Օրերս Բաքու ժամանած Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն Ադրբեջանի նախագահի կնոջը՝ Հեյդար Ալիեւի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիեւային, պարգեւատրեց Ռուս ուղղափառ եկեղեցու «Սուրբ հավասարառաքյալ Օլգայի»՝ Ռուս ուղղափառ եկեղեցու 1-ին աստիճանի շքանշանով։ Ադրբեջանի առաջին տիկնոջն այս շքանշանը շնորհվել է պատրիարք Կիրիլի հատուկ հրամանագրով՝ հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանմանը, ինչպես նաեւ մշակութային եւ կրոնական երկխոսության խթանմանը նպաստելու համար։
ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունն այս առիթով հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշել է, որ Մեհրիբան Ալիեւան կրոնական հանդուրժողականության համար բարձր պարգեւ է ստանում այն դեպքերում, երբ հենց կրոնական, ռասայական անհանդուրժողականության եւ խտրական վերաբերմունքի պայմաններում Արցախի պատմական հայկական տարածքներում 2020 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից բացահայտ կերպով եւ հիմնահատակ ոչնչացվել է հայ ժողովրդի հոգեւոր ժառանգությունը․ քրիստոնեական մի շարք եկեղեցիներ, այդ թվում՝ Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Մոխրենեսի Սուրբ Սարգիս, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին, Տանձատափի, Մարիամաձորի Սուրբ Մինաս, Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցիները։
«Ի դեպ, հարկ է ընդգծել, որ Կանաչ ժամը, մինչ ոչնչացումը՝ հայ ժողովրդից օտարելու համար, հենց ուղղափառ էր հռչակվել, իսկ այնուհետեւ՝ հիմնահատակ ավերվել։ Բացի դա, հարկ է շեշտել, որ «ուղղափառության համար բարենպաստ երկիր» համարվող Ադրբեջանը «կեղծ ուղղափառություն» է շնորհել նաեւ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն՝ խեղաթյուրելով եկեղեցու պատմությունը, կեղծ վերականգնումներով այլափոխել եւ պղծել է հայ ժողովրդի քրիստոնեական հավատքի ամենակարեւոր կենտրոնը»։
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը նաեւ հիշեցնում է ՄԱԿ-ի Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշումը, որտեղ Ադրբեջանի վարած քաղաքականությունը հայկական եկեղեցիների եւ ժառանգության հանդեպ համարվեց ռասայական խտրականության ցուցիչ։ «Մենք կոչ ենք անում՝ հարգել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (1948 թ.) դրույթները, մասնավորապես՝ դրա 18-րդ հոդվածը, որտեղ հստակ նշվում է, որ յուրաքանչյուր մարդ ունի մտքի, խղճի ու հավատի ազատության իրավունք, ինչպես նաեւ՝ իր կրոնական համոզմունքները դավանելու եւ գործադրելու իրավունք։ Նույն սկզբունքն իրավական պարտադիր ուժով ամրագրված է ՄԱԿ-ի Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (ICCPR, 1966 թ.), որի 18-րդ հոդվածը վերահաստատում է այդ ազատությունները»,- նշվում է հայտարարության մեջ:
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի գիտաշխատող, մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանի կարծիքով, սա Ադրբեջանի որդեգրած քաղաքականության մի մասն է, որով փորձում է բազմամշակութայնության եւ հանդուրժող երկրի իր հորինած կերպարը լեգիտիմացնել միջազգային տարբեր հարթակներում։ «Սա պատահական շքանշան չէ, այլ վաղուց մշակված, ուղղորդված քաղաքականության մաս: Այստեղ մի քանի խնդիր կա, որն կուզեի միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել. այսօր Մեհրիբան Ալիեւան ստանում է Ռուս ուղղափառ եկեղեցու Համայն Ռուսիո պատրիարքի կողմից 1-ին աստիճանի շքանշան եւ շքանշանն էլ ստանում է այն հրամանագրով, որտեղ նշվում է, որ Ալիեւան արժանանում է այս պարգեւին որպես հանդուրժող երկրի փոխնախագահ, որտեղ հավասարապես գոյակցում են կրոնական տարբեր խմբեր, ինչը կրկին բազմամշակութայնության կոնտեքստում է դիտարկվում, նաեւ՝ որպես Ռուս ուղղափառ եկեղեցու, կրոնական համայնքի հովանավոր: Պետք է նշել, որ Արցախի եկեղեցիները, օրինակ` Կանաչ ժամն ու Սուրբ Հովհաննես եկեղեցին, նախքան ոչնչանալը, Ադրբեջանի կողմից հենց ռուս ուղղափառ էին հռչակվել, որից հետո արդեն պայթեցվել ու ոչնչացվել էին: Սա կարեւոր հանգամանք է՝ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռելու համար, փաստորեն, Ադրբեջանը հայկական քրիստոնեական ներկայությունն Արցախից օտարելու համար մե՛կ այն աղվանացնում է, մե՛կ` ուղղափառացնում, որպեսզի հայկականությունից կտրի: Սակայն հիմա այս կոնտեքստում տեսնում ենք, որ այդ՝ ուղղափառ հռչակված եկեղեցին եւս ոչնչացվել է Ադրբեջանի կողմից»,- նկատում է զրուցակիցս:
Հատկանշական է, որ 2020-ի պատերազմից հետո Սուրբ Ղազանչեցոցի եւ Դադիվանքի համար անձամբ երաշխավոր կանգնեց դարձյալ Համայն Ռուսիո պատրիարքը, բայց Ղազանչեցոցի դեպքում արդեն տեսնում ենք, որ տեղի է ունենում եկեղեցու մզկիթացում։ «Այստեղ էլի նույն խնդիրն է, բայց՝ մի փոքր այլ կոնտեքստում, Ղազանչեցոցը կրկին Ադրբեջանը փորձում է ուղղափառ հռչակել եւ նրա հետագա պահպանությունը, իրականում` խեղաթյուրումը, իրականացնել ուղղափառության անվան տակ։ Բայց սա շատ մտահոգիչ է, քանի որ այս պարագայում խախտվում է եկեղեցու ամենակարեւոր հատկանիշը` իսկությունն ու ամբողջականությունը, որը, ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է սահմանել՝ Ճապոնիայում ընդունված Նարայի փաստաթղթով։ Սա միջազգային փաստաթուղթ է՝ իրավական ուժով, որը նշում է, որ եկեղեցու հիմքում դրված պատմության կեղծումը եւ եկեղեցիների հոգեւոր արժեքների գործառույթի փոփոխությունը խիստ վտանգավոր քաղաքականություն է: Փաստորեն, ստացվում է, որ այս պարագայում ռուս ուղղափառությունը դրվում է որպես խեղաթյուրման գործիք՝ Ղազանչեցոցի վրա: Հայ առաքելական եկեղեցին խեղաթյուրվում է որպես ռուս ուղղափառ եկեղեցի, ու այդ կեղծված ուղղափառության պաշտպանության համար Ալիեւան ստանում է միջազգային բարձր շքանշան: Բացի այդ, սա տեղի է ունենում այն կոնտեքստում, երբ հենց այս փուլում քրիստոնեական Արցախը հայ ժողովրդից օտարելու համար արդեն որերորդ գլոբալ միջազգային միջոցառումն է կազմակերպվում, Վատիկանի գիտաժողովից առաջ էլ Լեհաստանում էր նմանատիպ միջոցառում տեղի ունեցել, որտեղ Դադիվանքը, Գանձասարը, Ամարասը փորձում էին ներկայացնել որպես աղվանական»,-ընդգծում է փորձագետը:
Նմանատիպ քայլերով, միջոցառումներով, ինչպես նկատում է Ա. Տիգրանյանը, խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, մասնավորապես` բռնի տեղահանված արցախահայերի եւ ողջ հայ ժողովրդի կրոնական իրավունքները` ճշմարիտ կերպով իրենց ժառանգությանը նույնիսկ հետագայում հաղորդակից լինելու իրավունքը. «Սա իր հեռահար նպատակներն ունի, այն է` քրիստոնեական Արցախից քրիստոնեական, հայկական ժառանգությունն օտարելն ու միջազգայնորեն լեգիտիմացնելը: Սա տեղի է ունենում մի իրականության տիրույթում, երբ զուգահեռ տեսնում ենք Արցախի իսլամացումը: Վերջերս Շուշիում Ցեղասպանության ոչնչացված հուշահամալիրի տարածքում Ադրբեջանը մզկիթի հիմնարկեք արեց ու դա արեց՝ օգտագործելով հատուկ սիմվոլներ` ընտրելով 11 թիվը, որը խորհրդանշում է նոյեմբեր ամիսը, երբ եռակողմ համաձայնագրով այն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Այսինքն, այսօր Ադրբեջանը փորձում է իսլամացնել Արցախի տարածքը` տարբեր մզկիթների հիմնարկեք անելով, մյուս ուղղությամբ, որպեսզի քրիստոնեական հենքը ոչնչացնի, փորձում է կա՛մ այն աղվանացնել, կա՛մ հայկական եկեղեցիներն ուղղափառությանը հանձնել: Այս քաղաքականությունը կրկին տեղավորվում է ռասայական ատելության գլոբալ կոնտեքստում, եւ Հաագայի արդարադատության դատարանը, արդեն 21-ից սկսած, աշխարհի ուշադրությունը բեւեռել է այդ հարցի շուրջ, իսկ Ղազանչեցոցի թիրախավորումն արվել է հենց ռասայականության խտրականության հիմքով: Սակայն եթե պատահական ոչնչացումները մեկ այլ կոնտեքստով են դիտարկվում, ապա ռասայական ատելության հիմքով եւ կանխամտածված ոչնչացումները մեկ այլ տեսանկյունով են դիտարկվում»:
Մշակութային ժառանգության փորձագետը նկատում է, որ եթե Համայն Ռուսիո պատրիարքը խոսում է Ադրբեջանի տարածքում կրոնական հանրույթների խաղաղ գոյակցման մասին, ապա միջազգային փորձագետները միեւնույն ժամանակ նշում են, որ ժառանգության խեղաթյուրումը, ոչնչացումը պատերազմի ձեւ է՝ ուղղված խաղաղ բնակչությանը. «Ես այս քայլը համարում եմ շարունակվող պատերազմի ձեւ, լինի դա Վատիկանում տեղի ունեցած գիտաժողովը, թե այս պարգեւատրումը եւ թե այն փաստը, որ Ադրբեջանը Հայրենական պատերազմի եւ Արցախյան ազատամարտի հուշարձանները ոչնչացրեց Վանք գյուղում, ընդ որում` Հայրենական պատերազմի տարեդարձի նախօրեին: Ի՞նչ է սա, եթե ոչ շարունակվող անհանդուրժողականություն եւ բռնություն»: