Հասարակություն

Հարգելի Պողոս, եթե տեղաշորդ գցես ավտոբուսում ու այնտեղ քնես, ավելի էժան կստացվի

Հարգելի Պողոս, եթե տեղաշորդ գցես ավտոբուսում ու այնտեղ քնես, ավելի էժան կստացվի

Երևանի քաղաքային տրանսպորտից օգտվելու համար քաղաքացիներից կպահանջվի բարձրագույն կրթություն: Նոր օրենքը ուժի մեջ կմտնի 2025թ. հունվարի 1-ից: Բարձրագույն կրթություն չունեցաք՝ ավելի լավ է քաղաքային ավտոբուսներին ու տրոլեյբուսներին չմոտենաք: 2025թ. հունվարի 1-ից ձեզ կթալանեն հինգ րոպեում ու չեք էլ հասցնի մարսել նախընթաց գիշերվա կերած-խմածը: Իսկ մինչ այդ, սիրելի երևանցիներ, կարող եք սրտներիդ ուզածի չափ օգտվել Երևանի քաղաքապետարանի շքեղ ավտոբուսներից, եթե ձեր գրպանում ունեք 100 դրամանոցներ: 50+50-ը չի անցնում, 200-ը, 500-ը, 1000-ը նույնպես: Վարորդներին արգելվում է նոյեմբերի 1-ից ձեռք տալ ձեր փողերին, մանրել դրանք կամ սխալմամբ խառնել սեփական փողերին: 100 դրամանոցը պետք է գցեք ծակը, հասկացա՞ք, միայն ծակը: Հակառակ պարագայում կառաջանա կոռուպցիոն ռիսկ, ստվերային շրջանառություն և դուք կհամարվեք կոռուպցիայի մասնակից: Ձեզ նույնիսկ կդատեն: Իսկ որպեսզի հետներդ կիլոգրամներով 100 դրամանոցներ չպտտեք, քաղաքապետարանն առաջարկում է հերթ կանգնել Telcell-ի սարքերի առաջ, ստանալ ձեր երազած QR «կոդ-կտրոնը» և դուխով նստել ավտոբուս: Նկատենք նաև, որ նոյեմբերի 1-ից վերանում է հարևանի կամ ծանոթի համար տոմս առնելու հնամենի սովորությունը, և գործում է «каждый сам за себя» սկզբունքը:

Դե իսկ 2025թ. հունվարի 1-ից, ինչպես արդեն ասացի, Երևանի քաղաքային տրանսպորտից օգտվել կարող են միայն բարձրագույն կրթություն ունեցողները, որոնք մաթեմատիկա առարկայից ստացել են «բավարար» գնահատական: Հակառակ դեպքում, նորից եմ կրկնում, Երևանի քաղաքային իշխանությունները ձեզ կթալանեն 5 րոպեում: Չեք հավատո՞ւմ… Հլա մի հատ ասեք՝ Ավինյան… Ասեք՝ Նիկոլ… Ասեք՝ ՔՊ… Հը՞, դեռ չեք հավատո՞ւմ, որ ձեզ թալանելու են: Պողոս, հլա սա կարդա. «Միասնական տոմսային համակարգին անցնելու դեպքում փոխվելու է վճարման չափը, հունվարից գործելու են տարբեր փաթեթներ՝ 1 ամսվա, 90 օրվա, 365 օրվա համար։ 30 օրվա համար 8 հազար 800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 90 օրվա համար 23 հազար 600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 365 օրվա համար 88 հազար դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ»: 

Հիմա ինձ ասա, Պողոս ջան, ո՞ր փաթեթն ես նախընտրում: 30 օրվա՞նը: Շատ բարի: Իսկ հիմա քեզ պատկերացրու Երևան սիթիից կամ քաղաքապետարանի կրպակներից տրանսպորտի համար միանվագ 8 հազար 800 դրամի տոմս առնելիս: Թոշակդ ինչքա՞ն է, Պողոս: 8 հազար 800 դրամ միանվագ պիտի վճարես, որ 30 օր կարողանաս օգտվել տրանսպորտից, օրը, եթե Ավանից իջնես Շրջանային և բարձրանաս Ավան, ամենահամեստ հաշվարկներով, 293 դրամ: Արդեն 93 դրամ տարան քեզնից, Պողոս, որովհետև դու մինչ այս վճարում էիր 200 դրամ: Մյուս փաթեթներն էլ առանձնապես մխիթարական չեն, հարգելի Պողոս: 90 օրվա համար միանվագ 23 հազար 600 դրամ պետք է վճարես (օրը՝ 262 դրամ), 365 օրվա համար՝ միանվագ 88 հազար դրամ (օրը՝ 241 դրամ): 30 օրում, Պողոս ախպեր, քեզնից տանում են 2790 դրամ, 90 օրում՝ 5580 դրամ, 365 օրում՝ 14965 դրամ:

