Բելառուսում ադրբեջանցիների կողմից հետապնդվող և սպառնալիքներ ստացած հայ բլոգեր Բելլա Բաբախանյանը 2025 թվականի փետրվարին Գագիկ Ծառուկյանի անձնական միջամտությամբ և աջակցությամբ անվտանգ տեղափոխվել էր Հայաստան։ Ծառուկյանը անձամբ էր ուղեկցել նրան։ Վերջին օրերին, երբ Ծառուկյանի եւ նրա բիզնեսների նկատմամբ տոտալ հետապնդումների շարք է սկսված, Բելլան իր աջակցությունն է հայտնում նրան։
«Հրապարակ»-ի հետ զրույցում նա նշեց․ «Ես սա համարում եմ քաղաքական հետապնդում եւ այն կարծիքին եմ, որ ինչքան հայրենասեր մարդ կա մեր Հայաստանում բոլորի հետեւից ընկած են, թրքապաշտներին տեղ են տալիս, իսկ ով լավ գործ է անում այդ մարդկանց հետեւից ընկած են»։
Խոսելով Ծառուկյանին «գետնին տապալելու» մասին՝ նշեց, որ կադրերը, երբ տեսել է հայտնվել է շոկի մեջ․ «Պարոն Ծառուկյանի հետ ծանոթանալուց հետո ես տեսա, թե ինչ բարի անձնավորություն է, եւ չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկին կարող է ցավ պատճառել կամ վատություն անել։ Երբ տեսա, որ այդ տարիքի մարդուն գետնին տապալեցին մի քանի հոգով, նաեւ հասկանում էի, որ ինքը եթե ուզենար բոլորին գետնին կտապալեր, բայց ինքը ուժ ցույց չտվեց։ Իրենք հարձակվեցին, իրեն գետնին տապալեցին, դա ուղղակի ամոթ էր։ Բոլոր երկրներն այդ վիդեոները տեղադրել են, նամանավանդ մեր թշնամի Ադրբեջանը, ես այսօր տեսնում եմ, որ Գագիկ Ծառուկյանին գետնին տապալելն իրենց ցանցերում պտտվում ա, ես ամաչում եմ, ամոթ ա, որ մեր երկրում նման բան է կատարվում։ Ես 4 ժամ մենակ ինքնաթիռում եմ իր հետ զրուցել, մեր զրույցը եղել է հայրենիքի մասին, չի եղել ինձ ազատելու թեման, խոսել ենք մեր հայրենիքի մասին, թե ինչ կուզեինք լիներ, ես Գագիկ Ծառուկյանի մեջ տեսել եմ մեծ հայրենասիրություն, այդ մարդն իմ պես կյանքից շատ սիրում է իր Հայաստանը։ Իր հետ ծանոթանալուց հետո ես իրեն ավելի շատ հարգեցի, սիրեցի։ Ես հասկացա, որ այդ մարդը պատրաստ չի մի կտոր հող տալ մեր երկրից։ Ինքը հրավիրեց, պատվով դիմավորեց մեզ, իմ համար ցավալի է, որ այդ առյուծներից մեկը չկա, համարում եմ, որ մեր պետությունը կենդանիներից վրեժխնդիր է եւ դա նույնպես ճիշտ չի»։
Բելլան ասում է՝ չի հասկանում այն մարդկանց, որոնք Գագիկ Ծառուկյանի օգնությամբ կայացել են, եւ այսօր լռում են․ «Ես խոսում եմ անարդարության համար, ու մենք չպետք է լռենք։ Ես շատ կուզեի, որ բոլոր սպորտսմեններն էլ, երգիչներն էլ, դերասաններն էլ, ոտքի կանգնեն, աջակցեն պարոն Ծառուկյանին։ Անշնորհակալ լինել պետք չի, որովհետեւ այդ մարդը շատ շատ բաներ ունի արած»։