«Ընչի էս երկրում դատավոր կա՞, որ վարչապետի ասածը չանի»… Ողորմի Փաշինյանի անցավորներին ու նրանց կողքի մեռելներին: Ճիշտ էր ասում, փաստորեն: Դատավորը՝ դեռ մի կողմ, դատավորն ի՞նչ՝ շարքային Պողոս մարդ է, դուք էն ԲԴԽ-ի Կարեն Անդրեասյանին հարցրեք, որ կոչված էր դատական համակարգը հսկելու, բայց տեսա՞ք` ինչ եղավ: Այսինքն, էս երկրում նույնիսկ ԲԴԽ նախագահ չկա, որ վարչապետի ուզածով չանի ամեն ինչ: Թե բա՝ դատական իշխանություն: Ո՞վ է տեսել, որ որեւէ իշխանություն ծառայի մեկ այլ իշխանության, թեկուզ՝ օրենսդիր, թեկուզ՝ գործադիր: Եթե ծառայում է, էլ ի՞նչ իշխանություն, վերածվում է «նախադուի», որի հաճախորդը միշտ ճիշտ է, իսկ բուֆետապանը՝ սխալ: «Նախադուն գիտեք, չէ՞, ինչ է, «զաբեգալովկա», որտեղ կարելի է ոտքի վրա 100 գրամ օղի եւ մեկ հատ նրբերշիկ ճաշակել: Եվ այդպես, օրենսդիրից կամ գործադիրից ով մտավ այդ «անկախ» պանդոկը, իր մի թաս օղին խմեց, իր ասելիքն ասաց ու գնաց: Դրա արդյունքում դատական կոչված համակարգն սկսեց վերափոխվել ու վերաձեւակերպվել ՀՀ իշխանությունների քիմքին հաճո: Դատավորներին ուղարկեցին «հանգստի», բերեցին նորերին՝ ամեն մեկի վզին մի բան դրած: Ու դեռ այդ դատավորների գլխին էլ վերակացու նշանակեցին Կարեն Անդրեասյանին, որ հանրության հիշողությունից վերջնականապես ցրեն դատական իշխանություն կոչվող միֆը:
Կարեն Անդրեասյանի բուֆետում, եթե կուզեք իմանալ, պետք է տեղադրված լիներ Զեւսի կնոջ՝ արդարության, օրինականության եւ կանխագուշակումների աստվածուհի Ֆեմիդայի արձանը՝ ձեռքին՝ կշեռք, աչքերին՝ անթափանց թաշկինակ: Բայց դրա փոխարեն Անդրեասյանն իր աշխատասենյակի պատից կախել էր Աննա Հակոբյանի մարդու՝ Նիկոլ Փաշինյանի նկարը եւ ամեն Աստծո օր երկրպագում էր նրան: Իսկ գիտե՞ք, թե ինչու էր այդպես արել: Այո, որովհետեւ ինքն անկախ չէր, որովհետեւ Նիկոլն էր իրեն նշանակել ու «վզին դրել»՝ պետք է անես այս, այս, այս… Ինքն էլ լավից-վատից արել էր, բայց նույնիսկ դա չօգնեց, որ Նիկոլը նրան «ս…» չաներ, այսպես կոչված, դատական համակարգից: Ի՞նչ, Կարեն Անդրեասյանի պարագայում ջհանգիրյանական ձայնագրություն չկա՞: Կա, հանգիստ եղեք: Որ պետք լինի, ամեն ինչ էլ կճարվի: Դուք սուրբ բուֆետչիկ տեսած կա՞ք, թե՞ կարծում եք՝ Նիկոլը հաճույքի համար է կոմպրոմատներ հավաքում: Դե թող Կարեն Անդրեասյանը գոնե 5 րոպե դիմադրեր: Տեսա՞ք, ոնց դուրս թռավ՝ քարտուղարուհուն անգամ մնաս բարով չասաց: Վախն այդպիսի բան է:
Հայ քաղաքական մտքի դասականներից մեկը՝ Գերագույն խորհրդի հավերժական պատգամավոր Ազատ Արշակյանը, տեսակետ է հնչեցրել, որ Կարեն Անդրեասյանը լյուստրացիա արեց (մաքրագործեց) եւ ապացուցեց, որ չկա անկախ դատական համակարգ: Շատ կուզենայի համաձայնել «վետերանի» տեսակետին, բայց ես այն կարծիքին եմ, որ անկախ դատական համակարգ սովետի քանդվելուց հետո մենք չենք ունեցել երբեք: Սովետի վախտ այդ համակարգը գոնե ֆինանսական անկախություն ուներ իշխանություններից: Փողը տալիս