Հուսահատվել պետք չէ, հարգելի Պողոս: Ահավասիկ՝ Ավինյանը քո մասին էլ է մտածել: Գրել է, որ քաղաքացի Պողոսը վերը նշված միանվագ վճարումները կատարելուց հետո կարող է քաղաքային բոլոր տիպի տրանսպորտներից օգտվել անսահմանափակ՝ ավտոբուս, տրոլեյբուս, մետրո, երթուղային… Անսահմանափակ… Բա սա հրաշք չի՞, Պողոս: Հացի ես գնում՝ տրանսպորտ նստիր, կանաչին մոռացար՝ տրոլեյբուսով գնա, Սաքոյի հետ նարդի՞ ես ում խաղալ, խնդրեմ «Ման» ավտոբուսը, գնստիր ու գնա… Պառավդ փաթեթ ունի՞, Պողոս, «խփիր» թևիդ տակ ու տար քաղաքը ցույց տալու: Մաշտոցի վրա մի լավ սրճարան կա: Օպերայից նստեք «Ժոնգտոնգն» ու երկու կանգառից իջեք: Հետո կնստեք «Յուտոնքն» ու կգաք Շրջանային, որ այնտեղից 41 համարի «Ման» շքեղ ավտոբուսով հասնեք Ավան: Այսպես ահագին էժան կնստի քեզ վրա, Պողոս ջան: Էլ չեմ ասում, որ եթե տեղաշորդ գցես ավտոբուսում ու այնտեղ քնես, ավելի էժան կստացվի: Ավինյանն է ասել՝ անսահմանափակ: Հակառակ պարագայում, հարգելի Պողոս Վովայևիչ, դու ռիսկի կդիմես և ավելի թանկ կվճարես: Ենթադրենք՝ 30 օրում դու տրանսպորտից օգտվում ես ոչ թե 30 այլ 10 անգամ: Ասել է, թե միանվագ վճարած 8 հազար 800 դրամը բաժանում ես 10-ի՝ 880 դրամ: Մեկ անգամ ավտոբուս նստելդ 440 դրամ է ստացվում, Պողոս: Դե հիմա նույն սկզբունքով հաշվիր, թե որքան է թանկանում քո «երթևեկությունը» 90 օրում կամ, առավել ևս, 365 օրում, եթե դու հանկարծ չկարողանաս «անսահմանափակ» օգտվել Ավինյանի մատուցած այդ ծառայությունից:

Եվ վերջում, իմ հպարտ Պողոս, որպեսզի ուղեղդ շատ չծանրաբեռնես այս թվերով, քեզ ավելի պարզ բացատրեմ, թե ինչ է լինելու 2025 թվականի հունվարի 1-ից հետո: Պատկերացրու մի այսպիսի իրավիճակ՝ դու քեզ համար տանը նստած, մեկ էլ Ավինյանը քեզ թալանում է: Իսկ չթալանվելու մի ձև կա միայն՝ փաթեթ չգնել: Հացի ու կանաչու համար ոտքով գնա խանութ, նարդի՞ ես ուզում խաղալ՝ հեռավար խաղա, պառավդ ուզում է Երևա՞նը տեսնել՝ հիշողություններով խաբիր… Հա, Շրջանային անհետաձգելի գո՞րծ ունես՝ ոտով իջիր, լավ «սպուսկ ա»: Հետ գալը մի քիչ դժվար կլինի, բայց դրա լուծումն էլ կա: 2025թ. հունվարի 1-ից ավտոբուսի վարորդի տանձին էլ չի լինելու՝ Պողոսը փողը տվել է, թե չի տվել… Հասնում ես քո կանգառն ու… Թռնում: Սրանք մինչև տուռնիկետ դնեն, ավտոբուս վերասարքավորեն, մի քանի հատ 365 օր կտևի:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image