Հարցազրույց

«Հրապարակ». Պատիժն ահավոր է լինելու, իրենք չեն էլ պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն

«Հրապարակ». Պատիժն ահավոր է լինելու, իրենք չեն էլ պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն

«Հրապարակի» զրուցակիցը Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանն է:

- Նախկին հոգեւորական Տեր Տարոնը կարգալույծ հռչակվեց, Տեր Թադեն դեռեւս կարգալույծ չի արվել: Նիկոլ Փաշինյանը հաջորդ կիրակի էլ գնում է Խաչիկ գյուղի եկեղեցի: Մարդկանց մասնակցությունը, նույնիսկ վարչական լծակի կիրառման պարագայում, խիստ նվազ է։ Հնարավո՞ր է, որ Փաշինյանի համառությունը հանգեցնի իր համար ցանկալի արդյունքին։

- Չեմ կարծում: Այդքան շատ համախոհներ չի կարող ինքն ունենալ:

- Չունի, բայց փաստացի Հովհաննավանքն այսօր «օկուպացված» է:

- Ինքը ցանկացած եկեղեցում էլ կարող է գնալ, մասնակցել պատարագի, բայց դա չի նշանակում, որ իր կործանարար ընթացքն էլ, գործողությունն էլ կհաջողեն:

- Հովհաննավանքն «օկուպացրել» են, Թալինի եկեղեցի գնացին, հիմա էլ՝ Խաչիկ գյուղի եկեղեցի:

- Առիթ է, թող գնա եկեղեցի՝ մի քիչ մաքրվի:

- Եթե այսպես հերթով բոլոր եկեղեցիները գնան, «օկուպացնեն»...

- Գիտե՞ք, թե խնդիրն ինչն է՝ մարդուն չես կարող արգելել եկեղեցի գնալ, եթե ցանկանում է եկեղեցի գնալ, թող գնա:

- Սրբազան, բայց միայն չեն գնում, եկեղեցու դռների կողպեքն են նույնիսկ փոխում:

- Օհանավանքն են միայն արել, Թալինի եկեղեցունը չեն փոխել, եւ երկրորդը` պետական ապարատի դեմ ի՞նչ կարելի է անել, Դուք հուշեք:

- Հասարակության մի ստվար զանգված ասում է` ինչո՞ւ եկեղեցին չի բանադրում:

- Ինձ թվում է՝ կգա ժամանակը, եւ դա էլ կլինի: Հարցն այն է, որ բանադրանքն էլ իրեն չի օգնի. մարդը չի ընդունում, բանադրանքն ազդում է այն մարդու վրա, որը մի քիչ հավատ ունի, զգացողություն ունի, հավատ ունի առ Աստված: Այս մարդիկ չունեն, ինչ ուզում ես, արա: Խնդրեմ, իրենց պատարագների մասնակիցներին նայեք՝  ովքեր են: Դա կապ ունի՞ եկեղեցու վերանորոգման հետ: Դե հիմա պատկերացրեք, եթե ասում ես, որ այս մարդուն բանադրում ես, ի՞նչ օգուտ: Նրանք մի բան հաշվի չեն առել, որ իրենք գործ ունեն Սուրբ Հոգու հետ: Այսօր Սուրբ Հոգուն դեմ են գնում, եւ պատիժը շատ մեծ է լինելու իրենց: Աստվածաշնչում ասվում է՝ վայ այն մարդուն, որը կհայհոյի Սուրբ Հոգուն, իսկ գիտակցաբար գնալ մի բանի՝ դա նշանակում է հայհոյություն Սուրբ Հոգուն, առավել եւս՝ Եկեղեցու եւ եկեղեցական կյանքը տրոհելու, անջատում մտցնելու համար: Իրենց պատիժն ահավոր է լինելու, իրենք չեն էլ պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն:

- Մամուլը գրում է, որ այս իշխանության հաջորդ թիրախը, որին հավանական է, որ կալանավորեն, կարող եք լինել Դուք եւ Սյունյաց թեմի առաջնորդը:

- Մեծ լավություն արած կլինեն:

- Ի՞նչ իմաստով:

- Կհերոսացնեն (ծիծաղում է):

- Չե՞ք մտահոգվում:

- Ինչի՞ մտահոգվեմ, թող իրենք մտահոգվեն:

- Դրանով թեմի աշխատանքը կտապալեն:

- Խնդիրը դա չէ, թեմը կարող է առանց ինձ էլ գործել: Իր խնդիրն այն է, իրենք մի բան չեն հասկանում, որ հոգեւորականին հնարավորություն են տալիս աղոթել՝ այ, դրանից թող վախենան: Իսկ այնտեղ ինչ պիտի անե՞ս՝ աղոթել միայն:

- Մտավախություն ունե՞ք, որ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի պես հոգեւորականներ կարող են էլի լինել:

- Անգամ եթե լինեն, Եկեղեցու համար մի տասը հոգեւորականի կարգալույծ լինելը թիվ չէ. նրանք ոչ մի բան էլ չեն կարողանալու անել:

- Իսկ եթե ավելի շատ լինեն, քան 10 հոգին…

- Ավելի լավ, Եկեղեցու մաքրման գործընթացն իրենք իրենց ձեռքով անում են: Իրենք չեն ասո՞ւմ, որ Եկեղեցու մաքրման գործընթաց են սկսել: Իրենք օգտակար են լինում, որ Եկեղեցու մաքրումը սկսվի: Իրենք բացահայտում են իրենք իրենց:

- Վստա՞հ եք, որ Փաշինյանի հակաեկեղեցական պայքարը տապալվելու է:

- Ոչ թե տապալվելու է, շատ կործանարար է լինելու իր ու իր համախոհների համար:

- Վեհափառի եղբորը կալանավորելուց հետո, սրբազաններին կալանավորելուց հետո շատերը կանխատեսում են, որ Փաշինյանը ծրագրում է Վեհափառին էլ ազատությունից զրկել:

- Եթե կարող է, թող անի:

- Իսկ ի՞նչը պիտի խանգարի իրենց դա անել՝ Մայր Աթոռ ուժայինների մտնելու փորձն արդեն կա:

- Թող դա էլ անի, եթե այն արել է, թող դա էլ անի: Խնդիրն անելը չէ՝ խնդիրը պատասխան տալն է ամեն ինչից հետո: Ամեն մեկն էլ կարող է մի բան անել, բայց վերջում պատասխան տալն է կարեւոր:

- Փաշինյանն իր նպատակին կհասնի՞ Վեհափառի հեռացման հարցում:

- Իհարկե՝ ոչ, բացառվում է:

- Վեհափառին լավ ճանաչելո՞վ եք դա ասում:

- Միանշանակ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image