Տոնական օրերին շատերը չեն ուզում գնալ հրապարակ՝ տոնածառը տեսնելու։ Ես փորձել եմ հասկանալ այդ մարդկանց։ Ամենատարածված բացատրությունները կենցաղային են․ «սեղան գցել–հավաքել», «հյուրեր ընդունել», «հոգնել ենք»։ Երբեմն նույնիսկ ծաղրանք կա․ սահմանափակվեք քչով, դուրս եկեք տնից, ուրախացեք։ Բայց իրականում խնդիրը այստեղ չէ։ Այստեղ շատ ավելի լուրջ սոցիալ–հոգեբանական պատճառ կա։
Հրապարակը, տոնածառը, տոնական լուսավորությունը քաղաքացու գիտակցության մեջ հազվադեպ են ընկալվում որպես «իմը»։ Դրանք ավելի հաճախ ընկալվում են որպես իշխանության տարածք՝ նրա նախաձեռնությունը, նրա որոշումը, նրա ճաշակը, նրա ցուցադրական ժեստը։ Եվ հենց այստեղ է ծնվում երկմտանքը։
Ու գիտե՞ք ինչու է այդ երկմտանքը առաջանում։ Որովհետև ՀՀ քաղաքացին իրեն երկրի տեր չի զգում։
Փորձեմ պարզ օրինակով բացատրել։ Պատկերացրեք՝ ձեր հարուստ ազգականը շքեղ միջոցառում է կազմակերպել և ձեզ հրավիրում է։ Կերկմտեք, չէ՞։ Կմտածեք՝ «տեսեք, ուզում է զարմացնել», «ցույց տալ, թե որքան բարեկամասեր ու առատաձեռն է», «մեզ էլ մի քիչ իր փառքի մասնակից դարձնել»։ Դուք գիտեք՝ դա իր տունն է, իր միջոցներն են, և դուք այնտեղ հյուր եք։
Հիմա փորձենք նույն տրամաբանությունը տեղափոխել հրապարակ։ Շատ քաղաքացիներ հրապարակն ընկալում են ճիշտ նույն կերպ՝ որպես «ուրիշի տարածք», որտեղ ինչ–որ մեկը ճոխ միջոցառում է կազմակերպել ու քեզ հրավիրում է։ Ներսում նույնիսկ մի փոքր նյարդայնացնող միտք կա․ «հիմա կողքից էլ կասեն՝ տես ինչ մեծ ծախս է արվել»։
Բայց այստեղ կա մի շատ կարևոր տարբերություն, որը քաղաքացին չի ուզում կամ չի կարող գիտակցել։
Եթե հարուստ ազգականի դեպքում դուք հյուր էիք, որովհետև ծախսը նրա գրպանից էր, ապա հրապարակում դուք հյուր չեք։ Դուք տանտեր եք։ Այդ տոնածառը ձեր միջոցներով է կանգնեցվել։ Այդ լուսավորությունն ու հրավառությունը ձեր հարկերով են վառվում։ Դուք եք հեղինակը։
Եվ հենց սա է ներքին կոնֆլիկտի առանցքը։ Քաղաքացին իրեն պահում է որպես հյուր մի տարածքում, որտեղ իրականում պետք է իրեն տանտեր զգար։ Նա չի ուզում գնալ ոչ թե որովհետև չի սիրում տոները, այլ որովհետև հոգեբանորեն չի ընդունում այն դերաբաշխումը, որտեղ իրեն հյուրի տեղ են դրել սեփական տան մեջ։
Ահա ինչու շատերից լսում ենք․ «դրանց տոնածառն էլ չեմ ուզում տեսնել»։ Սա ոչ թե տոնածառի նկատմամբ ատելություն է, այլ սեփական տիրության զգացման կորուստի արտահայտություն։
Պետք է ընդունել մի պարզ, բայց ցավոտ ճշմարտություն․ հրապարակն էլ է ձերը, տոնածառն էլ է ձերը, միջոցառումն էլ ձեր միջոցներով է կազմակերպվել։ Բայց դուք ձեր տանտիրոջ իրավունքը հանձնել եք անցողիկ իշխանությանը և ինքներդ ընդունել հյուրի կեցվածքը։
Եվ քանի դեռ քաղաքացին իրեն հյուր է զգում հանրային տարածքում, ցանկացած տոնական սիմվոլ նրա համար մնալու է ոչ թե ուրախություն, այլ օտար ներկայության հիշեցում։
Քաղաքացին եթե իսկապես տանտեր լինի, նա պարզապես կասի․ «սա իմ տոնածառն է»։