Գյումրիում ընտրապայքարը քանի որ մոտենում է իր եզրագծին, ու քանի դեռ «Լռության օրը» վրա չի հասել, որոշ դիտարկումներ ու արձանագրումներ արդեն կարելի է կատարել։ Որպես մարդ ու քաղաքացի, եթե անկեղծ լինեմ, ապա հատկապես Գյումրու ավագանու նախընտրական այս պայքարը հիասթափեցնողներից էր, չասելու համար՝ ամենից հիասթափեցնողը։
Նախ տպավորություն ստեղծվեց ի սկզբանե՝ իշխանության թեթեւ ձեռքով, թե հատկապես Գյումրու ընտրությունները «տիեզերական նշանակության» էին։ Իրականում, եթե հարցի մեջ խորանանք, տեղի ունենալիքը լոկ համայնքային ավագանու ընտրություններ են, որքան էլ այդ համայնքը լինի Հայաստանի երկրորդ քաղաքը, կամ սիմվոլիկ նշանակություն ունենա Հայաստանի գործող իշխանությունների համար։ Տողերիս հեղինակի համար Հայաստանի իշխանությունների ապագան կամ թե ով է լինելու իշխանություն Հայաստանում, ոչ թե որոշվելու է Գյումրիի ընտրություններով, այլ բացարձակապես այլ տեղում՝ «անհասանելի աշխատասենյակներում», օրինակ՝ մայիսի 9-ից հետո կամ դրա համատեքստում։ Շատերը կարող են չհամաձայնել ինձ հետ, սակայն Հայաստանն իր բոլոր ցուցանիշներով հանդերձ՝ տնտեսական, ֆինանսական, կայունության, անվտանգային, դեմոգրաֆիական, պոտենցիալով եւ այլն, այն երկրներից չէ, որը կարող է ինքը որոշել իր ապագան` իր սեփական հայեցողությամբ։ Աշխարհում նման երկրների թիվն, ի դեպ, մեծ չէ եւ չի գերազանցում մեկ -մեկուկես տասնյակը։ Այնպես որ Հայաստանի ղեկավարը մեծ հաշվով, գլոբալ մակարդակում ոչ թե «գուբերնատոր» է, այլ սովորական «ռայկոմի քարտուղար»։
Հետեւաբար ինձ համար կոնկրետ, Գյումրու ընտրապայքարը մեծ հաշվով աղմուկ էր՝ «փոթորիկ մեկ բաժակ ջրում»։ Ընդ որում, դա շատ տհաճ աղմուկ էր, բարոյական գրեթե բոլոր նորմերն ու ընդունված արժեքները մի կողմ դրած աղմուկ, որի մասնակիցները պատրաստ էին ոտնակոխ անել ցանկացած արժեք ու սրբություն, ինչը եւ հաճախ արեցին։ Փոխադարձ՝ քաղաքական կերպարից ու շրջանակից դուրս, հաճախ՝ անձնականի ու ընտանեկանի տիրույթը հատող մեղադրանքներ, պախարակումներ ու էլի ինչ ասես, որոնք մեծ հաշվով ցույց տվեցին, որ անկախության այս ավելի քան երեք տասնամյակներին հայաստանյան հասարակությունն այդպես էլ քաղաքականապես չկրթվեց ու չձեւավորեց ընտրական մշակույթ։ Իհարկե, նույնիսկ ամերիկյան նախագահական, կամ եվրոպական երկրների ընտրություններում վատ դրսեւորումներ լինում են, բայց ամեն բան այս աստիճան ծայրահեղ ու գռեհկացված չէր։
Ընդ որում, որքան էլ իշխանությունների համար տհաճ լինի դա լսելը, մեղավորը հենց իշխանությունն է։ Որովհետեւ պատասխանատուն հենց իշխանությունն է ու եթե իշխանությունն իր դերում լիներ, պետք է գոնե ընտրապայքարին մասնակցող ուժերին հենց սկզբից ջենթլմենական պայմանավորվածության առաջարկ աներ, թե ինչն է կարելի եւ ինչը` ոչ եւ այդ առաջարկի դրույթներին խստիվ հետեւեր։ Ի վերջո, Գյումրին, լավատեղյակներն ասում են, յուրահատուկ քաղաք է, ու անկախ ամեն ինչից, ընտրողը Գյումրիում ընտրում է նրան, ում հարմար է գտնում, կամ ում հանդեպ ունի վստահություն։