Մշակույթ

«Հրապարակ». Երբ ասում է` կադրեր չկան, ըստ ամենայնի, նկատի ունի, որ ՔՊ-ական կադրեր չկան

«Հրապարակ». Երբ ասում է` կադրեր չկան, ըստ ամենայնի, նկատի ունի, որ ՔՊ-ական կադրեր չկան

7 տարի առաջ կադրային հեղափոխություն խոստացած վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ կառավարության նիստում խոստովանեց, որ Հայաստանի բոլոր ոլորտներում կադրային ճգնաժամ է, եւ որ «իրական Հայաստանի» մասին վերջին քննարկման ժամանակ մասնակիցներով եկել են այն եզրահանգման, որ վարորդների 95 տոկոսը լավ վարորդ չէ, բայց ոչ միայն վարորդների, այլեւ սանտեխնիկների, դերձակների, ուսուցիչների ու անգամ պետական համակարգի կառավարիչների դեպքում նույն պատկերն է:

Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Պողոսյանի կարծիքով, նախ՝ երկրի ղեկավարին այնքան էլ վայել չէ մոտավոր վիճակագրություն ներկայացնել, եւ հետո՝ ո՞ւմ է ասում դա։ «Վայել չէ երկրի ղեկավարին՝ կառավարության նիստի ժամանակ աչքաչափով թվեր ասել, հատկապես որ ունենք նախարարություններ, կոմիտեներ, հազար ու մի բաժիններ, որոնք կարող էին մի լուրջ վերլուծություն անել եւ թվային պատկեր ներկայացնել։ Հետո՝ «լավը չեն» ասելով ի՞նչ նկատի ունենք, դա կախված է նրանից, թե ինչ սանդղակով ես չափում այդ շինարարի կամ վարսավիրի լավ ու վատ լինելը, իսկ սա բավականին բարդ բան է,- ասում է Պողոսյանն ու ես մեկ անգամ ընդգծում, որ մոտավոր վիճակագրություն ներկայացնելը վայել չէ երկրի վարչապետին։- Դա իրենց կարող են թույլ տալ սովորական քաղաքացիները, բայց ոչ ինքը, այն էլ՝ կառավարության նիստի ժամանակ»։

Մեծ հաշվով, այդ կադրերի պատրաստման աշխատանքն էլ է կառավարության գործունեության արդյունքը։ «Այդ 7 տարում կարելի էր լավ կադրային բազա ստեղծել, եթե նույնիսկ չկային կամ քիչ էին, բա ինչի՞ համար են գործում կառավարությանը ենթակա այդ բոլոր կառույցները, եթե չեն պատրաստում կադրեր»,- ասում է սոցիոլոգն ու նկատում, որ երբ իշխանությունն ասում է՝ կադրեր չկան, ըստ ամենայնի, նկատի ունի, որ ՔՊ-ական կադրեր չկան։
«Իսկ ՔՊ-ի կադրային ռեսուրսը, ինչպես ցանկացած ուրիշ կուսակցության ռեսուրս, շատ սահմանափակ է։ Բնական է, որ կուսակցությունը չի կարող այնքան կադրեր ունենալ, որ կարողանա ամբողջ համակարգը որակյալ կադրերով համալրել, իսկ քանի որ իրենք խնդիր են դրել, որ համակարգի ներսում միայն ՔՊ-ականները պետք է զբաղեցնեն, այսինքն՝ սա զուտ կուսակցականացված, քաղաքականացված որոշում է, որն ի սկզբանե արմատապես սխալ է։ Չէ՞ որ լավ մասնագետներ կան, որոնք չեն ուզում ՔՊ-ական լինել, որովհետեւ, եթե մտնեն համակարգ, իրենց առաջ կարող են դնել ՔՊ-ի շարքերը համալրելու պահանջ, բայց բոլորը չէ, որ ձգտում են կուսակցության անդամ դառնալ։ Եթե վերցնենք ամբողջ բնակչության կտրվածքով, ապա կուսակցականների թիվը 10-12 տոկոս է, մնացածը մարդիկ են, որոնք ոչ մի կուսակցության անդամ չեն։ Բայց քանի որ իրենք այնպիսի դրվածք են դրել, որ հատկապես բարձր պաշտոնների համար կուսակցության շարքերը պետք է համալրեն, դրա համար էլ կադրեր չունեն»։

Երկրի ղեկավարն ասել է, թե լավ կադրերի փոքր խումբ կա, բայց նրանց համար պետական պաշտոնը գրավիչ չէ։ «Որոնք 1-10 միլիոն դրամով աշխատում են Հայաստանում, Հայաստանից դուրս եւ չեն էլ գա-աշխատեն կառավարությունում, մի բան չի՝ 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը հետը տանեն տուն»,- մանրամասնել է Փաշինյանը:

«Սա արդեն, կարելի է ասել, ինքնաքննադատական հայտարարություն է, որովհետեւ ժամանակին մենք դրսից հրավիրված եւ ուղղակի հոժար կամքով եկած բազմաթիվ մասնագետներ ունեինք, այդ թվում՝ նախարարներ, եւ իրենք հաստատ մի 10-15 տարի առաջ ավելի շատ չէին ստանում, քան հիմա են ստանում։ Առավել եւս, որ իրենց երկրներում հաստատ ավելի շատ էին ստանում․ ես նկատի ունեմ, որ Արեւմտյան Եվրոպայից, ԱՄՆ-ից մենք ունեինք աշխատակիցներ, մասնագետներ, նախարարներ․․․, ուրեմն խնդիրը դրանում չէ, այլ նրանում է, որ մարդիկ իր կառավարության հետ չեն ուզում համագործակցել։ Սա է խնդիրը, որը բոլոր դեպքերում իրենց ներսում է եւ ոչ թե դրսում»։

Վարչապետն իր խոսքում ավելի է անկեղծացել՝ խոսելով վարորդների մասին, որոնք վարել չգիտեն: Ավելին՝ նշել է, որ գրեթե բոլորը, սկսած իրենից, վարորդական իրավունք ստացել են ծանոթով, կաշառքով ու այլ հնարքներով. «Երբ ստանում էի, հայտնի լրագրող էի, ես որ ծնկաչոք աղաչեի էլ, ինձ չէին թողնի, որ ես քննություն տամ»։ Այս առնչությամբ Գ․ Պողոսյանը նկատում է․ «Դա շատ վատ է․․․ այդ արարքը խրախուսելի բան չէ, ճիշտ հակառակը՝ պատժելի արարք է։ Եվ հետո՝ համակարգը կարգի բերեք, որ նման դեպքեր չլինեն կամ շատ քիչ լինեն»։

Մյուս կողմից էլ, աշխարհի ոչ բոլոր երկրներում են բոլորը շատ բարձր աշխատավարձ ստանում, բայց պետությունն ապահովում է ու ստեղծում է միջավայր, պայմաններ, տալիս է սոցիալական, առողջապահական արտոնություններ, եւ դրա համար էլ մարդիկ չեն խուսափում պետական համակարգում ոչ շատ բարձր աշխատավարձով աշխատել․ «Շատ երկրներում եթե աշխատավարձը շատ բարձր էլ չէ, պետությունը որոշակի սոցիալական բոնուսներ է տալիս թե՛ բժշկության, թե՛ հանգստի գծով․․․։ Հիշում եմ՝ երբ ԱՄՆ-ի համալսարաններից մեկում մեկ տարի աշխատում էի ու ստանում բավականին նորմալ աշխատավարձ, բայց, միեւնույն է, դրան զուգահեռ ստանում էի բազմաթիվ բոնուսներ, արտոնություններ։ Հիմնականում երկրի կենսամակարդակն է որոշում ամեն ինչ, որովհետեւ, եթե ընդհանուր կենսամակարդակը ցածր է, ինչքան էլ բարձր աշխատավարձ տաք, մարդը եթե հնարավորություն ունի գնալու մեկ ուրիշ երկիր, որտեղ կենսամակարդակը բարձր է, եւ պատերազմի վտանգ չկա, իհարկե, կգնա։ Այստեղ ոչ մեկին մեղադրել հնարավոր չէ․ իրավիճակը պետք է բարելավվի, կենսամակարդակը բարձրանա, իսկ մեր բնակչության համար ամենակարեւոր ու առաջնային խնդիրն անվտանգությունն է։ Ինչքան էլ շատ աշխատավարձ տաք, բայց եթե մարդն իր ընտանիքի համար մտահոգ է, ու լայնածավալ պատերազմի վտանգ կա, աշխատավարձով ոչինչ չի որոշվում, քանի որ անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է մարդկանց համար»։

Վերջին 30 տարում ե՞րբ է առավել սուր զգացվել կադրային ճգնաժամի հարցը եւ հատկապես ո՞ր ոլորտներում։ «Այնպես չէ, որ մենք միշտ կադրերով լիուլի ապահովված ենք եղել։ Միշտ էլ ինչ-որ տարբեր ոլորտներում եղել է այդ բացը, հատկապես՝ շինարարության ոլորտում․ 90-ական թվականների սկզբին շատ շինարարներ ու վարպետներ մեկնեցին․․․ այսինքն, այդ խնդիրը միշտ էլ եղել է, բայց այսքան սուր չի եղել, որ կառավարությունը դրա մասին այսպես հանրային ձեւով բարձրաձայնի եւ խոստովանի, որ ինքն անճար է ինչ-որ բան բարելավելու հարցում։ Նախկինում թե՛ դրսից են հրավիրվել մասնագետներ, թե՛ նրանք են եկել՝ իրենց հոժար կամքով, այսինքն՝ կադրային խնդիր միշտ եղել է, բայց դա տարբեր տեսակի լուծումներ ունի։ Եվ մի բան է, երբ դու խորանում ես, ուսումնասիրում ես, լուծում ես, եւ ուրիշ հարց է, երբ դու պարզապես ասում ես՝ դե ինչ անենք, անճար ենք, կադրեր չկան․․․, դրանով պետք է զբաղվել, ծրագրեր մշակել, սկսել դպրոցներից, տեխնիկումներից, ի վերջո՝ կադրերին կա՛մ աճեցնում են, կա՛մ հրավիրում են, կա՛մ տեսնում ես, թե որտեղ է հատկապես սուղ կադրային խնդիրը, ուրեմն այնտեղ ավելի շատ ուշադրություն ու ներդրումներ են պետք։ Սա, ինչպես բոլոր խնդիրները, իր լուծման մեխանիզմներն ունի»,- ընդգծում է զրուցակիցս։

«Կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետեւ երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ»,- հայտարարել ու դրանով փորձել է արդարանալ Փաշինյանը՝ կառավարության սխալ կադրային քաղաքականությունը պայմանավորելով երկրում առկա կադրային ճգնաժամով։ «Սա նույն տրամաբանությունն է, երբ ասում էին՝ նախկիններն են մեղավոր ամեն ինչում, այդ թվում՝ Արցախի կորստի հարցում։ Սա նշանակում է պատասխանատվությունից խուսափել եւ գցել ուրիշի վրա։ Այդ տրամաբանությունն է, այլ տրամաբանություն այդտեղ չկա, որովհետեւ այս 7 տարիների ընթացքում կարելի էր լուրջ ծրագրեր ներդնել, լուծումներ տալ եւ ստանալ որոշակի արդյունքներ, լինի գյուղատնտեսության, թե արդյունաբերության մեջ։ Իսկ այդ մոտեցումը, որ մենք մեղավոր չենք, ուրիշներն են մեղավոր, որ մենք կադրեր չունենք, շատ ծիծաղելի է»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image