Նիկոլ Փաշինյանը երեկ վերսկսեց հարձակումը Հայ առաքելական եկեղեցու, Վեհափառի ու հոգեւորականների նկատմամբ: Մենք զրուցել ենք «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանի հետ:
- Ի՞նչ նպատակ է հետապնդում այս հակաեկեղեցական արշավը:
- Իշխանությունները, որոնք ենթակա են որոշ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների, այդ կենտրոնների մոտեցումը հետեւյալն է` հնարավորինս ոչնչացնել աշխարհով մեկ Եկեղեցական, ավանդական ուսմունքները, վարկաբեկել, վերացնել, որովհետեւ իրենց երկրներում վերացրել են, առանց հավատքի ազգերին շատ հեշտ կլինի ստրկացնելը, կառավարելը: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, այդտեղ խնդիրը ո՛չ կաթողիկոսն է, ո՛չ Եկեղեցին է, այլ հոգեւոր համակարգը ոչնչացնելն է, իսկ այսօրվա իշխանությունները կատարում են այդ պատվերը: Սա առաջին անգամ չէ, մի քանի տարի առաջ էլ հարձակում եղավ, խոցելի տեղեր են փնտրում, կաթողիկոսին են մեջտեղ բերում, իրական նպատակը հոգեւոր համակարգը ոչնչացնելն է: Դրա կոնտեքստում է նաեւ այն, որ Հայաստանում բուռն աճ է ապրում աղանդավորությունը, եւ այսօրվա գործող իշխանությանն առաջինը աղանդավորներն են պաշտպանում: Սա իրենց տերերի կողմից թելադրվում է` իրենց իշխանության բերողների կողմից:
- Այսինքն՝ սա արտաքին ուժերի կողմի՞ց է թելադրվում:
- Այո, հակառակ դեպքում գործող իշխանության ինչի՞ն է պետք հարձակում գործել Եկեղեցու դեմ: Հարյուր հազարավոր հայ մարդիկ այդ Եկեղեցու անդամներ են, հավատքի կրող են, ինչո՞ւ թշնամացնի նրանց իր դեմ, այն էլ՝ այն դեպքում, երբ մեկ տարի հետո ընտրություններ են: Բայց դա ինքը չի որոշում... Եվ սա միայն Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում, նախկին իշխանություններին էլ էր թելադրվում, ի վերջո՝ աղանդավորությունը Հայաստան մուտք գործեց, առաջին քայլերն արվեցին նախկին իշխանությունների օրոք: Բայց դա ակնհայտ չէր, որովհետեւ նախկիններն օտարի ստրուկները չեն եղել՝ եղել են օտարի ծառան: Իսկ այսօրվա իշխանությունները պարզապես օտարի ստրուկն են՝ հարյուր տոկոսանոց դրածոն:
- Այս իշխանությունն իր արշավը Եկեղեցու դեմ պատճառաբանում է նրանով, որ Եկեղեցին ներխուժել է քաղաքականություն:
- Մեր երկիրը հազարամյակների ընթացքում մեր Եկեղեցու շնորհիվ է իր պետականությունը պահպանել: Եկեղեցին իր դրական ու բացասական դերն է ունեցել տարբեր ժամանակաշրջաններում, բայց երբեք չեն եղել Եկեղեցին ոչնչացնելու, վարկաբեկելու այսպիսի միտումներ, այսպիսի քաղաքականություն: Հետո` ի՞նչ է նշանակում՝ Եկեղեցին ներխուժել է քաղաքականություն: Իսկ ինչո՞ւ` բիզնեսն իրավունք ունի ներխուժել քաղաքականություն, որը պիտի անթույլատրելի լիներ, իսկ Եկեղեցին՝ չէ՞: Իսկ ինչո՞ւ է աղանդավորությունը ներքաղաքական խաղերի մեջ, դրսից հրահանգված քաղաքական հրամաններ կատարում, դրսից հրահանգված քվեարկության մասնակցում: Ես կնքվել եմ Հայ առաքելական Եկեղեցում, հիմա իրավունք ունե՞մ մասնակցելու քաղաքական գործունեության, թե՞ ոչ: Ի՞նչ է նշանակում՝ Եկեղեցուն դուրս բերել, ինձ ի՞նչ, ես այդ հավատքի, Հայ առաքելական Եկեղեցու անդամ եմ: Ի վերջո, կուսակցությանս անունը «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» է:
