«Մենք մի անգամ չենք ասել, որ մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց ընտրությունները չենք կեղծի»,- անընդհատ ասում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը: Սա այն քիչ դեպքերից է, երբ կարելի է համաձայն լինել վերը նշված անձի հետ: Քանի որ դա նրան անհրաժեշտ չէ: Իսկ թե ինչու՝ կպարզաբանի ընտրական գործընթացին առնչություն ունեցող որոշ հանգամանքների ներկայացումը:
Սկսենք սկզբից, այսինքն՝ 2018 թվականի մայիսի 8-ից, երբ վերջինս Ազգային ժողովի կողմից ընտրվեց կամ նշանակվեց՝ դա էական չէ, վարչապետ: Այդ օրը կեղծելու կարիք չկար, քանի որ թե՛ մայրաքաղաքում եւ թե՛ ողջ հանրապետությունում ժողովուրդը ոտքի էր կանգնել՝ կաթվածահար անելով կյանքը: Թե ինչու էր այդպես ստացվել՝ դա այլ հարց է: Նույն թվականի դեկտեմբերին ԱԺ ընտրությունը կեղծելն իմաստ չուներ, քանի որ խաբված ժողովուրդը դեռեւս գտնվում էր հեղափոխական էյֆորիայի ու միաժամանակ թմբիրի մեջ: 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունը եւս մեծ հաշվով կեղծելու կարիք չկար, քանի որ այդ անգամ էլ ժողովուրդն ընկել էր շոկի մեջ՝ պայմանավորված 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությամբ եւ պատերազմի ծնունդ՝ հսկայական զոհերի ու հաշմանդամների առկայությամբ:
Անցնենք տեղական ընտրություններին: Կարելի է համարձակ պնդել, որ տեղական ընտրություններին հիմնականում հաղթանակ է ձեռք բերվել վարչական ռեսուրսի չարաշահման շնորհիվ, ինչպես նաեւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանական բռնաճնշումներ կիրառելով: Բազմաթիվ վայրերից էլ ստացվել են տեղեկություններ՝ ընտրողներին գումարներ կամ բնամթերք բաժանելու մասին: Իսկ այն համայնքներում, որտեղ այդ ամենն օգուտ չի տվել, ու ընտրվել են ընդդիմադիրները, նրանք հայտնվել են բանտերում: Իսկ եթե դա չի ստացվել, դրանց ավագանու անդամներից ոմանց կաշառքով կամ իրավական ճնշումներով եւ կամ երկուսը միասին, քաշել են իշխանության կողմը: Դե ասեք՝ էլ ի՞նչ կարիք կար ընտրողի քվեն բացահայտ կեղծելու, եթե նույն արդյունքին կարելի էր հասնել այլ ճանապարհով: Այնպիսի եղանակներով, ինչը համարյա թե երբեք չի կիրառվել նախկինների կողմից:
Շուրջ 4 ամսից տեղի է ունենալու ԱԺ հերթական ընտրությունը: Դրան գործող իշխանությունը նախապատրաստվում է մի շարք հարթություններով: Առաջին․ ներկուսակցական ցուցակների կազմումը, ինչն անընդհատ լուսաբանվում է մամուլի կողմից: Իսկ դա արդեն դրական երեւույթ է ՔՊ-ի համար, քանի որ լրացուցիչ գովազդ է ապահովում: Երկրորդ․ միջազգային բազմաթիվ արձագանքների, ինչպես նաեւ ուղղակի միջամտությունների առկայությունը: Մեղադրելով գոյություն չունեցող ռուսական միջամտությունը՝ Եվրամիությունը 15 միլիոն եվրո է ներդնում գործող իշխանության վերարտադրության նպատակով, ինչպես դա տեղի ունեցավ անցյալ տարի Մոլդովայի խորհրդարանական ընտրությունում: Երրորդ․ նույն՝ մոլդովական սցենարով ընդդիմադիր կուսակցությունների ակտիվ ներկայացուցիչների նկատմամբ ծավալված ոստիկանական բռնությունները: Չորրորդ, հինգերորդ եւ այլն՝ յուրաքանչյուր առանձին վայրում տեղական առանձնահատկություններով պայմանավորված:
Որպես օրինակ վերցնենք Վաղարշապատի համայնքային ընտրությունից ամիսներ անց «Հաղթանակ» խմբակցության ներկայացուցիչներից շուրջ մեկ տասնյակի կալանավորման հանգամանքը: Այս գործի ողջ տրագիկոմեդիան այն է, որ այդ անձանց, ըստ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի, կալանավորել են «իբր քարոզչություն իրականացնելու եւ ընտրողների կարծիքի վրա ազդելու» պատճառով: Նրան, ի դեպ, արգելել են ներկա լինել հարցաքննությանը: Ստացվում է, որ այսուհետ Հայաստանում ոստիկանությունն է թույլատրելու կամ արգելելու նախընտրական ժամանակահատվածում քարոզչություն իրականացնելը: Իսկ դա արդեն հայաստանյան աբսուրդի հերթական դրսեւորումն է: Այնպես որ, եթե կարելի է կեղծել ընտրությունների արդյունքները բազմաթիվ այլ եղանակներով, ապա ի՞նչ կարիք կա, որ դա արվի ուղղակի ընտրողի քվեն կեղծելով:
ՀԳ. Եթե դատավորն ու հարկադիրը կարող են որոշումներ կայացնել իրենց չվերաբերող հարցերով (հիշենք կարգալույծ հոգեւորականների դատական պատմությունը), ապա, իսկապես, նախընտրական ժամանակահատվածում ոստիկանությունն ինչո՞ւ չի կարող արգելել քարոզչություն իրականացնելը: