Քաղաքականություն

Աշոտյանը մի քիչ էլ խառնի՝ Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ կունենա

Աշոտյանը մի քիչ էլ խառնի՝ Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ կունենա

Արմեն Աշոտյան ջան, պետք է ասեմ, որ դու շատ անկարգ «կալանավոր» ես: Նորմալ կալանավորները, սովորաբար, պայքարում են իրենց կալանավորողների դեմ: Քո պարագայում, Աշոտյան ջան, գոնե այս օրերին, բոլորովին հակառակ միտումն է նկատվում: Կալանավայրից (Ձորաղբյուր ՏԿՀ) «քսիվ» «քսիվի» հետեւից ես տեղադրում քո էջում, որոնց սլաքներն անսքող կերպով ուղղում ես այն մարդկանց ու այն ամենի դեմ, որ մեկ բառով կոչվում է ընդդիմություն: Աշոտյան ջան, բայց քեզ ընդդիմությունը չի կալանավորել: Ավելին ասեմ՝ ընդդիմությունից բացի, ոչ ոք չի պահանջել քո ազատությունը: Ես իմ հոդվածներից եւ ֆեյսբուքյան գրառումներից առնվազն մի 20 օրինակ կարող եմ բերել, որոնց մեջ առկա են «Ազատություն Արմեն Աշոտյանին», «Ձեռքներդ հեռու Աշոտյանից» արտահայտությունները: Եվ ընդդիմության մեջ ես մենակ չէի, շատերն էին դատապարտում քեզ վրա գործ կարելու Նիկոլի մոլեռանդ ջանքերը: Էլ չասեմ, որ մի անգամ քո ու Էդուարդ Շարմազանովի նկարի տակ գրել էի՝ «Ախպերներս»: Աշոտյան ջան, էլի կգրեմ, էլի ասում եմ՝ «Ազատություն Արմեն Աշոտյանին», «Նիկոլ, թաթերդ հեռու Արմեն Աշոտյանից», «Աշոտյանն իմ ախպերն ա»… Կներեք, մի քիչ հուզվեցի… Գեներալ Սեյրան Սարոյանը կասեր՝ Մարգո ջան, արի, շարունակիր, դե, իսկ Գալուստ Գրիգորիչն էլ ծոր կտար՝ ինձ թվում է՝ այս գործում ամենակարեւորը անկեղծությունն է…

Իսկ հիմա անցնենք Ձորաղբյուր ՏԿՀ-ից «ուղարկված» վերջին «քսիվին», որ Արմեն Աշոտյանի էջում տեղադրել են նրա ընկերները՝ հետգրության մեջ ավելացնելով․ «Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն եւ հասանելիություն։ Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի եւ չի կարող արձագանքել նաեւ ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։ Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտություն»: Գրառման հենց առաջին տողից հասկացվում է, որ թեման Գյումրու ավագանու ընտրությունն է: Աշոտյանն ասում է, որ ինքն առանձնապես նշանակություն չի տալիս դրան եւ չի համարում համապետական գործընթացների մեկնարկ: Բա եթե Գյումրու ընտրություններն անկարեւոր էին, պարոն Աշոտյան, ինչո՞ւ ես այս երկար «վերլուծական» տրակտատը գրել:

Ի վերջո, այդ ի՞նչ էր պատահել, ո՞վ էր Հանրապետականին չգիտեմ ինչ ասել, որ «Կամացուն» խոդ տվել, քշում ես այդ «խեղճուկրակ» ընտրությունների վրա: Իսկ գուցե դրանք, այնուամենայնիվ, կարեւո՞ր ընտրություններ էին: Ինքը՝ նախագահ Սերժ Սարգսյանն էր ասում, որ Նիկոլենք մի քանի տարի հետո կուրանալու են պաշտոնների ու փողի փայլից ու կորցնելու են իրենց էյֆորիկ ռեյտինգը: Երեւանն ապացուցեց Սերժ Սարգսյանի խոսքերի ճշմարտացիությունը, Գյումրին մեկ անգամ եւս փաստեց՝ հենց այդպես է, որ կա: Եվ, ուրեմն, ինչո՞ւ այս կարեւոր արձանագրումը թողնենք ու ընկնենք, շատ ներողություն, «պեչենու բաղերը», Նիկոլի ու նրա հանձնակատար Վահագն Ալեքսանյանի բառերով բնորոշումներ տանք միմյանց: Բառապաշարը, պարոն Աշոտյան, որ դու օգտագործում ես ՀՀ երկրորդ նախագահի եւ նրա թիմի հասցեին, անընդունելի է, ՀՀԿ փոխնախագահին ոչ սազական, ինչ-որ տեղ՝ նույնիսկ վիրավորական: Ուստի ներող եղիր, պարոն Աշոտյան, եթե ասեմ, որ ձեր «միջինացված ուղեղանյութը» չի բավարարել՝ ճիշտ հասկանալու ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի որոշ արտահայտություններ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի հասցեին, որոնք կարող էր իրեն թույլ տալ թեկնածուներից յուրաքանչյուրը՝ հայտնվելով Հանրապետականի սալի եւ Նիկոլի բանտիկով չագուճի արանքում: Ու մի մոռացեք, պարոն Աշոտյան, որ Հանրապետականի պորտը տեղը դնողների առաջին շարքերում է եղել հենց երրորդ նախագահը՝ մեղադրելով ձեզ այդ կուսակցության ահռելի քաղաքական ռեսուրսը վատնելու մեջ: Դա, ի դեպ, վաղուց էր…

Ի՞նչ է նշանակում Ձեր հետեւյալ միտքը, պարոն Աշոտյան. «Նրանք (նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահին եւ նրա թիմին` Էդ. Ա․) շրջանցում էին այն փաստը, որ նույնիսկ քաղաքական պորտալարով իրենց փաթաթված մասնակիցները պաշտոնապես չհայտարարվեցին որպես իրենց թեկնածուներ»: Կուզենայի հասկանալ, պարոն Աշոտյան, ձեր պրակտիկայում կա՞, արդյոք, դեպք, որ դուք մեկին պաշտոնապես չեք հայտարարում ձեր թեկնածու, բայց այնպես եք աջակցում, ասես նա էն գլխից ձեր թեկնածուն էր: Ավելի պարզեցնեմ խնդիրը: Եղե՞լ են, արդյոք, ընտրություններ («ոչ կարեւոր»), որոնց Հանրապետականը չի մասնակցել, այսինքն՝ «պաշտոնական թեկնածու» չի ունեցել, բայց այնպես է աջակցել թեկնածուներից մեկին, ասես «աներեւույթ» պորտալարով կապված է եղել նրա հետ: Պարոն Աշոտյան, խնդրում եմ չասել «ոչ», որովհետեւ առնվազն այդպիսի մի ընտրություն ես շատ լավ եմ հիշում: Չեմ ասի՝ երբ, չեմ ասի՝ որ ընտրություններին, երբ ես դիմեցի իմ հանրապետական գործընկերներին՝ աջակցել մեզ (չեմ ասի՝ ում), ինձ ցույց տվեցին դուռը, ասելով՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Եվ դրանից հետո, պարոն Աշոտյան, այդ քնձռոտ թեկնածուն, որին ոչ ոք մինչ այդ չէր ճանաչում, մեր ընտրատարածքում հավաքեց ճիշտ այնքան ձայն (+ - 120), որքան Հանրապետականն էր հավաքում 10 տարի շարունակ: Զարմացել էի…

Ի վերջո, Գյումրիում տեղի են ունեցել ավագանու ընտրություններ, որտեղ, ինչպես Արմեն Աշոտյանն է գլխատառերով գրել՝ գյումրեցին ՉԸՆՏՐԵՑ ՆԻԿՈԼԻՆ: Ես ավելին կասեի՝ գյումրեցին նախապատվություն տվեց ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ: Գյումրեցին չնայեց էլ, թե ում հետ էին «պորտալարով» կապված ընդդիմադիր թեկնածուները: Դրանից հետո պետք էր ընդամենը մեկ բան անել՝ շեմը հաղթահարած ուժերով կազմել մեկ բլոկ ու Գյումրին վերջնականապես ազատել «նիկոլացավից»: Չստացվեց, ինչո՞ւ: Որովհետեւ գտնվեց մի ընդդիմադիր, որ հանկարծ «հիմնավոր պատճառներ» գտավ՝ ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիրին չմիանալու համար: Պատճառը նշվում էր «անձնական», եւ կարելի էր, իհարկե, հասկանալ այդ թեկնածուին, բայց այդ մերժումին հաջորդեցին իրադարձություններ, որոնք այդ «անձնական» հակադրությունն իսկույն տեղափոխեցին քաղաքական դաշտ՝ ոչ միայն այդ թեկնածուին, այլեւ մեր Սարիկին կապելով որոշակի քաղաքական շրջանակների հետ: Պորտալարով… Հիմա էն Աշոտյանն էլ իզուր նեղացել է, ասում է` Ղուկասյանն ընդամենը մի քանի ձայնով է առաջ անցել իր կողմից շատ հարգված չմիացող թեկնածուից, դա ի՞նչ հաղթանակ է եւ այլն, եւ այլն: Պեչենու բաղերն ընկնելու ժամանա՞կ ես գտել, պարոն Աշոտյան… 

Չլինի՞ թե նեղվում ես, որ Նիկոլին բերող «հզոր ուժերին» հաղթելու «ձեւն» է գտնվել Գյումրիում: Հա՛մ ասում ես՝ գյումրեցին ՉԸՆՏՐԵՑ ՆԻԿՈԼԻՆ, հա՛մ էլ այնպես ես անում, որ գյումրեցին վերջում զարմանա՝ տեսնելով, որ ընտրել է Նիկոլին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image