Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլլի Մեջլիսը, դեկտեմբերի 19-ի նիստում քննարկել է «Սահմանադրության եւ ինքնիշխանության տարվա կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» խորհրդարանական որոշման նախագիծը։ Քննարկումներից հետո որոշման նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Նշվում է, որ համաներումը կիրառելու նախաձեռնությունը ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Հատկանշական է, որ նախօրեին Եվրախորհրդարանն Ադրբեջանում, Նիգերիայում եւ Գվինեա Բիսաուում մարդու իրավունքների իրավիճակի մասին բանաձեւ է ընդունել, որով պահանջել է ազատ արձակել Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին: «Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են ինչպես Ադրբեջանի իշխանությունների կողմից ազգային անվտանգության դրույթների չարաշահումը՝ որպես դատական հետապնդման գործիքներ, այնպես էլ երկրում խոսքի ազատության, խաղաղության քարոզչության եւ հանրային քննադատության քրեականացումը»,- ասված է բանաձեւում: Ադրբեջանցի խորհրդարանականներն այս բանաձեւին եւս անդրադարձել են երեկվա նիստում, բնականաբար, մեծ հիստերիա բարձրացնելով։
Մասնավորապես, Եվրախորհրդարանի բանաձեւի վերաբերյալ քննարկման է ներկայացվել հայտարարություն, որն այնուհետ դրվել է քվեարկության եւ ընդունվել։ Փաստաթղթում նշվում է, որ «կեղծ» եւ «անհիմն» մեղադրանքների միջոցով Ադրբեջանի միջազգային հեղինակությանը վնաս հասցնելու փորձերը դատապարտված են ձախողման։ Թե կոնկրետ ում է վերաբերելու համաներումը, առայժմ հայտնի չէ, բայց այս որոշումը որոշակի, թեկուզ՝ աղոտ, հույս է ուրվագծում Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների ճակատագրի առումով, որոնք այնտեղ հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որեւէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական եւ հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայ քրիստոնյաների գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ է հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։ Բաքվում շարունակվող շինծու դատավարության շրջանակում պետական մեղադրողներն արդեն ցմահ ազատազրկում են պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի եւ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի համար։ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի դեպքում պահանջել են 20 տարի՝ նրանց տարիքով պայմանավորված, իսկ մյուսների դեպքում՝ 16-19 տարի։
Ի դեպ, հայ բանտարկյալների ադրբեջանցի փաստաբաններն իրենց վերջին ելույթներում խնդրել են արդարացնել իրենց պաշտպանյալներին։ Օրերս էլ հայտնի դարձավ, որ Բաքվի բանտում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդան, դիմել է Ադրբեջանի առաջին տիկին, երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային՝ իր ամուսնուն ազատ արձակելու ներում շնորհելու խնդրանքով։ Մնում է սպասել հրաշքի, որ թեկուզ մեկ հայ ազատ կարձակվի այս համաներման արդյունքում, ինչը կարող է դառնալ, Ադրբեջանի պատկերացմամբ՝ իր «հեղինակության» բարձրացմանն ուղղված քայլ, ոչ թե հակառակը, ինչպես պնդում են ալիեւյան ռեժիմի մոլորյալ օրենսդիրները։