Քաղաքականություն

Արդյոք Բաքու-Անկարա հարաբերություններում «ամպամածությո՞ւն» է առաջանում

Արդյոք Բաքու-Անկարա հարաբերություններում «ամպամածությո՞ւն» է առաջանում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մոտ մեկ ամիս առաջ մեկնել էր Թուրքիա՝ պաշտոնական այցով։ Ովքեր հետեւում են մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կհիշեն, թերեւս, որ այդ այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարար Խաքան Ֆիդանի եւ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաքաթայ Քըլըչի հետ հանդիպման ժամանակ վերջինս վերստին անդրադարձել էր, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքին»։

Անդրադարձը Բաքվի բարձրաստիճան ներկայացուցչի կողմից լիովին սպասելի էր։ Ի վերջո, «զանգեզուրյան միջանցքն» ադրբեջանական արտաքին քաղաքականության «սրբազան մանթրան» է դարձել, որը կրկնում են ամեն առիթով։ Սակայն հետաքրքիրն այստեղ այլ բան է։ Բանն այն է, որ վերջին շրջանում Անկարայում սկսել են քիչ խոսել այս մասին։ Վերջին անգամ, եթե ճիշտ ենք հիշում, «զանգեզուրյան միջանցքի» մասին խոսել է Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառների նախարար Իբրահիմ Յումաքլին։ Ու այն փաստը, որ ադրբեջանական դիվանագիտության «սրբազան մանթրայի» մասին խոսում է, օրինակ, ոչ թե Թուրքիայի ԱԳ նախարարը, այլ գյուղատնտեսության եւ անտառների նախարարը, Բաքվին չի կարող չմտահոգել, որովհետեւ դա կարող է նշանակել, որ այլ հարցերի մեջ խորամուխ եղած Անկարայում սկսել են առանձնապես գլուխ չցավեցնել այդ թեմայի վրա։ Ու եթե հաշվի առնենք, որ Անկարայի վրա բավականին լուրջ ճնշում կա Արեւմուտքից, ինչն առանձնապես չի էլ թաքցվում, ապա հնարավոր է, որ Բաքվում փորձում են ինչ-որ կերպ «առաջանցիկ դիվանագիտական» կոմբինացիա իրականացնել, որպեսզի հանկարծ Թուրքիան, Արեւմուտքի ճնշումների տակ, չփորձի ինչ-ինչ քայլեր անել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, լռության մատնելով կամ միայն ֆորմալ բարձրաձայնելով ադրբեջանական առաջնահերթությունները։

Բաքվի մտահոգություններն անուղղակիորեն հաստատվում են նրանով, որ Բայրամովի եւ Ֆիդանի համատեղ ասուլիսում Ֆիդանը թեեւ խոսել է «զանգեզուրյան միջանցքի» մասին, սակայն, այսպես ասած՝ ընդհանուր ձեւակերպումների շրջանակում, առանց վճռականության կամ կատեգորիկության։ Մի իրողություն, որը նախկինում բավականին նկատելի էր հատկապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացի շրջանում Անկարայի պահվածքում։

Այս ամենից կարելի է ենթադրել, որ Անկարայում առերեսվելով ներքին ֆինանսատնտեսական դժվարությունների խորացմանը եւ Արեւմուտքի բավականին զգալի ճնշմանը, Էրդողանի, այսպես ասենք՝ «մայրամուտի կառավարությունը» սկսել է վերաիմաստավորել Հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողությունները՝ փորձելով դրանց հանդեպ իրենց կեցվածքը հարմարեցնել այն նոր իրականությանը, որում գտնվում են իրենք, հանուն այն բանի, որ ավելի չբարդացնեն իրենց վիճակը։ Հատկապես որ, անկախ այն հանգամանքից, թե Բաքվից ամենատարբեր մակարդակներով, սկսած պետության ղեկավարից, ներքին լսարանի «կերակրման» համար ինչ հայտարարություններ են հնչում։ Ռեալ իրականությունն այն է, որ, օրինակ, Պուտինի հետ նույն սեղանի շուրջ գտնվելիս Ադրբեջանի ղեկավարը, պաշտպանելով իր «զանգեզուրյան միջանցք» արտահայտությունը Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ լեզվակռվում, հղում է տալիս Ռուսաստանի աջակցությանը Բաքվին, այն դեպքում, երբ Ռուսաստանը խոսում է տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին, այլ ոչ թե կոնկրետ «զանգեզուրյան միջանցքի» ադրբեջանական «սրբազան մանթրային» է տուրք տալիս։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image