էիր դատավորին, դատավորը դրա մի մասը փոխանցում էր վերեւ, մի մասը պահում իրեն, ու վերջ: Սովետի վախտ լսվա՞ծ բան էր, որ դատավորները կռիվ անեն աշխատավարձ բարձրացնելու համար: Գլուխները կախ՝ իրենց գործն էին անում. վերցնում՝ մի մասը տալիս վերեւ, վերցնում՝ մի մասը տալիս վերեւ: Անխափան կոնվեյեր էր: Հետանկախության շրջանում փորձեր արվեցին համակարգն առողջացնելու ուղղությամբ, բայց դրանք հանգեցրին ոչ թե առողջացման, այլ՝ վերեւ տրվող գումարների մեծացման: Նորանկախ Հայաստանի իշխանությունները պատրաստ չէին անկախությանը, փոխվել էր նաեւ հանցավորության բնույթը: Եթե սովետի վախտ մի հավ, մի ձու գողացող էին դատում, նորանկախ Հայաստանում ստիպված եղան գործ ունենալ գործարան, կոլխոզ, սովխոզ, պետական շենքեր գողացողների հետ: Դատավորներն այլեւս չէին կարող այդ կարգի շնաձկներին դատել: Վերջիններս փողն ուղիղ վերեւ էին տալիս, իսկ վերեւից դրա մի մասը երբեք չէր իջնում ներքեւ՝ դատավորին: Դատավորների ֆինանսական անկախությունը կամաց-կամաց պակասեց, աշխատավարձն էլ ցածր էր, ու աստիճանաբար սկսեց ձեւավորվել «վնգստացող» դատավորների բանակը:
Այսօր դատավորներին ընդհանրապես արգելել են վերցնել՝ ճիշտ ավտոբուսի վարորդների պես: Աշխատավարձ են բարձրացրել իբր, ասում են՝ ազնիվ աշխատեք: Բայց հենց դատավորը փորձեց ազնիվ աշխատել, գործից հանեցին՝ մի մասին՝ Ջհանգիրյանը, մի մասին՝ Կարեն Անդրեասյանը: Բերեցին` ում հարմար գտան, ով «վիզ վերցրեց» անխոս կատարել վերեւի հրահանգները… Եվ սա էր դատական համակարգը «կայացնելու» թիվ մեկ եւ միակ նախապայմանը:
Ողորմի Փաշինյանի անցավորներին եւ նրանց կողքի բոլոր մեռելներին: Մարդն ասաց. «Ընչի էս երկրում դատավոր կա՞, որ վարչապետի ասածը չանի»: Մենք էլ ընկել ենք, թե՝ Կարեն Անդրեասյանը լյուստրացիա արեց… Կարեն Անդրեասյանն ընդամենը «դեգուստացիա» արեց, փորձեց իր արեւին ավելի լավ կատարել դատական համակարգի հաճախորդների կապրիզները, բայց Նիկոլն էլի դժգոհ էր, նրան պետք էր, որ դատական համակարգ ընդհանրապես չլինի: Չծիծաղեք, բայց ես վատ երազ եմ տեսել մեր դատական իշխանությունների վրա: Իբր Նիկոլը Կարեն Անդրեասյանից հետո դատական համակարգը փոխադրել էր կառավարության դաչաներ, դատավորներին էլ հատուկ անցագրով էր ներս թողնում: Լյուստրացիան, այ, այսպես կլինի:
Դե իսկ իրական կյանքում մեր հանրությանն այս պահին մի հարց է հետաքրքրում՝ կդատվե՞ն, արդյոք, մեկ SMS-ով «ս…» արված պաշտոնյաները, համարձակություն կունենա՞ն անձամբ կանգնել դատարանի (Նիկոլի) առաջ եւ պաշտպանել իրենց դատը: Չէի ցանկանա մեր հանրությանը հուսախաբ անել, բայց պիտի ասեմ, որ ես գրեթե հույս չունեմ, որ որեւէ մեկն այդ պաշտոնյաներից կկալանավորվի: Լավագույն դեպքում կհայտարարեն, որ «գողոնն» ամբողջությամբ վերադարձվել է պետբյուջե, եւ պետությունն այլեւս ստանալիք չունի նրանցից: Չմոռանանք նաեւ, թե խոսքն ում մասին է: Ձկներն առավել քան խոշոր են եւ բոլորն էլ՝ Նիկոլի բուծած: