Նիկոլ Փաշինյանի` վերջին մեկ շաբաթում ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած երկու ելույթներից հետո հիմնավոր կասկածներ են առաջանում՝ արդյո՞ք այս մարդը Հայաստանի Հանրապետության ղեկավարն է, թե՞ կառավարական դաչաներում ապրող, հասարակությունից կտրված ընդամենը մի փոքր խմբակի առաջնորդը։
Բանն այն է, որ իր մեղքով տասնյակ խնդիրների տակ կքած պետության ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթներից եւ ոչ մեկում չի խոսել մեր խնդիրների մասին (ՄԱԿ-ի ամբիոնը հենց այն վայրն է, որտեղից բոլոր պետությունների ղեկավարները միջազգային հանրությանն իրենց անհանգստացնող հարցերն են ներկայացնում, դրանց լուծման համար միջազգային հանրության աջակցությանն են դիմում), ավելին՝ նա առաջին ելույթում անգամ Հայաստանի մասին չխոսեց, այլ գովազդեց իր կուսակցության «Ապագա կա» քարոզչական կարգախոսը, խոհափիլիսոփայական դատողություններ արեց, խորհուրդներ տվեց ապագայի մասին, իսկ նախօրեին՝ «առանց նախապայմանի», բառի բուն իմաստով, խաղաղություն մուրաց Ալիեւից, պատրաստակամություն հայտնելով` հանուն այդ ձեւական փաստաթղթի ստորագրման փոխել ՀՀ սահմանադրությունը, ասել է թե՝ հրաժարվել Անկախության հռչակագրից եւ Արցախը թուղթ ու թամասով նվիրել Ալիեւին։
Նիկոլ Փաշինյանի երկու ելույթներից եւ ոչ մեկում բառ անգամ չհնչեց, որ Հայաստանի պետականությունը վտանգված է, եւ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մի մասը զավթված է ադրբեջանական օկուպանտների կողմից։ Այդ ելույթում չնշվեց որեւէ բառ Ադրբեջանի բանտերում խոշտանգվող հայ ռազմագերիների եւ Արցախի քաղաքական էլիտայի մասին։ Բառ չասվեց Արցախի հետագա կարգավիճակի, արցախցիների վերադարձի մասին, անգամ Ալիեւի սպառնալիքների մասին ակնարկներ չարեց, փոխարենը` Հայաստանում է պարբերաբար իր ժողովրդին ահաբեկում ադրբեջանական կողմից հնարավոր նոր պատերազմով։ Իսկ ՄԱԿ-ը լավագույն հարթակն էր՝ դիմելու անդամ երկրներին, որոնք մասնակցելու են նաեւ Բաքվում կայանալիք նոյեմբերի համաժողովին, ասելու՝ պայման դրեք, որ կմասնակցեք կլիմայի համաժողովին միայն այն դեպքում, երբ Ադրբեջանն իր զինուժը կհանի 2021 թվականից օկուպացրած Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից եւ կվերադարձնի Բաքվի բանտերում պահվող պատանդներին։
Այդ բարձր ամբիոնից Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց առանց նախապայմանների ստորագրել խաղաղության պայմանագիրը, փաստաթուղթ, որը գործնականում խաղաղություն չի բերելու։ «Իմ նախորդ ելույթների առանցքային ուղերձը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հասնելու փակուղին էր, բայց այսօր ուզում եմ ասել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա»,- հայտարարեց Փաշինյանը՝ բացատրելով, թե ինչու է այդպես կարծում․ «Բոլորովին վերջերս՝ օգոստոսի 30-ին, Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Սա կողմերի միջեւ առաջին երկկողմ իրավական պայմանագիրն է: Բայց առավել էական է այն, որ այդ փաստաթղթով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն ամրագրել որպես երկու երկրների միջեւ սահմանազատման բազային սկզբունք եւ առաջնորդվել դրանով: Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դե յուրե վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած սահմանների անխախտելիության սկզբունքը, ինչը հիմնարար գործոն է խաղաղության հաստատման համար: Հիմա արդեն դե յուրե վերահաստատված է, որ երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն: Մնում է անել հաջորդ քայլը եւ ստորագրել համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին»:
Մինչդեռ փորձագետները քննադատել են այդ կանոնակարգը՝ նկատելով, որ այնտեղ ոչ միայն քարտեզ ամրագրված չէ, թե ինչ սահմաններով են գործընթացն իրականացնելու, այլեւ Ալմա-Աթայի հռչակագրին հղումն էլ վերջնականապես ամրագրված չէ, Ադրբեջանը մեծ սողանցքներ է թողել այնտեղ, որպեսզի ինչ կարողանա, պոկի Հայաստանից։ Բացի այդ՝ 2022-ին Պրահայում կայացած հայտնի հանդիպումից մինչ օրս Ալիեւը որեւէ անգամ հրապարակային չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի 29 743 ք/կմ տարածքը, ի տարբերություն Փաշինյանի, որն Արցախն էլ ճանաչեց Ադրբեջանի կազմում ու տասնյակ անգամներ շեշտեց նրա 86.6 հազար ք/կմ տարածքը։
Ինչեւէ, Փաշինյանի կարծիքով, խաղաղության պայմանագրի կնքման պատմական հնարավորություն կա, եւ «Փակուղի մտնելու վտանգից խուսափելու համար Հայաստանն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայնեցվել է համաձայնագրի նախագծում, ստորագրել այն, ունենալ խաղաղության համաձայնագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այնուհետեւ շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները: Մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա»։ Ելույթն էլ եզրափակեց․ «Հայկական առածն ասում է՝ լավ ասենք, որ լավ լինի», մոռանալով հայկական առածներից մեկ ուրիշը․ «Շաքար ասելով` բերանդ չես քաղցրացնի»։
«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, ամեն գնով թուղթ ստորագրելու Փաշինյանի մարմաջը հստակ նպատակ ունի, միայն թե այդ թղթի վրա գրված լինի բանալի՝ «խաղաղություն» բառը․ «Անտեսելով իրականությունը, անտեսելով իրական մարտահրավերները՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եկեք լավ ասենք, որ լավ լինի։ Իսկ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ ստորագրել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը, իսկ 4 չհամաձայնեցվածները թողնել հետագային, Ալիեւն արդեն պատասխանել է՝ շուստրիություններ չանեք, չի ստորագրվելու որեւէ պայմանագիր, մինչեւ բոլոր, այդ թվում՝ նշյալ վիճահարույց կետերը համաձայնեցված չլինեն։ Հիմա ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը փորձում է տղա բերել Ալիեւի վրա՝ ասելով, որ մենք՝ խաղաղության մունետիկներս, ռահվիրաներս, ամեն ինչ անում ենք, Ադրբեջանը չի համաձայնում, եկեք իրենց բերեք համաձայնության դաշտ, ստորագրենք համաձայնեցված կետերը, չհամաձայնեցվածների մասին հետո կխոսենք»։
Ինչո՞ւ է Փաշինյանն ուզում հապշտապ կերպով առաջիկա ամիսներին կամ, ինչպես ինքն ասաց՝ հենց այսօր, հենց հիմա կնքել պայմանագիրը։ «Նրան պետք է մի թուղթ, որի վրա գրված կլինի «խաղաղություն» բառը, հենց դրանով է նա իր էլեկտորատին, որի ուղեղը մանիպուլյատիվ կերպով արդեն իսկ մարզում է, նախապատրաստելու առաջիկա ընտրություններին՝ ասելով, որ ես եմ, որ ձեզ բերել եմ խաղաղություն։ Ես մշտապես ասում եմ՝ Նիկոլի լսարանը ո՛չ ես եմ, ո՛չ դուք, ո՛չ էլ միջազգային հանրությունը, Նիկոլի լսարանն իր էլեկտորատն է ու Ալիեւը, Նիկոլին դեռեւս չի հաջողվում Ալիեւին ֆռռացնել, հիմա փորձում է տղա բերել, որ Ալիեւին ստիպի ստորագրել չհամաձայնեցված կետերով, իսկ իր էլեկտորատին ինքը խոստացել է «խաղաղություն» բառն ուտեցնել՝ որպես դեսերտ։ Հենց դրան են ուղղված իր բոլոր քայլերը, այլ ոչ թե պետության շահերին։ Բայց իրեն չի հաջողվելու տղա բերելով հասնել իր նպատակին, որովհետեւ իր ելույթից հետո Ալիեւն ու Բայրամովը հայտարարել են՝ եթե ամբողջը համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ։ Այնպես որ, «լավ ասենք, որ լավ լինի»-ն չի աշխատելու»,- ասում է մեր զրուցակիցը։