Արդեն վստահ կարող ենք ասել, որ ԱԺ արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու: Դա անելու ցանկությունն, իհարկե, մեծ էր, սակայն Գյումրիի համայնքային ընտրությունները վկայեցին, որ իշխանությունը դրան պատրաստ չէ: Չէ, տեխնիկապես հենց վաղն էլ կարող են հայտարարել, որ գնում են արտահերթի: Բայց գնալը մի բան է, իսկ տեղ հասնելը, այսինքն՝ շահելը, լրիվ այլ բան: Դրան գումարվում է Իլհամի կողմից մի շարք պահանջներից երկուսի առանձնացումը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություն և Մինսկի խմբի լուծարում, որ պետք է կյանքի կոչվեն, որպեսզի ստորագրվի խաղաղության համաձայնագիր կոչված թղթի կտորը: Երկրորդ պահանջի առումով խնդիր չկա՝ հենց վաղն էլ «մեծարգոն» կարող է հայտարարել, որ հանուն խաղաղության այդ կառույցը պետք է լուծարվի:
Եվ որպես պատճառ էլ կնշվի, որ դրա գործունեության առարկան՝ Ղարաբաղյան կարգավորումն արդեն դուրս է եկել իշխանության օրակարգից: Վստահ եմ, որ դրան ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ Արևմուտքը, ամեն մեկն իր շահերից ելնելով, չեն խոչընդոտի:
Շատ ավելի լուրջ է Սահմանադրության փոփոխության խնդիրը: Սոցհարցումները վկայում են, որ երբեմնի «հպարտ» ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը դեմ է դրան: Ինչը նշանակում է, որ Բաքվի պահանջը կատարելու համար հանրաքվեն պետք է կեղծվի, բայց դա էլ կառաջացնի լուրջ խնդիր լեգիտիմության առումով: Լեգիտիմության խնդիր թե՛ Նիկոլի իշխանության գոյատևման և թե՛ հենց հիմնական օրենքի փոփոխության տեսակետից: Ենթադրում եմ, որ նման ելքին կարող է համաձայն չլինել նույնիսկ Բաքուն՝ մտավախություն ունենալով, որ իշխանափոխությունից հետո այդ հարցը չի կարող չբարձրաձայնվել: Ինչը նշանակում է, որ եթե Իլհամը ցանկանում էր իր պահանջների կատարման առումով ստանալ ՀՀ քաղաքացիների համաձայնությունը, ինչի մասին ինքն արտահայտվել է, դա տեղի չի ունենա: Տվյալ համատեքստում Նիկոլի խնդիրն ավելի բարդ է. նրան անհրաժեշտ է աջակցություն, որպեսզի հանրաքվեն հաջողություն ունենա: Ինչը տեղի կունենար, եթե ստորագրվեր վերը նշված թղթի կտորը: Իսկ այնուհետև դա որպես դրոշակ թափահարելով՝ շահեր նաև ԱԺ ընտրությունները: Բայց նման տարբերակը ձեռ չի տալիս Բաքվին. այնտեղից սկզբում պահանջում են աթոռները (սահմանադրական փոփոխությունները), իսկ հետո պատրաստ են տալու գումարը՝ ստորագրել համաձայնագիրը: Ինչպես տեսնում ենք, «մեծարգոն» ընկել է կրակի ու ջրի արանքը, Իլհամն էլ վերից (Բաքվից) է հրամաներ տալիս: Իսկը Թումանյանի գրածի նման՝ ««Անցեք» եկավ մեզ հրաման շահն է հրաման տալիս վերից: Ետևը սուր, առաջը ջուր, սուգ, վայնասուն, իրարանցում…» (Թագավորն ու չարչին):
Ու դեռևս չկողմնորոշվելով, թե ինչը ինչից հետո է արվելու, համենայն դեպս, արագացնում է նոր սահմանադրություն (փոքրատառով, քանի որ նման պայմաններում գրված ու նույնիսկ «չար» հրաշքով ընդունված հիմնական օրենքը լեգիտիմ լինել չի կարող) մշակելու գործընթացը: Իսկ դրա վկայությունն էլ հայեցակարգ մշակելուց հրաժարվելն է, ինչը հրապարակայնացվել է «Ազատություն» ռ/կ-ի կողմից: Երևի միայն «ժողովրդավարության բաստիոնում» է հնարավոր, որպեսզի առանց համապատասխան հայեցակարգ մշակելու՝ ամբողջովին նոր տեքստ գրվի: Բայց դե այնքան շատ աննորմալ բան ենք տեսել վերջին յոթ տարում, որ նոր աննորմալությունն արդեն այնքան էլ զարմանալի չի թվում: Ուրիշ հարց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մի նոր խայտառակությամբ «չպսակենք» մեր ճակատը: Եվ սահմանադրական հանրաքվեն էլ վերածենք իշխանափոխության միջոցի: Իսկ այնուհետև, ազատվելով պարտության խորհրդանիշ անձի առկայության կապանքներից, փորձենք դուրս գալ արտաքին թշնամու կողմից պարտադրված իրավիճակից:
Ի դեպ, վերջինիս քաղաքացիական կնոջ կողմից հանրապետական ինչ-որ կոմիտե ստեղծելը ևս, բնականաբար, միտված է ԱԺ ընտրություններին նախապատրաստվելուն: Զարմանալի է, բայց դա նշանակում է, որ 10 տարի առաջ ընդդիմադիր Նիկոլի կողմից հիմնադրված կուսակցության (համահիմնադիրների ինստիտուտը ֆիկցիա է՝ դրան որպես կուսակցությանը նախորդած նախաձեռնության հայաստանյան առաջին արձագանքող եմ ասում) նկատմամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այլևս վստահություն չունի: Ու այդ պատճառով էլ փորձում է նոր կառույց ստեղծել, որպեսզի անհրաժեշտության դեպքում հենվի դրա վրա: Իսկ որ այդ կառույցը ստեղծվում է այնպիսի աննորմալ գաղափարի վրա, ինչպիսին «կրթվելը նորաձև է», դա վկայում է «ծուռ հայելիների» իրականության և դրանից ազատվելու նպատակով՝ իշխանափոխության անհրաժեշտության մասին: Որպեսզի մոտ ապագայում այդ գաղափարով էլ վարի չտրվի այն ամենը, ինչ մնացել է կրթական համակարգից: