Քաղաքականություն

Նա գեղեցկուհի կին ունի և բազմաթիվ սիրուհիներ` իմ համակրանքը նրա կողմն է

Նա գեղեցկուհի կին ունի և բազմաթիվ սիրուհիներ` իմ համակրանքը նրա կողմն է

Երբ պետության ղեկավարի ընտրությունները կլոունադայի են վերածվում Հայաստանի նման երկրում, դա շատ բնական է: Հուզվելու ոչ մի պատճառ չկա: Ընտրությունների հաջորդ օրը ԱՄՆ-ից կասեն՝ «OK» էր, թափանցիկ էր, մրցակցային էր, և Հայաստանի նման երկրում կանաչ խիյարի պատմությունը դրանով կավարտվի: Բայց ինչ անել, երբ կլոունադայի է վերածվում ԱՄՆ նախագահի ընտրությունը: Կա՞ այս աշխարհում մեկը, որ դատի՝ «OK» էր այդ ընտրությունը, թե՞ «OK» չէր: Բեռլի՞նը պետք է խոսի, Լոնդո՞նը, թե՞ Հռոմը: Այսինքն, ընտրության անվան տակ ինչ էլ տեղի ունենա ԱՄՆ-ում, թեկուզ կլոունադա, ամեն ինչ «OK» է էն գլխից: Հետևաբար մեզ ի՞նչ է մնում ասելո՞ւ: Այո, հաջողություն մաղթել ԱՄՆ քաղաքացիներին, և թող հաղթի ուժեղագույնը:

Քամալա Հարրի՞ս, թե՞ Դոնալդ Թրամփ: Ես շատ փոքր մարդ եմ նրանց պայքարին միջամտելու և մանավանդ ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքի վրա ազդելու իմաստով, բայց ունեմ իմ անձնական կարծիքը թեկնածուների մասին: Չգիտեմ ինչու, բայց իմ համակրանքն ավելի շատ Թրամփի կողմն է, թեև հենց Թրամփն է առաջին անգամ ԱՄՆ նախագահական ընտրությունները վերածել կլոունադայի: Այն ժամանակ էլ նրա մրցակիցը կին էր՝ Հիլարի Քլինթոնը: Ի՞նչ իմանաս, գուցե հենց այդ հանգամանքն է Թրամփին դրդում հումորով վերաբերվել այս ամենին: Նա գեղեցկուհի կին ունի և բազմաթիվ սիրուհիներ, եթե հավատանք ամերիկյան ԶԼՄ-ներին, նաև՝ իր տարիքի մարդու համար շատ լավ տեսք ու հետաքրքիր սանրվածք: Բարձրահասակ է, թիկնեղ:

Նա իմ իմացած ԱՄՆ միակ նախագահն է, որ հանդիպել է Երկիր մոլորակի ստալինյան տիպի վերջին առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ հենց Կիմ Չեն Ընի տանը: Չգիտեմ, ես կուզենայի, որ Թրամփը հաղթեր: Թրամփը երկրորդ շրջանում մնար նախագահ, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ չէր լինի: Նա արդեն իսկ դադարեցրել էր Օբամայի նախագահության շրջանում սկսված այդ հակամարտությունը, այդ նա մարեց Սիրիայի հրդեհը՝ վերջ դնելով «արաբական գարուն» անվանումն ստացած հիմարագույն գործողությունների շղթային: Թրամփը ընտրվեր երկրորդ շրջանում՝ 44-օրյա պատերազմն էլ գուցե չլիներ: Ահա այսպիսին է Թրամփը. լուրջ՝ արտաքին քաղաքականության մեջ, «սիրալիր» և անգամ «ջենտլմեն»՝ իր ներքին հակառակորդների հանդեպ:

Իսկ հիմա լսենք Թրամփի հերթական կին մրցակցին՝ Քամալա Հարրիսին: Նա Միչիգանում հայտարարել է. «Դոնալդ Թրամփը ասել է. «Ես մեկ օրում կլուծեմ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցը»։ Կարդացեք և հասկացեք, թե ինչ է նա ասում: Նա հանձնվելու է: Նա թույլ կտա, որ Ուկրաինան զիջի իր պայքարն ագրեսորի դեմ, որը խախտում է իր ինքնիշխանությունը: Եթե Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Վլադիմիր Պուտինը նստած կլիներ Կիևում և հասկանալի է, թե դա ինչ կնշանակեր Ամերիկայի և մեր դիրքի համար ամբողջ աշխարհում»: Նախ, տիկին Հարրիս, Թրամփն այդպիսի հայտարարություն չի արել: Նա ասել է՝ եթե ես լինեի ԱՄՆ նախագահ, մեկ օրում կդադարեցնեի ռուս-ուկրաինական պատերազմը: Սա բոլորովին այլ բան է, քան ձեր ասածը, թե «կլուծեմ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերը: Եվ ապա՝ ինչո՞ւ եք կարծում, որ Թրամփի նախագահության դեպքում Պուտինը կտեղափոխվի Կիև: Թրամփը, կարծեմ, եղել է ԱՄՆ նախագահ, և նրա նախագահության շրջանում Պուտինը Կիև չի տեղափոխվել: Նույնիսկ ցանկություն չի հայտնել Կրեմլից հեռանալու: Եվ ուրեմն ո՞րն է Ձեր տագնապի պատճառը, տիկին Հարրիս: Արժե՞ր արդյոք այդպիսի հոգեբանական փորձության ենթարկել սեփական ընտրողներին և ԱՄՆ քաղաքացիներին ընդհանրապես, որոնք, լինելով շարքային հարկատուներ, շատ լավ գիտեն, թե ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը (Դեմկուս) քանի հարյուր միլիարդ է ծախսել Ուկրաինային զինելու և Ռուսաստանի դեմ պատերազմի տանելու վրա: Արդյունքն էլ բոլորի աչքի առաջ է: Անիմաստ պատերազմի վերջը չի երևում, ԱՄՆ-ի դիրքերն էլ օրեցօր թուլանում են աշխարհում և հատկապես Եվրոպայում: Թրամփն, ըստ էության, առաջարկում է այս հարցը լուծել ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալով: Այդ դեպքում Պուտինը չի ուզենա ոչ Կիև, ոչ Բեռլին, ոչ Լոնդոն, ոչ էլ մանավանդ Փարիզ տեղափոխվել: Կվերագործարկվեն Ուկրաինայով Եվրոպա անցնող գազատարները, Ռուսաստանն այլևս ստիպված չի լինի իր գազը ադրբեջանական գազի անվան տակ վաճառել իրեն պատժամիջոցներ հայտարարած «խելացի» եվրոպացիներին, Եվրոպայի թոքերը կբացվեն, կյանքը կընկնի հունի մեջ, ձեռքի հետ էլ ԱՄՆ հեղինակությունը կբարձրանա աշխարհում:

Կկարողանա՞ Թրամփը հետ բերել Արցախը կամ բանը հասցնել մինչև այն կետը, երբ Մինսկի խումբը դադարեց գործել և համանախագահներից ամեն մեկը գնաց իր գործին: Արցախցին գնա իր տուն, Արցախը հուսալի միջանցքով կապվի Հայաստանին: Թրամփը կունենա՞ այնքան ժամանակ, որ զբաղվի նաև մեր հարցով: Հազիվ թե: Այսուհանդերձ, համակրանքս Թրամփի կողմն է, քանզի Քամալլա Հարիսը, իմ տեղեկություններով, Արցախի տեղն էլ չգիտի:
Մի խոսքով, սիրելի ամերիկացիներ, ձեզ լավ ընտրություններ եմ մաղթում: Հիշեք՝ երկրի ղեկավարին ընտրում են մտքով և սրտով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image