Քաղաքականություն

Հնարավո՞ր է հայերից ստանալ թաիլանդցիներ

Հնարավո՞ր է հայերից ստանալ թաիլանդցիներ

Եթե մարդն անծանոթ լինի հայաստանյան իրականությանը եւ լսի, թե ինչեր է խոսում ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, կարող է մտածել, որ այդ հաստատությունը հատուկ ստեղծվել է մտավոր հաշմանդամների աշխատանքի տեղավորման հարցերը լուծելու համար. ոչ մի կոնկրետ պարտականություն չունի, պատասխանատվություն` նույնպես, բայց հնարավորություն ունի խոսելու: Իսկ թե ինչ է խոսում, նույնպես կարեւոր չէ, ի վերջո՝ հասարակությունը ներողամտորեն է վերաբերվում մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց վարքագծին, առավել եւս՝ խոսքին: Բայց խնդիրն այն է, որ ոչ միայն ԱԽ-ն, այլեւ Հայաստանի իշխանական ամբողջ համակարգն է լցված մտավոր հաշմանդամներով, ինչն արդեն վտանգավոր է, եւ որի արդյունքը Հայաստանի ներկայիս իրականությունն է: 

Քանի որ Արմեն Գրիգորյանը գիտի, որ իր զբաղեցրած պաշտոնի անվանման մեջ կա «անվտանգություն» բառը, իրեն պարտավորված է զգում՝ խոսել անվտանգությունից: Երկու օր առաջ նա կրկին եւ առանց ամոթի, առանց հաշվի առնելու, որ իրեն լսում են նաեւ արտասահմանից եկած հյուրեր, որոշել է ի ցույց դնել անվտանգության ոլորտում իր գիտելիքները եւ ահա թե ինչ է ասել այս անգամ. «Երբ մենք անվտանգություն ենք ասում, խոսքը վերաբերում է ոչ միայն կոշտ անվտանգությանը, այլ նաեւ՝ տնտեսությանը, ռազմավարական ապրանքներին: Իմիջիայլոց, նախկինում մտածողությունը հիմնականում այն էր, թե երբ մտածում ես ռազմավարական ապրանքների մասին, սովորաբար այդ ապրանքների վրա ես կենտրոնանում, բայց մենք մտածում ենք, որ պետք է մարդկանց կարիքները հաշվի առնելով գնահատենք ռազմավարական ապրանքները, եւ այդ ռազմավարական ապրանքները կարող են փոխվել, եւ պետք է ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները, եւ շատ հարմարվողական լինենք: Մի պարզ օրինակ միայն բերեմ. մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի, ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ պահի մենք կարող ենք անցնել բրնձի եւ փոխել մեր հարմարվողականությունը եւ ունենալ բրինձը որպես ռազմավարական ապրանք»:  

ԱԽՔ-ի ասածի ենթատեքստը շատ թափանցիկ է. քանի որ Ռուսաստանն է Հայաստանի ցորենի հիմնական մատակարարը եւ կարող է այդ փաստն օգտագործել Հայաստանի նկատմամբ որպես ճնշման գործիք, Հայաստանը կարող է հրաժարվել ցորենի օգտագործումից՝ այդպիսով զրկելով Ռուսաստանին մեր նկատմամբ ունեցած ազդեցության այդ մի լծակից եւս: Դրա տրամաբանական շարունակությունը սա է. Ռուսաստանը Հայաստան գազի հիմնական մատակարարն է, ատոմային վառելիքի միակ մատակարարը, եւ այդպես շարունակ, ուրեմն կարելի է հրաժարվել գազից եւ անցնել ջեռուցման այլ մեթոդների, օրինակ` աթարի, հրաժարվել էլեկտրաէներգիայից եւ անցնել մոմի։ Արդյունքում ռազմավարական ապրանք կլինի ոչ թե գազը, այլ՝ աթարը, ոչ թե էլեկտրաէներգիան, այլ՝ մոմը: Բայց ես մի այլ առաջարկ եւս ունեմ. Ռուսաստանը Հայաստան բենզինի եւ դիզվառելիքի հիմնական մատակարարն է, եւ որպեսզի զրկենք Ռուսաստանին այդ լծակից եւս, կարող ենք հրաժարվել մեքենաներից եւ գյուղտեխնիկայի օգտագործումից: Արմեն Գրիգորյանը եւ նրան այդ պաշտոնին նշանակած Նիկոլ Փաշինյանը կարող են հասարակությանն օրինակ ծառայել եւ աշխատանքի գնալ էշով: Էշը, ի տարբերություն իրենց վարած թանկարժեք գերմանական եւ ճապոնական մեքենաների, տեղական արտադրության է եւ ամենակարեւորը՝ չի սպառում ռուսական բենզին, այլ որպես էներգիայի աղբյուր օգտագործում է տեղական խոտը: Ինչո՞ւ եմ առաջարկում հենց էշ եւ ոչ թե ձի, քանի որ ձին եւս սնվում է հատիկավոր կերով, գարի եւ վարսակ, իսկ գարին մենք ներմուծում ենք Ռուսաստանից, եւ ձիերի օգտագործումը՝ որպես փոխադրամիջոց, չի մեծացնի մեր հարմարվողականությունը:

Քանի որ ցորենն օգտագործվում է ոչ միայն հացի եւ հրուշակեղենի արտադրության մեջ, այլ նաեւ որպես կեր խոզերի, հավերի, կովերի համար, եւ այդ կերային ցորենը եւս ներմուծվում է Ռուսաստանից, ապա Արմեն Գրիգորյանը նրանց եւս պետք է սովորեցնի սնվել բրնձով: Անհայտ է, թե ինչ հաջողություններ նա կարձանագրի այդ ոլորտում, բայց ճիշտ կլինի, եթե մարդկանց վրա փորձեր անելուց առաջ սկսի դա անել անասնաբուծության բնագավառում, զբաղվի խոզերի եւ հավերի հարմարվողականության մեծացմամբ:

Կարող ենք ասել, որ գործ ունենք մի հիվանդ մարդու հիվանդ երեւակայության հետ, եւ, ինչպես վերը նշեցի, պետք է ընդամենը կարեկցանքով մոտենալ Արմեն Գրիգորյանին՝ մտածելով, որ, դե, մարդը խնդիր ունի, եւ պետք չէ առանձնապես կենտրոնանալ ու անընդհատ մատնացույց անել այդ խնդիրը: Բայց քանի որ Հայաստանում միայն Արմեն Գրիգորյանը չէ, որ նույն խնդիրն ունի, հիմքեր կան մտահոգվելու, որ կարող է փորձ արվել նրա հնչեցրած գաղափարները կյանքի կոչել, այսինքն՝ հայ հասարակությանն օգտագործել որպես գիտափորձի առարկա՝ արդյոք հնարավո՞ր է հայերից ստանալ թաիլանդցիներ, որոնց սննդի հիմնական մասը բրինձն է: Եթե հայերը նման հարմարվողականություն դրսեւորեն եւ հրաժարվեն ցորենից, իսկ տավարի մսի փոխարեն սկսեն ուտել տարբեր տեսակի մորեխներ ու այլ միջատներ, դաշտերում տրակտորների փոխարեն օգտագործեն գոմեշներ եւ եզներ, ուրեմն Հայաստանը կազատվի Ռուսաստանից կախվածությունից: Եթե հայերը համառություն դրսեւորեն եւ կառչած մնան իրեն ավանդույթներին, ապա խնդիրը կլուծվի այլ կերպ. տեղական բնակչությունը կփոխարինվի Հարավարեւելյան Ասիայի բնակիչներով: 

Ի դեպ, այդ պրոցեսն արդեն սկսվել է, տասնյակ հազարավոր հնդիկների գոյությունը Հայաստանում դրա վառ դրսեւորումն է: Նրանց հարմարվողականությունն անհամեմատ ավելի մեծ է. նրանք կարող են ապրել առանց հացի, տավարի եւ խոզի մսի: Միակ խնդիրը, որ կարող է առաջանալ նրանց հետ, այն է, որ, ի տարբերություն հայերի, նրանք հարմարվողականություն չեն դրսեւորի մտավոր հաշմանդամների նկատմամբ՝ թույլ տալով, որ նրանք զբաղեցնեն իշխանության բարձր պաշտոններ, իրենց էլ դարձնելով ծաղրի առարկա:

Ավետիս Բաբաջանյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image