ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել։ Լուրը հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի մեղադրանք է ներկայացվել ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մասով` հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը»,-հայտնել են ՔԿ-ից։
Ըստ ՔԿ-ի` նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, ըստ ոստիկանության, չորեքշաբթի օրը պարեկները Փարաքարում ստուգումների նպատակով կանգնեցրել են մեքենա, որը վարել է դեսպանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը, այդ ընթացքում մեքենայից իջել ու փախել է ուղևորը՝ նետելով ատրճանակ ու փոշենման զանգված: Քրեական գործ էր հարուցվել ապօրինի զենքի և ապօրինի թմրամիջոցների շրջանառության հոդվածով:
Նարեկ Մկրտչյանի եղբոր մեքենայից թմրանյութ ու ատրճանակ նետած տղամարդուն ոստիկանները դեռ չեն հայտնաբերել: