Քաղաքականություն

Թրամփի պաշտոնավարման 1 տարին եւ Հայաստանը

Թրամփի պաշտոնավարման 1 տարին եւ Հայաստանը

Հունվարի 20-ին լրանում է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկ տարին։ Մեկամյա այդ պաշտոնավարման շրջանում Թրամփը կարծում է, որ անհաշվելի նվաճումներ արձանագրեց, ամերիկյան քաղաքացիներն էլ կարծում են, որ, ընդհակառակը՝ Թրամփը համարյա միայն տապալումներ ունեցավ։ Ընդհանուր առմամբ, իրադրային բեկումներ չեղան աշխարհում․ որտեղ պատերազմում էին, շարունակեցին պատերազմել, որտեղ բախվում-հանդարտվում էին, շարունակեցին բախվել-հանդարտվել։ Իրան-Իսրայել բախում եղավ, ցավոք, դա Իրան-Ադրբեջան բախման չվերաճեց, Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակեցին պատերազմել, Գազայի գոտում ռազմական բախումները չավարտվեցին, բարեբախտաբար, գոնե ինտենսիվությունը աշնանը նվազեց, հրաշալի էր 2025-ի տարեվերջին քրիստոնյաների պաշտպանության համար Նիգերիայի տարածքում որոշակի վայրերի ռմբակոծումը։

Վերջապես, ինչ խոսք, տպավորիչ էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մի քանի հարյուր անվտանգային աշխատակիցների միջից առեւանգելը՝ ԱՄՆ Delta ջոկատայինների կողմից, երբ հակառակորդին պատճառվեց 150-ի չափ զոհ, 100-ից ավելի վիրավոր, մինչդեռ ԱՄՆ ուժերը չունեցան մարդուժի, նույնիսկ տեխնիկայի կորուստ։ Հոլիվուդի սցենարիստներն անգամ այդպիսի ընթացքով, արդյունքներով եւ վերջաբանով գործողություն չէին երեւակայի։ 
Դրա համար էլ, երբ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալել-Նյու-Յորք տեղափոխելուց հետո լրագրողները, փորձագետները, քաղաքական գործիչները սկսեցին աջուձախ աղաղակել, թե սա միջազգային իրավունքի ոտնահարում է, դրվածքների կազմաքանդում, հիմա ԱՄՆ-ի օրինակով Պեկինն ու Մոսկվան էլ ձեռքներին ազատություն կտան, թայվանցի գործիչներից մեկը հիշարժան պատասխան էլ տվել՝ ի սեր Աստծո, հանգստացեք, ո՛չ Թայվանն է Վենեսուելա, ո՛չ էլ Չինաստանն է ԱՄՆ, որ կարողանա այդ կարգի գործողություն իրականացնել։ Իսկապես... պատահակա՞ն է, որ խոսքերով միջազգային իրավունքի «անխոնջ» պաշտպան Վլադիմիր Պուտինն իր դաշնակից Վենեսուելայի նախագահի առեւանգումից հետո բառ չասաց, նույնիսկ օրեր անց լուռ էր։ Որպես հատուկ ծառայություների նախկին սպա՝ երեւի պրոֆեսիոնալի աչքով էր նայել կատարվածին եւ ուշքի չէր գալիս նրանից, թե պատրաստվածության ու համակարգման ինչ մակարդակ է հասու ամերիկյան զինուժին եւ հատուկ ծառայություններին։ Չհաշված՝ այլեւս կողմնակի էֆեկտը, երբ ամերիկացիները ցույց տվեցին, որ ռեժիմ գլխատելով կարող են համակարգի հետ գործակցել՝ ժամանակի մեջ ձգտելով դրա աստիճանական ապամոնտաժման։ Առաջին դեմքին վերացնելու եւ շրջապատի հետ գործակցելու նման տակտիկան կարող է խարդավանքները սրել ռեժիմների պարագլուխների շուրջ՝ լինեն նրանք այաթոլլաներ, խունտաներ, թե Կրեմլում գտնվողներ։

Մի խոսքով, աշխարհում ինչ խառնաշփոթ կար, Թրամփը մի քիչ ավելի խառնեց։ Վերջում էլ նեղացած նրանից, որ իրեն Խաղաղության նոբելյան մրցանակ չտվեցին (չնայած Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի կարգի «մեծություններն» էին առաջադրել), Թրամփը որոշեց, որ այդ բարոյական հարվածը միայն Գրենլանդիայի ձեռքբերմամբ կարող է չեզոքացվել, եւ անցավ Գրենլանդիան բռնակցելու թեմատիկայով դատարակախոսելուն։ Եվրոպայից հայտարարեցին, որ դա կնշանակի ՆԱՏՕ-ի կազմաքանդում եւ ռազմական բախում։ Այդտեղ Թրամփը բարվոք համարեց երգը փոխել, թե ինքը ռազմական գործողություններ չի դիտարկում Գրենլանդիայի բռնակցման համար, այլ՝ տնտեսական պատժամիջոցներ, փետրվարի 1-ից սահմանում է 10% մաքսատուրք Եվրոպայի այն երկրների դեմ, որոնք աջակցում են Դանիային եւ Գրենլանդիային, հուլիսի 1-ից մաքսատուրքը կդառնա 25%: Եվրոպայից հակընդդեմ պատասխանեցին, որ իրենք էլ առհասարակ եվրոպական շուկան կփակեն ամերիկյան որոշ ապրանքների եւ ծառայությունների համար... Ասել է թե՝ պետք է պատրաստ լինել ամիսներ ձգվող միջմայրցամաքային լեզվակռիվների, որոնց վերջակետը, հավանաբար, կդրվի աշնանը, ԱՄՆ կոնգրեսի եւ սենատի mid-term ընտրություններում։ 

Եթե հիմա ԱՄՆ Սենատում էլ, Ներկայացուցիչների պալատում էլ հանրապետականները 3-5 ձայնի առավելությամբ մի կերպ մեծամասնություն են պահպանում, ընտրություններից հետո պարզ է, որ Թրամփից վրեժ լուծող ամերիկացիները հանրապետականներին կդարձնեն կատարյալ փոքրամասնություն, այնուհետ կոնգրեսականները հստակ կսահմանափակեն ԱՄՆ նախագահի լիազորությունները՝ Գրենլանդիայի ուղղությամբ որեւէ ինքնագլուխ քայլեր կատարելու։ Հավանաբար, դրանով էլ ոչնչից բարձրացած մեծ աղմուկը կավարտվի։ Այլընտրանքը, եթե Թրամփը գնի Գրենլանդիան (ինչպես հայտարարում է, թե ցանկանում է եւ պատրաստ է անել), Դանիային եւ Գրենլանդիային վճարելով 700 միլիարդ դոլար, ամերիկացիներն այդպիսի միջոցների վատնման համար Թրամփին ողջ-ողջ այն աշխարհ կուղարկեն։ 

Ամփոփելով Թրամփի մեկամյա պաշտոնավարման արդյունքերը՝ կարելի է ասել, որ 2025-ը Թրամփի կողմից միջազգային դրվածքները եւ հաստատություններն անտեսելու ու ԱՄՆ հեգեմոնիան գետնի վրա հաստատել-տարածելու շրջան էր։ Անշուշտ, դրանում կա ե՛ւ դրական կողմ, ե՛ւ բացասական։ Կարեւորը՝ որ հայության եւ Հայաստանի համար Թրամփի պաշտոնավարման առաջին տարին հրաշալի էր։ 

Նախ, 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված “MEMORANDUM OF UNDERSTANDING between the Government of the United States of America and the Government of the Republic of Armenia regarding the Crossroads of Peace Capacity Building Partnership” հուշագրով, ի լուր աշխարհի եւ հատկապես Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ն հայտարարեց, որ հաստատում է իր ներկայությունը Հայսատանում, բոլոր մյուսները հեռու մնան Հայաստանից։ Կես տարի անց՝ 2026-ի հունվարին, մեկ այլ փաստաթղթում, որ ստորագրված ԱՄՆ-ի եւ Հայաստանի ԱԳ նախարարների միջեւ, վերնագրված էր՝ The TRIPP Implementation Framework (TIF) եւ կոչված էր առարկայացնելու նախորդ հուշագրի դրույթները, Ադրբեջանի թեման գործնականում փակվեց։ «Ադրբեջան» բառը TIF-ում ֆիզիկապես միայն մեկ անգամ է հիշատակվում` “Further institutionalization of peace between Armenia and Azerbaijan” բառակապակցությունում: Դրանից այն կողմ Ադրբեջանը ո՛չ հիշատակվում է, ո՛չ գոյություն ունի ԱՄՆ ծրագրերում։

Պետքարտուղար Ռուբիոն TIF-ի ստորագրումից առաջ իր ողջույնի խոսքում նույնպես Ադրբեջանին չհիշեց։ «Ադրբեջան» անունը հոլովվել էր TIF-ի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի գրասենյակի տարածած լուրի տեքստում, որն արդեն սպառիչ խոսում է Աղդրբեջանի արժեքի, տեղի ու դերի մասին ԱՄՆ ծրագրերում։ (Թեմայից փոքր-ինչ շեղվելով․ Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարներին 60 այլ երկրների թվում, Թրամփի կողմից ձեւավորվող Board of Peace-ին հիմնադիր մասնակցի կարգավիճակով հրավիրելը, Ադրբեջանին անտեսելը, նույն միտումի դրսեւորում էր)։ 

2026-ի հունվարին Վաշինգտոնում ստորագրելով The TRIPP Implementation Framework-ը (TIF), ԱՄՆ-ն սեւով-սպիտակի վրա, հրապարակավ եւ շատ հստակ ամրագրեց, թե ինչ է պահանջում Թուրքիայից որպես TRIPP ծրագրի իրագործման հիմք եւ գրավական․ “Progress towards Armenia-Turkiye full normalization”, թարգմանաբար՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամբողջական կարգավորում»։ Իսկ դա նշանակում է ոչ միայն պետական սահմանի բացում, այլեւ Միջերկրական ծովից Հայաստան, այն է՝ Կիլիկիա-Հայաստան տրանսպորտային հաղորդակցության հաստատում, որն ԱՄՆ հետաքրքրությունն է եղել 100 տարի առաջ Սեւրի դաշնագրով Հայաստանի մանդատը ստանձնելիս եւ ԱՄՆ հետաքրքրությունն ու առաջնահերթությունն է այսօր՝ այլեւս հրապարակավ արձանագրվող։ 

Այնպես որ, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը երբ հայտարարում է, թե ողջունում է ԱՄՆ-ում ստորագրված TIF փաստաթուղթը, իրականում երեւի թե սրտից արյուն է կաթում։ Եվ իրականությունը գլխիվայր շրջում է դատարկախոսելիս, թե Հայաստանին մի քանի քայլ է մնացել կատարելու։ Հայասատանն իրականում ոչ մի քայլ չունի կատարելու, սեղանին TIF-ն է, եւ դրա իրագործման համար Թուրքիան պետք է քայլեր կատարի, ապահովի Հայաստան-Կիլիկիա ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն ԱՄՆ-ի համար։ Եվ կապահովի։ 

Նկատելով Թրամփի ոչ օրդինար քայլերն ու ճնշում գործադրելու սերը՝ Թուրքիան այժմ, լեզուն կտրած, անելու է այն, ինչ հարյուր տարի առաջ Քեմալ-Լենին տանդեմի ու համագործակցության արդյունքում հաջողվեց չանել։ Հիմա Լենինի նմանակ չկա, որ Էրդողանին փրկի․ մեկը լինի՝ Պուտինին փրկի։ Նաեւ Պուտինը դժվար էլ ուզենա հավասարվել կամ օգնել Էրդողանին, ավելի շահավետ պետք է լինի Հայաստանը՝ ԱՄՆ ազդեցության գոտի, Ադրբեջանը՝ ՌԴ տարածքային միավոր հեռանկարը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image