- Եկեղեցու դեմ արշավը, ըստ Ձեզ, հաջողությա՞մբ կավարտվի։
- Չի կարող: Իհարկե, աղանդավորությունը լուրջ ուժ է հավաքել, դա պատահական չէ, իհարկե, իրականացվող քաղաքականության արդյունք է, դրանք օտար երկրների գործակալներ են: Բոլոր աղանդավորական կառույցները ֆինանսավորվում են դրսից՝ ով ֆինանսավորում է, նա էլ պատվիրում է: Նրանք օտարերկրյա գործակալներ են, փաստացի: Որպես հայ մարդ՝ բոլորը չէ, որ հասկանում են կամ զգում են իրենց այդպիսին, որ իրենք նույնպես հայ մարդիկ են, եւ յուրաքանչյուր հայ մեզ համար պետք է անգին լինի, բայց այդ աղանդավորական կառույցների ղեկավարներն օտարերկրյա գործակալներ են եւ իրականացնում են քաղաքական խնդիրներ՝ դրսի թելադրանքի ներքո, եւ սա է սարսափելին: Ցավում եմ, որ հենց սկզբից՝ նորանկախ Հայաստանի առաջին օրվանից, այդ պրոցեսը գնացել է: Ի վերջո, «Եհովայի վկաներին» հո Նիկոլ Փաշինյանը չի՞ բերել, Նիկոլ Փաշինյանն այդ նույն համակարգի մի մասն է՝ ավելի կատարելագործված, որովհետեւ, ասում եմ՝ նախկին իշխանություններն օտարի ծառան են եղել, այսօրվա իշխանությունները` օտարի ստրուկը։ Սա է տարբերությունը: Այստեղից էլ գալիս է այդ ագրեսիվությունը՝ ստրուկը պետք է ագրեսիվ լինի պատվերը կատարելիս:
- Շատերը մեղադրում են Եկեղեցուն՝ զանգերը չհնչեցնելու համար:
- Այդ մեղադրանքներն էլ նույն՝ իշխանական շրջանակներից են: Ի՞նչ պահանջներ ներկայացնես Եկեղեցուն քաղաքական խնդիրներում: Որ Սրբազան շարժումը սկսվեց, ինձ համար՝ որպես քաղաքականությամբ զբաղվող մարդու, ակնհայտ էր, որ հոգեւորականը չի կարող քաղաքական խնդիր լուծել, որովհետեւ Եկեղեցականը բիրտ ուժի կիրառմանը դեմ է: Իսկ առանց կոշտ ժողովրդի ուժի օգտագործման, առանց կոշտ դիրքորոշման հնարավոր չէ դրսից դրված իշխանությունից ազատվել՝ ակնհայտ էր, որ նա տանուլ է տալու: Բացի դրանից, այն ուժերը, որ իբր ընդդիմադիր են գործող այսօրվա իշխանությանը, հենց հայտնվում էին այդ շարժման կողքին, միանգամից վարկաբեկվում էր այդ շարժումը: Որովհետեւ այսօրվա պաշտոնական ընդդիմությանը ձեռնտու է այսօրվա իշխանությունը, այսօրվա իշխանությանը ձեռնտու է այսօրվա պաշտոնական ընդդիմությունը: Այսինքն՝ ազգային հայրենասիրական ուժերի պաշտոնական ընդդիմություն գոյություն չունի, որի ձեւավորման անհրաժեշտությունն օր-օրի մեծանում է` որպես անկախ ուժի: Տեսնենք՝ Արարչի օգնությամբ գուցե այդպիսի մի ուժ ձեւավորվի, եւ ազատվենք այս աղանդներից էլ, ամեն ինչից էլ, որտեղ Եկեղեցին իր տեղն ու դերը կունենա, իշխանությունը` իր տեղը, բիզնեսը` իր տեղը:
- Եկեղեցու դեմ պատերազմը ո՞նց կավարտվի:
- Իհարկե՝ անհաջողությամբ: Իրենք էլ գիտեն, որ իշխանությունը չի կարող հաղթել Եկեղեցուն, ինչպես նաեւ՝ Եկեղեցին չի կարող հաղթել իշխանությանը: Իրենք էլ գիտեն, խնդիրը վարկաբեկելն է, որ հնարավորինս խոր վարկաբեկված լինի այդ համակարգը: Քայլ առ քայլ է դա արվելու, իրենք հասկանում են, որ միանգամից հնարավոր չի լինի Հայ առաքելական Եկեղեցին ոչնչացնել: Հիշո՞ւմ եք՝ մի քանի տարի առաջ այդպիսի քայլեր ձեռնարկվեցին կաթողիկոսի դեմ: Կաթողիկոսը Եկեղեցու գլուխն է, ու նրան հարվածելով` հարվածում են անմիջապես Եկեղեցու գլխին: