Իրավունք

Մի մոռացված գործ էլ են հիշել` զրոյից սկսել

Մի մոռացված գործ էլ են հիշել` զրոյից սկսել

2018 թվականին Բնապահպանության եւ քաղաքաշինության նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին (մականունը՝ Բուլկի) առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանք էր առաջադրվել՝ 2018-ից հետո «տուժող մշտական» ունեցող գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա։ Այդ գործը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի առիթով անվանել էր «վերջին 30 տարվա ամենախոշոր կոռուպցիոն սկանդալ»։ 8 տարի առաջ անհետացած, հետախուզման մեջ գտնվող Բուլկի Արամը մեղադրվում էր 14 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, սակայն քանի որ նա չկար, գործով մեղադրանք առաջադրվեցին նրա հետ աշխատած երկու այլ անձի` Արմեն Խաչատրյանին եւ կրթական համակարգում հարգանք վայելող, կրթության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանին, ովքեր իբր այդ կաշառքը փոխանցողներն էին եղել: Սիլվա Համբարձումյանը ցուցմունք էև տվել էր՝ ասելով. «Կաշառքը տվել եմ 2008թ.-ին, իսկ 2009թ.-ից իմ հանքերը սկսեցին զրկել լիցենզիայից։ Դա փոխանցվեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, որը Սուրիկ Խաչատրյանի մտերիմ ընկերն էր, եւ սկսեցին զրկել։ 8 մլն դոլարը ես փոխանցել եմ Դուբայ իրեն տված հաշվեհամարին՝ Արաքս Դիլանյանի հաշվին։ Արաքս Դիլանյանը հենց նույն օրն արդեն իր հաշվից փոխանցել է Արամ Հարությունյանի 3 հայտնի գործընկերներին՝ Վիկտոր Մարտիրոսյան, Արմեն Խաչատրյան, Գագիկ Կարապետյան։ Իսկ 6 մլն-ը տվել եմ կանխիկ՝ Սուրեն Ավագյանի միջոցով»։

Բացակայող Արամ Հարությունյանի փոխարեն ձերբակալվեցին, ապա տեւական ժամանակ կալանք կրեցին այլ անձինք: Մեկը` Վիկտոր Մարտիրոսյանը, ով Քաղաքաշինության, հետո Բնապահպանության նախարարությունների ԾԻԳ-ի տնօրենն էր եղել Արամ Հարությունյանի նախարար աշխատած շրջանում, ապա Ջրային կոմիտեում նրա խորհրդականը։ Իրավապահները հույս ունեին, որ բացակայող Բուլկի Արամը կգտնվի, սակայն երբ տեւական ժամանակ հետախուզումն արդյունք չտվեց եւ լուրեր տարածվեցին, որ նա գտնվում է ԱՄՆ-ում. Վ. Մարտիրոսյանի եւ Դիլանյանի դրվագը մայր գործից անջատեցին եւ ուղարկեցին դատարան՝ քննության։ Առաջին ատյանի դատարանում Վիկտոր Մարտիրոսյանին դատարանն արդարացրեց (դատավոր Արման Հովհաննիսյան): Դատախազությունը դատավճիռը բողոքարկեց Վերաքննիչ դատարան, որն ուժի մեջ թողեց առաջին ատյանի որոշումը: Բայց դատախազությունը չի հանդարտվում` մեղադրանքի կողմը դիմել է վերջին՝ Վճռաբեկ դատարան, որտեղ էլ ենթարկվել են դատախազության ճնշումներին եւ բեկանել դատավճիռն ու ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Այս գործը 2 օր առաջ է ստացել դատարանը, այն մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին։ Եւ ի՞նչ է ստացվում` 8 տարվա քննությունից հետո, բազմահատոր այս քրեական գործը, տարիներով քննվել է, դատարանը որոշել է, որ անձն անմեղ է, փոխանակ դատախազությունը պատժի սխալ գործ հարուցած իրավապահներին, որոնք պետական ռեսուրս են վատնել անմեղ անձին հետապնդելու համար, հիմա փորձում են ամեն ինչ սկսել զրոյից եւ 8 տարվա մղձավանջից հետո կրկին մարդուն քաշքշել ու կրկին պետական միջոցներ վատնել։

Փորձեցինք զրուցել Վիկտոր Մարտիրոսյանի հետ, նա ասաց, որ չի ուզում այս թեմայով խոսել, վստահեցրեց, որ առաջիկայում դատարանը նախորդ` արդարացման որոշումը կվերահաստատի եւ մեզ հորդորեց այս թեմային առհասարակ չանդրադառնալ։


Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image