Վերլուծություն

Դու քո կատաֆալկայով գնա՛, Հայաստանը դեռ կենդանի է

Դու քո կատաֆալկայով գնա՛, Հայաստանը դեռ կենդանի է

Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի քարոզարշավի ժամանակ հայտարարում է․ «Մենք ոչ թե Վան վերադառնալու, այլ Հայաստանում տնավորվելու պրոցեսում ենք»։ Սա սովորական քաղաքական միտք չէ․ սա ամբողջ մի գաղափարախոսություն է՝ կրճատված մեկ նախադասության մեջ։ Խոսքը ոչ միայն Վանի, Ղարսի կամ Մուշի մասին է։ Խոսքը կոնկրետ Արցախի մասին է։ Որովհետև ամեն անգամ, երբ որևէ մեկը հիշեցնում է վերադարձի, իրավունքի կամ արժանապատվության մասին, իշխանությունը դա ներկայացնում է որպես վտանգավոր ռևանշիզմ, իսկ սեփական պարտությունը՝ որպես պետական իմաստություն։

Փաշինյանն այսօր ուզում է ոչ միայն փակել Արցախի թեման, այլ նաև փակել հիշողությունը։ Որպեսզի ժողովուրդը մի օր արթնանա ու մտածի՝ «երևի երբեք էլ Արցախ չի եղել, երևի քարտեզի վրայի մի տեխնիկական խափանում էր»։ Իսկ ով հակառակն է ասում, անմիջապես դասվում է «պատերազմ ուզողների», «անցյալի ստվերների» ու «ժողովրդին խաբողների» շարքում։
Բայց ամենահետաքրքիրը ձևն է, որով սա ասվում է։ Ասվում է մի մարդու կողմից, որը քաղաքականության մեջ վաղուց արդեն ոչ թե վարչապետի աթոռին է նստած, այլ սեփական պարտությունների կատաֆալկայի վրա։

Ու այդ կատաֆալկան հիմա դարձել է նրա քաղաքական տրանսպորտը։ Մի շարժվող սգո մեքենա, որի մեջ ինքը փորձում է ողջ-ողջ տեղափոխել ամբողջ պետությունը՝ համոզելով, թե սա է «խաղաղության դարաշրջանը»։

Հայաստանը նրա համար այլևս հայրենիք չէ, այլ անվտանգ միջանցք՝ սեփական պատասխանատվությունից փախչելու համար։
Նա այդ կատաֆալկայի ներսում իրեն ապահով է զգում․ դռները ներսից փակ են, պատուհանները՝ մգեցված, իսկ դրսի իրականությունը՝ խլացված։

Բայց խնդիրն այն է, որ ժողովուրդը դեռ կենդանի է։ Իսկ կենդանի ժողովուրդները կատաֆալկա չի նստում։
Փաշինյանը ուզում է, որ բոլորը հաշտվեն կորստի հետ այնպես, ինչպես ինքը հաշտվեց սեփական քաղաքական սնանկության հետ։ Ու հիմա ամեն նոր ելույթ հիշեցնում է ոչ թե պետական ղեկավարի խոսք, այլ հոգնած թաղման կազմակերպչի մրմունջ․ «Խնդրում եմ առանց աղմուկի, հանգիստ անցեք, անցյալը չհիշեք, հուղարկավորությունը շարունակվում է»։
Բայց Հայաստանն այդ թափորը չէ։

Հայաստանը դեռ ունի հիշողություն, ցավ, զայրույթ ու արժանապատվության պահանջ։ Եվ որքան էլ իշխանությունը փորձի «նորմալ կյանքի» փաթեթավորմամբ վաճառել ազգային կապիտուլյացիան, մարդիկ զգում են տարբերությունը խաղաղության ու հանձնվելու միջև։

Որովհետև խաղաղությունը կյանքի մասին է։ Իսկ այս իշխանության լեզուն չափազանց հաճախ մահվան բառապաշարով է կառուցված՝ հրաժարում, մոռացում, իջեցված նշաձող, փակված թեմա, վերջակետ։

Ու այստեղ ամենակարևոր միտքը սա է․ դու կարող ես քո քաղաքական կատաֆալկայով գնալ ուր ուզում ես։ Կարող ես դրա վրա գրել «խաղաղության խաչմերուկ», «իրական Հայաստան», «նոր դարաշրջան»։
Բայց Հայաստանը քո կատաֆալկադ չի նստելու։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image