվում: Այնպես որ, ձեւական առումով նա հրաժարական է տվել երկու անգամ, բայց երկու դեպքում էլ դրանք նույնիսկ մեկի արժեքը չունեին:
Հասկանալի է, որ մամուլի ասուլիսին մասնակցող լրագրողը չունի վարչապետի պաշտոնից կառչած անձի հետ նման երկխոսություն վարելու հնարավորություն: Իսկ հասարակության մեջ կմնա այն համոզմունքը, որ վարչապետը, իսկապես, երկու անգամ հրաժարվել է պաշտոնից եւ երկու անգամ էլ «ազատ, արդար ու թափանցիկ» ընտրություններով վերընտրվել է: Սակայն իրականությունը լրիվ այլ է: Եվ որպեսզի կարողանանք փոխել այդ իրականությունը, անհրաժեշտ է նրա հրաժարականը կազմակերպել ոչ թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար գրված, սակայն իրեն հարմարեցված փոփոխության միջոցով, այլ՝ «#մերձեւով», ինչն էլ կնշանակի, որ ոչ թե ինքը կփորձի իր ձեւով «ազատագրել» Վեհարանը, այլ ՀՀ քաղաքացիներս «#մերձեւով» կազատագրենք ՀՀ վարչապետի պաշտոնը: